Լրահոս
Օրվա լրահոսը

Գենդերային ֆուտբոլ

Հունիս 18,2014 14:18

Երբ այս ամսվա 13-րդ օրը համընկավ ուրբաթի հետ, շատերն անմիջապես հասկացան, որ 13-ը նաեւ, կներեք Հայաստանում չսիրված բառի համար՝ գենդերային թիվ է: Այդ օրը Բրազիլիա-Խորվաթիա խաղով ողջ աշխարհում սկսվեց տղամարդկանց եւ կանանց հակամարտությունը:

Խոսքն, իհարկե, այն կանանց մասին չէ, որոնք այնքան կրքոտ են գոռում կեսգիշերային ֆուտբոլային հեռուստառեպորտաժների ժամանակ, որ հարեւանները ժպտում են՝ «Էլի սրանք սեքսով են զբաղվում»:

Խոսքն այն կանանց մասին է, որոնք անկապ հարցեր են տալիս: Վերջերս իմացա, որ Անգլիայում, օրինակ, այս օրերին ամենատարածված անկապ հարցը սա է՝ «Դեյվիդ Բեքհեմը դեռ գոլ չի՞ խփել»: Ասում են, մեզ մոտ էլ՝ երեւանյան ընտանիքներում, Գերմանիա-Հայաստան վերջին ընկերական հանդիպման ժամանակ կանայք հարցնում էին իրենց ամուսիններին՝ «Բա Հենրիկ Մխիթարյանը ո՞ւմ կողմից է խաղում»: Դեռ լավ է, եթե դուք ամուսնու հետ մենակ եք սենյակում, բա պատկերացնո՞ւմ եք, եթե նման հարց հնչեցնեք ձեր ամուսնու ընկերների ներկայությամբ կամ մոտակա սրճարանում, որտեղ հավաքվել են թաղի տղաները…

Ընդհանրապես առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները բոլոր կանանց խորհուրդ են տալիս առաջիկա օրերին, երբ շարունակվում է աշխարհի առաջնությունը, հնարավորինս զգույշ լինել՝ հիշեցնելով, թե ինչ տեղի ունեցավ Հարավային Աֆրիկայում ֆուտբոլի նախորդ առաջնության ժամանակ: Աֆրիկացի կինը մի քանի անգամ փորձել էր ամուսնուն պոկել հեռուստացույցից եւ, վերջապես՝ այլ ելք չգտնելով, պարզապես կանգնել էր հեռուստաէկրանի առջեւ: Չգիտեմ, եթե դա լիներ, ասենք, «Ուլիս»-«Ցեմենտ» հանդիպման ժամանակ, ամուսինը միգուցե կբավարարվեր ընդամենը բռունցքով սեղանը ջարդելով, բայց ախր այդ պահին Իսպանիան եզրափակիչ խաղում ուր որ է վճռորոշ գոլն էր խփելու հոլանդացիների դարպասին: Դուք ի՞նչ կանեիք: Աֆրիկացին առանց զայրույթի որեւէ նշան ցուցաբերելու՝ պարզապես շատ քնքշորեն գրկել էր կնոջը, տարել պատշգամբ եւ դուրս նետել այնտեղից: Միանգամից ասեմ, որ նրանք, փառք Աստծո, առաջին հարկում էին ապրում: Միանգամայն իրական այս պատմության վրա հատուկ հրավիրում եմ այն երեւանցի կանանց ուշադրությունը, որոնք բնակվում են 16-րդ թաղամասի բարձրահարկ շենքերում:

Ֆուտբոլի նկատմամբ անտարբեր փափկասուն տիկնա՛յք հայոց աշխարհի, ի սեր Աստծո, ընդհանրապես պահապնե՛ք անվտանգության կանոններն առաջիկա շաբաթների ընթացքում: Էլ չեմ ասում, որ քառորդ եզրափակիչի ժամանակ ընտանեկան կյանքի համար խստիվ հակացուցված է ասել՝ «Բա սերիալը չե՞նք նայում», իսկ կիսաեզրափակիչ խաղի ընթացքում երբեք չի կարելի արտասանել «Աղբը չե՞ս տանի, թափի» պայթյունավտանգ արտահայտությունը:

