Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական խորհրդարանական ակումբը ազատ հարթակ է

Հունիս 18,2014 14:55
hermin nagdalyan

ՄԻ քանի օր առաջ ԱԺ հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբում հյուրընկալվել էր «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Նրա այցը բուռն քննարկման տեղիք տվեց՝ պայմանավորված այն հայտարարություններով, որ Կիսելյովը հնչեցրել է խորհրդարանում: Հանդիպման մանրամասների շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

– Տիկին Նաղդալյան, ինչո՞վ եք բացատրում աղմուկը Դ. Կիսելյովի այցի եւ հայտարարությունների նկատմամբ:

– Մեր երկրի քաղաքական դաշտի կյանքն իմացողների համար այնքան պարզորոշ եւ տեսանելի է, թե ում խոսքն ինչով է պայմանավորված եւ ով ինչ խնդիր ունի լուծելու: Այս աղմուկի մեջ միախառնվեցին բազմաթիվ հոսանքներ՝ հակառուսականները ռուս որեւէ ներկայացուցչի «տեղը դնելու» ցանկությամբ՝ խոշորացույցի տակ դիտարկելով բոլոր մանրամասները, անգամ տեսեք՝ ռուս գործիչը ոչ ռուսական մակնիշի մեքենայով է շրջել: Եվրոպամետները տերերին իրենց ծառայությունները ներկայացնելու խնդիր ունեին, թե տեսեք՝ ինչ ինքնամոռաց ենք պառկել ռելսերի վրա՝ ռուսական շոգեքարշի ընթացքը կասեցնելու համար: Հաջորդը՝ «իշխանությունն ինչ էլ անի, անպայման վատ է» սկզբունքը որդեգրածներն էին, անգամ եթե այլ ասելիք չկա, «ինչո՞ւ էր քրտինքը սրբում անձեռոցիկով» դարակազմիկ դիտարկմամբ: Այս բոլորին հավելեք չկայացած գործիչների ամբիցիաները, գործընթացներից դուրս մնացածների դժգոհությունը, պաշտոնները կորցրած եւ տողատակում իրենց հետ համեմատականները մատուցելու ցանկություն ունեցողները: Ահա եւ «աղմուկի» պատճառները: Իհարկե, հարգում եւ ընդունում եմ այն մարդկանց խոսքը, որոնք ղեկավարվում էին իրապես Հայաստանի պետականության, ազգային արժեքների, հայերենի նկատմամբ մտահոգությամբ: Այդ մտահոգությունների զգալի մասը հնչեց քննարկման ժամանակ, վստահ եմ՝ ավելին կհնչեր, եթե այդ մարդիկ եւս ներկա լինեին:

– Սակայն խնդրո առարկա հանդիպմանը ընդդիմադիր գործիչները ներկա չէին: Կա՞ր խտրական մոտեցում:

– Բոլորովին: Ընդդիմադիրներից ներկայացուցիչներ հրավիրված էին: Առհասարակ, ծավալուն կազմով էր նախատեսված հանդիպումը: Ներկա էին շուրջ 60 հոգի՝ խորհրդարանականներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, ընդ որում՝ վերջին երկուսը մեծ ներկայացվածություն ունեին, քանի որ օրակարգային թեման ՀԿ-ներին եւ տեղեկատվական դաշտին էր առնչվում, եւ այնպես չէր, որ նրանց ողջ կազմը իշխանական էր, ավելին՝ նրանց մեջ ոչ իշխանականներն ու անկախները գերակշռում էին: Այսինքն՝ մեր որոշ գործընկերների պնդումները, թե իրենք այնտեղ լինեին, կհակազդեին, այնքան էլ տեղին չէ. հակադարձողներ շատ կային: Այլ խնդիր է, որ իրենք անպայման ուզում էին, որ իրենց ես-ը ներկայացված լիներ: Ուրեմն՝ գայիք, խոսեիք: Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ բոլորը այդ բանավեճին ակտիվ մասնակցել են՝ ե՛ւ հ/կ-ների, ե՛ւ լրատվական դաշտի ներկայացուցիչները, ե՛ւ պատգամավորները: Քննարկումն ընդհանրապես շատ ազատ էր, այսինքն՝ ոչ թե դիրքով պայմանավորված՝ պատգամավորները, հետո լրագրողները կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեն կամ չխոսեն, որեւէ խտրականություն կամ սահմանափակում չի եղել: Ակումբի հարթակը հենց այդ նպատակն ունի, երբ խոսքի հնարավորությունը, կարծիքների բախումը եւ բանավեճը պայմանավորված չեն որեւէ մեկի դիրքով՝ անկախ նրանից՝ նա բանախոսն է, թե բանավեճի մասնակիցը, այլ միայն ասելիքով, մտքի ազատ արտահայտման հնարավորությամբ:

