Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսելյով. մասնավո՞ր, թե՞ պաշտոնական կարծիք

Հունիս 18,2014 14:44

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրերի ղեկավար Հայկակ Արշամյանը:

Արամ Աբրահամյան.- Ինչո՞վ է պայմանավորված, որ ռուսաստանցի լրագրողի այցն այսքան մեծ ուշադրության արժանացավ:

Լեւոն Մարտիրոսյան.– Ես կարծում եմ, որ ռուսաստանցի լրագրողի մեջ չէ խնդիրը, այլ իսկապես մեր մեջ է: Վստահ եմ, որ մեր որեւէ լրագրողի հանդեպ այդքան ուշադրություն չի լինի Ռուսաստանում, թեեւ մեր լրագրողները ոչնչով պակաս չեն ոչ Կիսելյովից, ոչ միջազգային այլ լրագրողներից: Այստեղ տարբեր խնդիրների համակցություն է, ես կասեի՝ սկսած մտահոգությունից հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված որոշ խնդիրներում, վերջացրած տարրական գավառամտությամբ, այսինքն՝ մեծ երկրից, ավագ եղբոր կողմից մեկը եկել է, ինչ-որ բան է ասել, մեզ վրդովեցրել է, եւ մենք ցույց ենք տալիս մեր կարեւորությունը: Կարծում եմ՝ այն, ինչ որ հնչեցվել է Կիսելյովի կողմից, քննարկման ենթակա է, եւ դա ոչ միայն Կիսելյովը, այլեւ մեր ռուս ընկերները, բարեկամները բազմիցս հնչեցրել են՝ հասկանալով խնդիրը Հայաստանում ռուսաց լեզվի հետ կապված, հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված: Բայց ամեն դեպքում՝ խոսքը մեր բարեկամ երկրի ներկայացուցիչների մասին է, որոնք երկար ժամանակ ապրել են մեզ հետ միեւնույն երկրում, շփվել են մեզ հետ ռուսաց լեզվով եւ որոշակի մտահոգություններ ունեն այդ կապակցությամբ:

Հայկակ Արշամյան.– Ես հակառակ կողմից կգնամ: Եթե նմանատիպ հարցադրումներ դուք բարձրացնեիք Ռուսաստանում, բնականաբար, ռուսաստանցի լրագրողները եւ անհատ մարդիկ կխոսեին դրա մասին, հարցը այստեղ Կիսելյովի պահվածքն է: Ես կապում եմ այս ամեն ինչը մի քիչ ավելի վաղ ընկած գործընթացների հետ՝ խոսքը սեպտեմբերի 3-ի մասին է, Սերժ Սարգսյանի հայտարարության՝ Մաքսային միությանը միանալու, կապված է նաեւ վերջերս Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վոլինկինի հայտարարությունների հետ: Այժմ արդեն, այսպես ասած, «ճ կլասի» մեկն է գալիս Հայաստան եւ հոխորտում է ԱԺ-ում, պատգամավորների հետ խոսելիս պահանջում է, որ ռուսաց լեզուն պետք է դրվի ավելի լավ հիմքերի վրա եւ, միգուցե, որպես երկրորդ լեզու ընդունվի Հայաստանում, ինչը մեր Սահմանադրության խախտում է: Ինձ համար կապ չունի՝ դա արել է Ռուսաստանի՞ որեւէ լրագրող, թե՞ ցանկացած երկրից, ասենք՝ Կորեայից կամ Միացյալ Նահանգներից եկած որեւէ մեկը, որը փորձում է խախտել իմ երկրի Սահմանադրությունը եւ ինձ պարտադրել որոշակի քայլեր անել:

Ա. Ա.– Կիսելյովն իսկապե՞ս հոխորտում է: Ես տարբեր բաներ եմ լսել, որովհետեւ պատգամավորները եւ մյուս ներկաները ասում են, որ չէր հոխորտում, բայց վիդեոները ցույց են տալիս, որ նա, համենայնդեպս, բավականաչափ հարգալից չէր:

Լ. Մ.- Ես ներկա չեմ եղել, թեեւ այդ ակումբի անդամ եմ, ի դեպ՝ նմանատիպ ակումբ շուտով բացվելու է հենց Դումայում, եւ մեր լրագրողները կարող են այդտեղ մասնակցել: Վստահ չեմ՝ մեր լրագրողների կողմից արված որեւէ արտահայտություն այդքան բուռն քննարկման առարկա կդառնա, որովհետեւ իսկապես սա, եթե չասեմ՝ մասնավոր, ապա ոչ պաշտոնական կարծիք է:

Ա. Ա.- Այդ ոչ պաշտոնական մարդուն՝ Կիսելյովին, ինչո՞ւ էր ԱԺ փոխնախագահը դիմավորում, ճանապարհում եւ այլն:

Լ. Մ.- Ոչ մի վատ բան այդտեղ ես չեմ տեսնում: ԱԺ փոխնախագահը այդ ակումբի անդամ է եւ այդ կարգավիճակով է ընդունել, նույն ԱԺ փոխնախագահը մեր հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, մյուս կողմից համանախագահը Նիկոլայ Իվանիչ Լուժկովն է, որը ՀՀ ազգային հերոս է, շատ հայտնի մարդ եւ չի զլանում մեզ դիմավորել, ճանապարհել եւ այլն, այդ թվում՝ նաեւ մեր լրագրողներին, այնպես որ՝ կարգավիճակների խնդիր չէ: Ըստ իս՝ խնդիրը հետեւյալն է. այն, ինչ հնչեցրել է Դմիտրի Կիսելյովը, դա Ռուսաստանում գերիշխո՞ղ կարծիք է, թե՞ ոչ: Վստահ եմ, որ՝ այո, որովհետեւ նույնատիպ մտքեր են արտահայտել բազմաթիվ մեր ընկերներ, ռուսաստանցի գործընկերներ, մարդիկ, որոնց չի կարելի կասկածել հայատյացության մեջ, մարդիկ, որոնք մեր պետական պարգեւներին են արժանացել հենց հայ-ռուսական բարեկամության ամրապնդման համար:
Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30