Շատ ավելի նուրբ պահեր կան: Օրինակ, եթե ձեզ թվում է, թե անմեղ հարց եք տալիս՝ «Բա մերոնք չե՞ն խաղում», իմացեք, որ դրանով դուք տղամարդու մոտ արթնացնում եք տհաճ հիշողություններ՝ կապված հեռավոր մի երկրի՝ Մալթայի, կամ շատ ավելի վատ՝ մերոնց հետ Իռլանդիայի չարաբաստիկ խաղը դատող, կներեք արտահայտությանս համար՝ … … մրցավարի հետ:

Հաշվի առեք, որ տղամարդն այս օրերին շատ դյուրագրգիռ է դառնում, որովհետեւ ստիպված է գիշերները չքնել ու դիտել, օրինակ, Ճապոնիա-Կոտ Դիվուար խաղը: Ու եթե դուք առավոտյան կողմ արթնանաք ու նրբանկատորեն հարցնեք՝ «Սիրելիս, լավ, սա՞ էլ ես նայում», տղամարդու նյարդերը կարող են տեղի տալ: Ախր ինքն էլ չգիտի, թե ինչու է գիշերվա կեսին կամովին նայում մի խաղ, որը կյանքում երբեք չէր նայի՝ նույնիսկ եթե շեֆը պարտադրեր նայել, ինչպես պարտադիր կուտակայինի դեպքում: Դա նույնն է, ինչ մարդուն հարցնես՝ դու ինչո՞ւ ես ծխում, կամ՝ ինչո՞ւ ես ընտրությունների ժամանակ անընդհատ քվեարկում այն կուսակցության օգտին, որը հաղթելու բացարձակ ոչ մի շանս չունի:

Չէ՞ որ նույն հաջողությամբ կարելի էր հարցնել, թե ինչու է պատգամավորը եւ կուսակցության առաջնորդը տասնյակ հազարավոր հեռուստադիտողներին իր կյանքի դրվագները պատմում հենց առաջնության ամենագրավիչ ու անկանխատեսելի խաղի ժամանակ, չէ՞ որ նրա կյանքի այդ հետաքրքրական մանրամասները շատ ավելի մեծ ուշադրության կարժանանային գիշերվա 5-ին սկսվող հենց նույն ճապոնացիների եւ կոտդիվուարցիների հանդիպման ընթացքում:

Եվ ինչո՞ւ հենց այդ քաղաքական գործիչը: Չէ՞ որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում այդ խաղի բազմահազար երկրպագուներին բազմաթիվ հետաքրքրական բաներ կարող են պատմել, օրինակ, նախկին եւ ներկա վարչապետները՝ օֆշորային ընկերությունների գրանցման կարգի կամ Արարատյան դաշտավայրում լոլիկի արտադրության եւ ձկնաբուծության առանձնահատկությունների մասին:
Եվ ամենակարեւորը՝ երբեք մի՛ ասեք ձեր ամուսնուն՝ «Համ Կիսելյովին հայհոյում ես, համ էլ ռուսականո՞վ ես ֆուտբոլը նայում»…

Մի խոսքով, սիրելի կանայք, առաջիկա շաբաթների ընթացքում աշխատեք բարդ հարցեր չտալ հեռուստացույցի առջեւ անքուն գիշերներ անցկացնող ձեր բազմաչարչար տղամարդկանց եւ դիմացեք գոնե մինչեւ հուլիսի 13-ը:

Որովհետեւ այդ 13-ը ձեզ համար բախտավոր է լինելու: Գոնե գենդերային տեսակետից: Կներեք արտահայտությանս համար:

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. roocaya says:

    Տեղյակ չէի, որ Առավոտ լրագիրը պրոֆիլափոխվել է «հումորիստական»ի:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30