– Սակայն շատերին է տարօրինակ թվացել, որ լրագրողը նույն կարգավիճակով նստել է ԱԺ փոխնախագահի կողքին, ինչո՞ւ է նա արժանացել նման ընդունելության:

– Մի մոռացեք, որ խոսքը պաշտոնական հանդիպման մասին չէ, որտեղ պահպանվում են արարողակարգային բոլոր նրբությունները, այլ ակումբային ազատ քննարկման: Բացի այդ, ես Հայ-ռուսական համագործակցության եւ ԱՊՀ միջխորհրդարանական հանձնաժողովների պատասխանատուն եմ ու պետք է մասնակցեի: Ակումբի ձեւաչափում նորմալ ու բնական է հյուրընկալ եւ հարգալից ու անկաշկանդ վերաբերմունքը: Սա ազատ հարթակ է, եւ այդ տրամաբանությամբ է բացատրվում, որ ռուսական լրատվական դաշտի ներկայացուցիչներից մեկին այդ հարթակում ազատ արտահայտվելու հնարավորություն տրվեց:

– Փաստորեն ազատ հարթակը հնարավորություն տվեց հայերիս անհաճո հայտարարություններ լսելու:

– Եթե որեւէ մեկը մտածում է, որ ամբողջ աշխարհը պետք է խոսի հայերիս ականջին հաճո թեմաներով եւ գործի այդ սկզբունքով, մանկամիտ մտածելակերպ է: Մեր կոլեգաներից մեկը հաճախ կրկնում է, որ աշխարհը Հայաստանի շուրջ չի պտտվում, եւ իրականում էլ այդպես է: Մենք պետք է կարողանանք գլոբալ ռազմավարական եւ մարտավարական պայքարի ժամանակաշրջանում «պոստում» լինել՝ ձեռքներս զարկերակին, եւ հասկանալ աշխարհի որեւէ երկրում, անկախ նրանից՝ ռազմավարական գործընկեր, ուղղակի գործընկեր են, թե հակառակորդ, ինչ շահեր, հավակնություններ, փաստարկներ ունեն, մենք ի՞նչ հավակնություններ ու հակափաստարկներ կարող ենք ներկայացնել, ինչպե՞ս առավելագույնս պաշտպանենք մեր շահերը: Ես սխալ եմ համարում «անհաճո» քննարկումներից խուսափելը կամ կանխելը. եթե խնդիրը կա, պետք է լուծումներ գտնել:

– Ինչո՞ւ քննարկման ժամանակ չապահովվեց հայերեն թարգմանություն:

– Բոլոր նրանց համար, ովքեր իրենց համարում են հայոց լեզվի «ամենա-ամենա-ամենա» պաշտպաններ, ասեմ, որ խորհրդարանում «Լեզվի մասին» օրենքի պահանջները մշտապես կատարվում են, թարգմանչի ներկայությունը հանդիպումներին պարտադիր է թե՛ հայ-ռուսական միջխորհրդարանական նիստերի, թե՛ այլ հանդիպումների ժամանակ, եւ այդ հանդիպման սկզբում եւս այդ մասին հայտարարել եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանում է իրեն ազգային արժեքների ջատագով հորջորջել՝ ընդամենը թարգմանչի ներկայությունն ապահովելու մակարդակում, ասեմ՝ ե՛ւ նախորդ, ե՛ւ այս, ե՛ւ հաջորդ նիստերին եղել ու լինելու է, որովհետեւ օրենքն է պահանջում: Ճշտեմ, որ ո՛չ այս հանդիպմանը, ո՛չ էլ նախորդներին թարգմանչի ծառայություններին չեն դիմել, արտահայտվել են՝ ինչպես իրենց հարմար է եղել: Այդ հարթակում շահագրգիռ ու դինամիկ բանավեճեր են ծավալվում, եւ երբ բոլորը միմյանց հասկանում են, թարգմանչին դիմելը դառնում է ժամանակի կորուստ, ուստի ոչ թե լեզվի մասին օրենքն է «չարանենգորեն» խախտվում, այլ ընդամենը մարդիկ հաղորդակցվում են ազատ ու անկաշկանդ: Հայոց լեզուն պետք է պահպանել ոչ թե օրենքի պահանջից ելնելով, այլ սիրելով ու չաղավաղելով:

– Ինչո՞ւ Կիսելյովի ասածներին պատշաճ ձեւով չհակադրվեցիք:

– Անհրաժե՞շտ է թվարկել, թե որ խոսքին ինչ պատասխան եղավ, եւ ով ինչ ասաց:
Այդ կարճատեւ հանդիպման ընթացքում հակադարձվեց թե՛ մեր երկրում եւ հարեւան երկրներում ռուսաց լեզվի իրական վիճակի, թե՛ լեզվի ուսուցման վերաբերյալ մեր օրենքի պահանջների, թե՛ ռազմավարական գործընկերոջ կողմից մեր անկախության պայքարի եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման, թե՛ հարեւաններին զինելու եւ այլ բազմաթիվ թեմաների մասին: Գուցե անհամեստ հնչի, բայց իմ քաղաքական կյանքում բազմիցս մասնակցել եմ բանավեճերի՝ թե միջազգային հարթակներում, թե խորհրդարանական ձեւաչափում, եւ չեմ հիշում, որ հայ ժողովրդին, մեր պայքարին, մեր ինքնությանն ուղղված որեւէ սխալ, անհաճո կամ մեղադրական խոսք անպատասխան թողած լինեմ՝ ոչ այն պատճառով, որ ի պաշտոնե պարտավոր եմ կամ այդքան լավն եմ, այլ՝ իմ խառնվածքն է այդպիսին: Չեմ կարծում, որ կարիք կա այդ մասին ասելու կամ հիշեցնելու հրապարակային գործունեության տասնամյակներից հետո: Թե՛ Եվրոպայի խորհրդում, թե՛ միջազգային այլ կառույցներում, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Ադրբեջանում հարյուրավոր հանդիպումներ են եղել, որտեղ շատ ավելի լուրջ ու ծանր խնդիրներ են քննարկվել՝ պաշտոնական մակարդակով, մեղադրանքներ են ներկայացվել ու հակադարձվել, որ համեմատության եզր իսկ չունեն ակումբի վերջին նիստի հետ:

Ակումբային նիստի եւ պաշտոնական հանդիպման տարբերությունը մոռացվեց: Վստահ եղեք, որ յուրաքանչյուրն իր ձեւով, իր չափով հակադարձել է եւ անպատասխան չի թողել որեւէ փաստարկ ու պահանջ, բայց եւ որեւէ մեկիս նպատակը չի եղել միմյանց վիրավորելը կամ սպառնալը, ազատ բանավեճը եւս դժվար գործ է, որ պահանջում է արագ կողմնորոշում ու նյութի իմացություն, ինչպես նաեւ զսպվածություն: Նաեւ չեմ կարծում, որ Դ. Կիսելյովին պետք էր ազգի թշնամի կամ էլ ազգովի քննարկման թեմա դարձնել: Կիսելյովները գալու ու գնալու են, ասելու են իրենց համար կարեւորը ու լսելու են մեզ համար կարեւորը, որոշումներ ընդունողը բնավ էլ նրանք չեն: Այս մի բաժակ ջրում բարձրացված փոթորիկը վկայում է, որ մենք անվստահ ենք մեր ճշմարտության մեջ ու անպաշտպան ենք թվում ինքներս մեզ՝ առավել կենտրոնանալով ուրիշների կարծիքների վրա, այլ ոչ՝ մերի: Մենք չենք ընտելացել այն իրողությանը, որ ոչ թե ուրիշները, այլ ինքներս մեր շահերը պետք է ներկայացնենք ու տեր լինենք: Ես ոչ մեղադրում եմ, ոչ արդարանում, պարզապես պետք է ճիշտ գնահատել իրավիճակը եւ ճիշտ եզրակացություններ անել:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30