Լրահոս
Օրվա լրահոսը

Քսան տարի առաջ ՀՀ ստորագրմանը ներկայացված ՄՄ-ի նախագիծը հակասել է ՀՀ պետական, ազգային շահերին

Հունիս 18,2014 14:45
erjanik abgaryan

Ըստ 1992-1997թթ. Մաքսային վարչության ղեկավար Երջանիկ Աբգարյանի`
դեռ 1994-1996թթ. ՀՀ-ն ՄՄ-ի ստեղծման շուրջ բանակցությունների է մասնակցել:

– Մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ընթերցեց Ադրբեջանի նախագահի նամակը, որում նա պահանջում էր ՀՀ անդամակցության պարագայում կիրառել նույն սկզբունքը, որը գործել է մեր երկրի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու ժամանակ, այսինքն՝ ըստ նրա` ՀՀ-ի անդամակցությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց ԼՂ-ի: Պարոն Աբգարյան, ՀՀ-ն հիմքեր ունի՞ հակազդելու այդ «փաստարկներին», Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով ԼՂ հարցը դրվեց այդ գագաթնաժողովում` միայն Ալիեւին հաճոյանալո՞ւ, թե՞ դա նաեւ ՌԴ-ին էր պետք:

– Նախ անդրադառնանք նիստի այդ աղմկահարույց միջադեպին: Ակնհայտ էր, որ նիստում ՀՀ-ն ներկայացնողներն անակնկալի եկան Նազարբաեւի շրջադարձից: Այնինչ մինչ այդ նույն Նազարբաեւը, ինչպես նաեւ Լուկաշենկոն, վերջին ամիսներին արդեն մի քանի անգամ շոշափել էին ղարաբաղյան հարցը ՀՀ-ի ռուսական ՄՄ-ի անդամակցությանն առնչելու խնդիրը: Կարծես թե Աստանայի նիստից առաջ ՀՀ ԱԳՆ-ն եւ ԱԱԾ-ն պետք է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնողից հանձնարարականներ ստանային ղարաբաղյան հարցի հետագա հնարավոր արծարծման մասին տեղեկություններ ձեռք բերելու վերաբերյալ: Կարծես թե Սերժիկ Սարգսյանի շնորհիվ արտաքին հետախուզությունից զուրկ ՀՀ ԱԱԾ-ն պետք է փորձեր այդ հարցում «մեր ռազմավարական դաշնակցի» ԱԴԾ-ից ստանալ համապատասխան տեղեկություններ (այդ ժամանակ դեռ հայտնի չէր, որ Ալիեւը նույնաբովանդակ նամակներ է հղել ԵԱՏՄ անդամ երկրների բոլոր ղեկավարներին ու նաեւ այն, որ հայերի կողմից իրենց երկրի գոյության «երաշխավոր» համարվող Պուտինը լայեղ չէր արել այդ մասին տեղեկացնել իր հայաստանյան լաքեյին), իսկ ԱԳՆ-ն, իր հերթին, ՀՀ դեսպանություններին հատուկ հանձնարարական տար այդ նույն նպատակով: Եվ այլն… Սերժիկ Սարգսյանի նեղսրտված եւ շփոթահար դեմքը ցույց տվեց, որ այդ ուղղությամբ գոնե այս կարգի պարզունակ որեւէ քայլ չի կատարվել: Լավ, սա մի կողմ դնենք: Հայտնի բան է, որ ինչպես կյանքի բոլոր ասպարեզներում, այնպես էլ քաղաքականության ու դիվանագիտության մեջ լինում են անակնկալներ: Իրեն հատկապես քաղաքական գործիչ կամ դիվանագետ համարողը պետք է մշտապես պատրաստ լինի անակնկալի: Դրա համար նա պարտավոր է լինել բազմակողմանի գիտելիքների կրող եւ ամեն կարգի անսպասելի իրադրությանը հոգեբանորեն պատրաստ, խոսքի արժեքն արագ ըմբռնող եւ արագ համարժեք արձագանքման ունակ համարձակ անձ: Ի դեպ, այս վերջին առումով ուզում եմ հատուկ ընդգծել, որ Նազարբաեւը չխորշեց, չերկնչեց եւ չկարկամեց այն բանից, որ տվյալ պարագայում ինքն անուղղակիորեն Ղրիմի հարցով ապտակ է հասցնում նաեւ իրեն «գերտերության» առաջնորդ համարող նենգամիտ Պուտինին: Իսկ ահա «մեր» անօրինակարգ տնայնագործական «նախագահ» Սերժիկ Սարգսյանն ու «արտգործնախարար» Նալբանդյանը ո՛չ միայն դանդաղամիտ ու ծանծաղամիտ են, ոչ միայն վախկոտ են, այլեւ նրանց բոլոր խոսքերի ու գործերի հիմքում բացարձակապես բացակայում են Հայաստանի բոլոր կարգի շահերը: Դեռ ավելի խայտառակը՝ նրանք ղեկավարվում են օտար երկրի իշխանությունների հրահանգներով ու հանձնարարականներով, նրանք ռուսական գաղտնի ծառայությունների գործակալ են:
Իսկ հիմա անցնեմ Ձեր հարցում նշված մեկ այլ սկանդալային արծարծմանը: Եթե ճիշտ է Ալիեւի նամակում հայտնված այն տեղեկությունը, որ ՀՀ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցել է ՀՀ սահմանների մասին նշումով, ինչից, խոստովանեմ, ես անտեղյակ եմ եղել առ Ալիեւի նամակի ընթերցումը, ապա վերջինս Նազարբաեւի միջոցով բացահայտել է քոչարյանասերժիկական վարչախմբի պետական հանցագործության վաղեմություն ունեցող եւս մեկ դրվագ, որը ցավալիորեն եւ տարօրինակորեն համարժեք գնահատականի չարժանացավ հայկական քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից: Որ դա կարող էր լինել Ադրբեջանի նախաձեռնությամբ՝ ակնհայտ է, բայց որ դա քաղաքական պարտավորվածություն էր, որն անհարիր է ԱՀԿ-ի կանոնադրությանը եւ հեշտ հաղթահարելի, ապա Ալիեւի նշածի հակառակն ապացուցող ՀՀ իշխանության պաշտոնական արձագանքի բացակայությունը հաստատում է դրա իրողություն լինելը: Ստամբուլի խարտիայից սկիզբ առած պետական դավաճանությունը չէր կարող շարունակություն չունենալ: Իսկ ընդհանրապես՝ վերը նշվածները եւս ցուցիչն են այն բանի, որ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչների հակազգային գործունեությունը հիմնված է ո՛չ միայն նրանց ծախվածության, այլեւ բացառիկ քաղաքական ապիկարության ու տգիտության վրա: Դա խայտառակում է ո՛չ միայն նրանց, այլեւ ողջ հայ ժողովրդին:

Այժմ մի փոքր նախաբանով անցնենք բուն հարցին: Ալիեւի նամակը կարդալու մասին Նազարբաեւի մտադրությունն իմանալուց անմիջապես հետո հայկական պատվիրակությունը պարտավոր էր ի նշան բողոքի անմիջապես ոտքի կանգնել ու լքել նիստերի դահլիճը: Դա չարվեց: Այդ պարագայում Սերժիկ Սարգսյանը պարտավոր էր գոնե ընդհատել Նազարբաեւի խոսքը՝ նրան հորդորելով ձեռնպահ մնալ ԵԱՏՄ-ի բնույթին խորթ եւ նրա իրավասությունից դուրս գտնվող քաղաքական հարց ու պահանջի արծարծումից: Իսկ դա էլ չանելու պարագայում, ինչպես եղավ, նա որպես հակափաստարկ գոնե կարող էր հայտարարել, որ Հայաստանի համար այդպիսի հարցադրումը անընդունելի է, քանի որ միջազգային ասպարեզում դա ընդունված չէ, եւ աշխարհում քիչ թիվ չեն կազմում այն երկրները, որոնք փոխադարձ այլեւայլ պահանջներ ունեն, բայց նրանց անդամակցությունը միջազգային այլեւայլ կառույցներին չի պայմանավորվում այդ փոխադարձ պահանջների առկայությամբ: Բայց ակնհայտ է, որ վերոհիշյալ քայլերն ու հակափաստարկներն ընդամենը ծառայելու էին Սերժիկ Սարգսյանի երեսը փրկելուն: Իրական հակափաստարկ կարող էր դառնալ Նազարբաեւի այդ ելույթից օգտվելը եւ հայտարարություն կատարելն առ այն, որ Հայաստանը, հրաժարվելով ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումից, ներկայումս նպատակահարմար չի համարում նաեւ միջազգային նման կարգի մի այլ կառույցի անդամակցելը եւ բավարարվելու է բոլոր երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Իր լռությամբ Սերժիկ Սարգսյանն իր կաշվի փրկության դիմաց եւս մի դավաճանական քայլ կատարեց Հայաստանի հանդեպ: Ինչ վերաբերում է այդ նիստում Նազարբաեւի՝ Հայաստանի մասով առաջարկին, ապա կարծում եմ, որ դա որեւէ մեկին «հաճոյանալու» մտադրության հետ առնչություն չուներ եւ թյուրքական երկրների ղեկավարների կողմից շատ կոնկրետ ու գործնական նպատակ հետապնդող քայլ էր: Դա այն էր, որ՝ ա) ԵԱՏՄ-ի հետ կապակցված՝ այս դեպքում եւս Հայաստանի կողմից պաշտոնապես հնչեցվի ու արձանագրվի այն, որ Հայաստանն իրեն սահմանազատում է Արցախից, բ) ԵԱՏՄ-ում փաստաթղթավորված գործնական հիմք ստեղծվի Արցախը Հայաստանից հիմնովին մեկուսացնելու համար, գ) ՀՀ-ի եւ Արցախի սահմանի վրա ռուսներ հայտնվեն՝ թեկուզ առժամանակ հսկիչ-մաքսավորի տեսքով: Նախորդ սեպտեմբերի 3-ից խաղալիքի նման մեջքից լարված Սերժիկ Սարգսյանը ընդամենը երկու օր անց իրականացրեց Ալիեւի պահանջը՝ ՀՀԿ-ական շփոթահար երիտասարդների հավաքում եւս մեկ անգամ հնչեցնելով, որ Արցախը Հայաստան չէ:

– Դուք 1992-1997թթ. ղեկավարել եք Մաքսային վարչությունը: Հայտնի է, որ դեռ 90-ականներին ի հայտ է եկել Մաքսային միության անդամակցության գաղափարը, եւ դուք այն ժամանակվա իշխանության այն եզակի ներկայացուցիչներից եք եղել, որը հրապարակավ դեմ է արտահայտվել այդ գաղափարին: Կարո՞ղ ենք եզրակացնել, որ ՌԴ-ն նախ՝ վաղուց է ձգտել Մաքսային միության ստեղծման, եւ հետաքրքիր է նաեւ իմանալ` այդ շրջանում ՀՀ իշխանություններն ինչպե՞ս ընդունեցին Մաքսային միության ստեղծման գաղափարը, քննարկումներ, գուցե բանակցություններ ռուսական կողմի հետ ընթացե՞լ են, ՀՀ իշխանությունների՞ն է հաջողվել այդ հարցը շրջանցել, թե՞ ռուսները հետեւողական չեն եղել:

– ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ռուսական իրականության մեջ սկսեց նոր ծիլ տալ այսօր «հողահավաք» հռչակված նոր կայսրության ստեղծման գաղափարաբանությունը: Այդպես, նույնիսկ նավթի ցածր գնի պայմաններում սոված ու անլվա Ռուսաստանում իրենց ներքին բազմաբնույթ հարցերը թողած՝ սկսեցին մտածել նախկին «բարեկամներին» եւ ներկա հարեւաններին նորից կուլ տալու մասին (հիշենք Չեռնոմիրդինի հայտնի ասույթներից մեկը. «Քանի դեռ ես կամ՝ որեւէ սահմանասյուն չեմ դնի որեւէ սահմանաեզրի վրա»): Դրա նախնական արտահայտություններից մեկն էլ ԽՍՀՄ-ի անվտանգ փլուզման համար ստեղծված ԱՊՀ կազմակերպության շրջանակում Մաքսային միության ստեղծման առաջին քայլն էր:

1994-1996թթ. Հայաստանն այդ ՄՄ-ի ստեղծման վերաբերյալ վարվող բանակցություններին մասնակցել է տարբեր մակարդակներով՝ սկսած ՀՀ համապատասխան նախարարությունների եւ Մաքսային վարչության մասնագիտական խմբերից մինչեւ վարչապետը, իսկ ԱՊՀ գագաթնաժողովներում` նաեւ նախագահը: Նախապես ասեմ, որ արդեն 1994-ի դեկտեմբերին ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների ստորագրմանը ներկայացված ՄՄ-ի նախագիծն այդ բնագավառում սկզբունքային բարեփոխումներ իրականացրած եւ իրականացնել շարունակող Հայաստանի համար ո՛չ միայն արդեն երեկվա օր էր, այլեւ բացահայտորեն հակասում էր մեր երկրի պետական ու ազգային հիմնարար շահերին: Ռուսական ներկա ՄՄ-ի վերաբերյալ առկա նյութերը հուշում են, որ միայն մեկ կարեւորագույն փոփոխություն կա նախկին եւ ներկա ռուսական ՄՄ-ների միջեւ: Դա միասնական մաքսային սակագնի կիրառման գործում առանձին ապրանքախմբերի եւ ապրանքատեսակների արտահանման եւ ներմուծման գործում առանձին անդամ երկրների համար նախատեսված արտոնյալ բնույթի տարբերություններն են, ինչն իր նախադեպը չունի աշխարհում եւ կոպտորեն հակասում է որեւէ ՄՄ-ի ստեղծման հիմնարար սկզբունքներին՝ միասնական մաքսային տարածք, միասնական մաքսասակագնային համակարգ եւ միասնական մաքսային արարողակարգ:

Վերադառնանք անցյալին: Ռուսները լավ էլ հետեւողականություն էին դրսեւորում իրենց ՄՄ-ից հրաժարվող բոլոր երկրներին դրա մեջ ներքաշելու ակտիվ փորձերում, որոնք ձգվեցին մինչեւ 1997 թիվը, երբ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ ՌԴ-ում սկսեցին հասունանալ «նոր» քաղաքական իրողություններ, եւ այն ժամանակ ստեղծված ՄՄ-ն առժամանակ մղվեց հետին պլան: Ինչեւէ, ասեմ, որ ես միշտ բացահայտորեն դեմ եմ եղել Ռուսաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերին: Համարում եմ, որ զուտ քաղաքական առումով ճիշտ գործելակերպ էր ՀՀ-ի կողմից ռուսական ՄՄ-ի մերժումը հրապարակայնորեն հնչեցնելը երկրի մաքսային ծառայության ղեկավարի, քան պետության բարձրագույն ղեկավարության որեւէ ներկայացուցչի կողմից:

– Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը: ՀՀ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, թե ԼՂ-ի ու Հայաստանի միջեւ անցակետ չի կարող տեղակայվել: Պոստ ֆակտում Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում երիտասարդ հանրապետականների հետ հանդիպմանը նշեց, թե` «Նազարբաեւի հնչեցրածն, իհարկե, տհաճ էր, սակայն որեւէ վնաս մեզ չի կարող տալ»: Այժմ էլ Ղազախստանի նախագահը հայտարարել է, թե Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ: Պարոն Աբգարյան, Եվրասիական միությունում Հայաստանի եւ ԼՂ-ի շահերի համար հետագայում նոր վտանգներ տեսնո՞ւմ եք, եւ, առհասարակ, Հայաստանի շահն այս կառույցում ո՞րն է:

– «Դրսում կատու, իսկ ներսում՝ վագր» Սերժիկ Սարգսյանի հոխորտանքներին չհավատաք: Ընդհանրապես Հայաստանը բացարձակ որեւէ շահ չունի ԵԱՏՄ-ին միանալու գործում: Ընդհակառակը՝ դա մեր երկիրը կկանգնեցնի քաղաքական եւ տնտեսական բնույթի ռազմավարական լուրջ վտանգների եւ կորուստների առջեւ: Ես դույզն-իսկ կասկած չունեմ, որ այդ պարագայում Հայաստանն ի վերջո նորից կանգնելու է իր գոյության խնդրի առջեւ: Սա տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ ռազմական առումներով շատ լուրջ եւ ճակատագրական հարց է:

– ՌԴ Պետդումայի ղեկավար Սերգեյ Նարիշկինը օրեր առաջ նշեց, որ ՌԴ-ն շահագրգռված է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության ընդլայնմամբ եւ խորացմամբ, իսկ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը հանդիսանում է ՌԴ ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Պարոն Աբգարյան, ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունների, ռազմական ոլորտում լուրջ համագործակցության պայմաններում ՌԴ-ի «ռազմավարական գործընկեր» Հայաստանն իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի:

– Ի՞նչ եք կարծում՝ հայերի համար այդքան դժվա՞ր է տեսնելն այս տարածաշրջանում արդեն ձեւավորված ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսն այն պարագայում, երբ արդեն միանգամայն ակնհայտ են Ադրբեջանում ու Թուրքիայում կուտակված ահռելի քանակի ռուսական շահերը: Իմ կարծիքն այն է, որ ներկա ծայրահեղ վտանգավոր իրադրության մեջ Հայաստանի առաջին քայլը պետք է լինի ձգձգելն ու ձեռնպահ մնալն այդ ճակատագրական քայլը կատարելուց: Հաջորդող քայլերն էլ են ակնհայտ…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30