Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է «ծլել» «Իրաքի եւ Լեւանտի պետությունը»

Հունիս 18,2014 12:45

Ցանցերն ընդդեմ պետությունների՞

Երեկ Պարսից ծոցում է հայտնվել «Ջորջ Բուշ» կոչվող ամերիկյան ավիակիրը՝ իրաքյան իրադարձություններին «մոտիկից հետեւելու» համար: Ինչպես հայտնի է, այդ երկրում «Իրաքի եւ Լեւանտի պետություն» սունիական զինված խմբավորումը շարունակում է զարգացնել ռազմական հաջողությունները եւ սպառնում է իր հարվածն ուղղել մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ: Ճակատագրի հեգնանքն այն է, որ, ինչպես հայտնի է, Ջորջ Բուշի (հավանաբար, ավիակիրը կոչվել է ավագի անունով) ընտանիքի բիզնես շահերը մեծապես կապված են Սաուդյան Արաբիայի նավթի հետ, իսկ այդ երկիրը միակն է, որը քիչ թե շատ «թափանցիկ ձեւով» ֆինանսավորում է վերոհիշյալ զինված խմբավորումը:
Հսկայական թափ հավաքած սունի գրոհայինները «պաշտոնական մակարդակով» դուր չեն գալիս ոչ Միացյալ Նահանգներին, ոչ շիա Իրանին: Այդ երկու՝ մնացած շատ հարցերում հակառակորդ երկրները հայտարարում են, որ պատրաստ են օգնել Իրաքի կառավարությանը այդ գրոհայինների դեմ պայքարում, բայց պատրաստ չեն զորք ուղարկել Իրաք եւ խառնվել կոնֆլիկտին: Թուրքիան նույնպես պնդում է, որ այդ զինյալները ահաբեկիչներ են, որովհետեւ պատանդ են վերցրել Մոսուլում գտնվող թուրքական հյուպատոսության աշխատակիցներին: Բայց հիշենք, որ այդ նույն տիպի խմբավորումը հարձակվել էր մեծ մասամբ հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքի վրա՝ ներթափանցելով Սիրիա հենց թուրքական սահմանի կողմից:

Եվ այսպես՝ առաջին տպավորությունն այն է, որ պետությունները պարզապես «ձեւեր են թափում»՝ դատապարտելով «սունի ահաբեկիչներին»: Գուցե այդ պահն էլ կա, բայց խնդիրը, հավանաբար, ավելի խորն է: Մասնագետները պնդում են, որ բացի Սաուդյան Արաբիայից՝ խնդրո առարկա խմբավորումը զինում եւ ֆինանսավորում են եւս առնվազն երկու կարեւոր աղբյուրներ՝ վերջին տարիներին աշխարհում զարգացում գտած իսլամական ցանցը եւ տարբեր, այդ թվում՝ վերոհիշյալ երկրների հատուկ ծառայությունները:

Համաձայն այդ տեսության՝ աշխարհում գոյություն ունեն վերպետական ցանցային կառույցներ, որոնք հաճախ մրցակցության մեջ են մտնում պետությունների եւ դրանց, պայմանականորեն ասած, «ազգային շահերի» հետ: Դրանք գործում են տարբեր մեթոդներով, մի տեղ պարզապես քարոզում են (մասամբ դա այն է, ինչ մենք կենցաղային լեզվով անվանում ենք «աղանդավորական շարժում»), այլ տեղերում՝ զենք մատակարարում եւ կրակում: Հզոր երկրների (օրինակ՝ Միացյալ Նահանգների) պետական հատուկ ծառայությունները, բնականաբար, ներթափանցում են այդ ցանցերի մեջ եւ փորձում են սեփական ցանցերը ստեղծել, երբեմն պատրաստում են Բեն Լադեններ, որոնց ձեռքը հետո, բառիս բուն իմաստով, կրակն են ընկնում: Այդ տեսակետի համաձայն՝ «Իրաքի եւ Լեւանտի իսամական պետությունը» հենց այդպիսի երեւույթ է. պետությունները, անկեղծության այս կամ այն մակարդակով, այդ խմբավորմանը դեմ են: Բայց երբեմն անզոր են այդ ցանցերի առաջ:

Աշխարհում միլիոնավոր հայրենակիցներ ունենալով՝ մենք՝ հայերս, կարող ենք եւ պարտավոր ենք ստեղծել մեր ցանցը, որը գուցե մնացածների նման հզոր չլինի, բայց մեզ համար կարեւոր հարցեր կլուծի: Դա, իհարկե, բարդ եւ մանրակրկիտ աշխատանք է, որը չի կարող սահմանափակվել «Արի տուն»-ի նման միջոցառումների շարքով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն Պարսամյան says:

    Լավ ու ճիշտ գաղափար է՝ունենալ մե՚ր ցանցը,միայն նոր Մոնթեներ են հարկավոր:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30