Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ապրում սահմանամերձ Խարկով գյուղի 78-ամյա միակ բնակչուհին

Հունիս 18,2014 14:36

Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված ու Շիրակի մարզի վարչական սահմաններում գտնվող Խարկով կամ վերջերս անվանափոխված՝ Նոր Շեն գյուղում ողբալի վիճակ է. գյուղի տները քարուքանդ են եղել, եկեղեցին խոնարհվել է, մարդկային ոչ մի շունչ չկա… միակ բնակիչը 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանն է, որի ամուսինը մահացել է երկու տարի առաջ: Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե թուրքերն են այստեղով անցել, սակայն պարզվում է, որ սահմանամերձ Խարկովը դատարկվել է հենց մեր իշխանությունների անտարբերության պատճառով:

Xarkov_2

Սահմանամերձ գյուղը ատամներով պաշտպանելու փոխարեն՝ բոլոր նպաստավոր պայմանները ստեղծել են, որ գյուղն ամայանա, քայքայվի… Բանն այն է, որ գյուղ մտնելու համար պարտավոր ես 10 օրվա ընթացքում թույլտվություն հանել, որպեսզի սահմանապահները չխոչընդոտեն քո մուտքը: Այն, ըստ հայ-ռուսական միջպետական պայմանագրի, հսկում են ռուս սահմանապահները: Ամեն անգամ ժամերով անցակետի մոտ սպասելը, ստուգումներ անցնելը, թույլտվություն ստանալը այնքան են հոգնեցրել բնակիչներին, որ վերջիններս ճարահատյալ լքել են սեփական գյուղը:

Գյուղի միակ բնակիչ Վահանդուխտ Վարդանյանը 52 տարի է՝ բնակվում է այստեղ: Մեզ հետ զրույցում տիկին Վահանդուխտն ասաց, որ երբեք չի լքի այս գյուղը, իսկ դրա համար երկու պատճառ կա` մեկն այն է, որ իր ամուսնու գերեզմանն է այստեղ, մյուսը թուրքական յաթաղանից փրկված սկեսրոջ հորդորն է: Նա, ծնունդով լինելով Մշո Խաս գյուղից, ուխտ է արել` չուրախացնել թշնամուն: «Սկեսուրս ասում էր, որ հաց թխելու ալյուր էլ չունենաք՝ թոնիրը վառեք, թող ծուխ դուրս գա, ու թշնամին տեսնի, որ գյուղում մարդ է ապրում, չուրախանա դատարկվելուց: Հենց սկեսրոջս ուխտի պատճառով էլ ամուսինս երբեք չլքեց այս գյուղը, ես էլ չեմ հեռանա, մեկ է` ուր էլ գնամ, ինձ պիտի բերեն էստեղ թաղեն»,- ասում է տիկին Վահանդուխտը: Նրա պատմելով՝ երբ Հոկտեմբերյանից հարս է եկել այս գյուղ, տեսել է, որ 90 տնտեսություն կա, ապրելու ու արարելու համար իսկական դրախտավայր է: «Շատ մարդաշատ էր, էդ փլված տները, որ տեսաք, դրանք բոլոր բնակեցված էին, ընդ որում՝ այս գյուղի ընտանիքները բազմազավակ էին, ամեն տուն 6-7 երեխա է ունեցել: Գյուղի քայքայվելու պատճառներից մեկն էլ այն է, որ դպրոցը վերջում դարձավ 4-ամյա, ով մնացել էր, վերցրեց իր երեխային ու գնաց: Սա ժամանակի հացառատ գյուղերից է, առատ բերք են ստացել, պատմում են, որ առաջ այս գյուղը յայլա է եղել, խոտառատ տեղ է եղել, բերել անասուններին են պահել»,- ասում է տատիկը: Նա 5 երեխաներ ունի` 2 տղա եւ 3 դուստր, երկու տղաները զինվորական են, զինվորական է նաեւ մեծ դուստրը, որը տեղափոխվել է Կալինինգրադ: Ըստ տատիկի՝ գյուղը ոչ թե միանգամից, այլ հետզհետե է դատարկվել, ինքը հարեւաններից զրկվել է մի քանի տարի առաջ. գյուղը լքած նախավերջին ընտանիքը պատրաստվում էր դասի տանել թոռնիկին, այդ պատճառով էլ հեռացել է:

Տիկին Վահանդուխտը չի նեղվում ապրելակերպից. մեղուներ է պահում, անասուններ, խոզեր, այծեր. մի վայրկյան ժամանակ անգամ չունի շունչ քաշելու: Ուղղակի մարդու կարոտ է, նեղվում է, որ մի շնչավոր արարած չկա՝ հետը լեզու թրջի, մի հարեւան անգամ չունի, որ իրեն գյուղատնտեսական գործերից մի վայրկյանով կտրի:
Նշենք, որ սա Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի պապական գյուղն է, նրա պապը` Տեր Թադեւոսը, եղել է այս գյուղի քահանան: Գեներալը ոչինչ չխնայեց Շուշին ազատագրելու համար, մեր իշխանություններն էլ ոչինչ չխնայեցին նրա պապական գյուղը իսպառ քանդելու, ամայացնելու ու միայն հանգուցյալներին այստեղ թողնելու համար…

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Гарегин Туманян says:

    С семьей Варданян меня связывает очень теплые и приятные воспоминания. По волею судьбы я единственный начальник Харковской пограничной заставы за всю её 80-летнюю историю. Служил я там с 1995 по 2000г.г.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30