Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարիինյանի մեներգիչ եմ, միայն թե՝ հրավիրյալ»

Հունիս 18,2014 14:03

Հայաստանցի տենոր Հովհաննես Այվազյանն ազատ «պատուհան» է
փնտրում Երեւանի օպերային թատրոնում հանդես գալու համար

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, տենոր Հովհաննես Այվազյանի դեպքում, վերջին շրջանում «դրսում» պահանջված լինելը կրում է ամենամսյա բնույթ. այն կարծես վեր է ածվել աշխատաոճի: Այս առիթով մեզ հետ զրույցում երգիչը փաստեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում եղել է դեպք, որ տասն օրվա ընթացքում հասցրել է բեմ բարձրանալ Կազանի, Երեւանի, Սանկտ Պետերբուրգի ու այլ օպերային թատրոններում: «Իհարկե, նման ծանրաբեռնվածությունն անկասկած հոգնեցուցիչ է: Խոսքը միայն տարածության մասին չէ: Յուրաքանչյուր թատրոնում տարբեր ներկայացումներ են, տարբեր կերպարներ, այն էլ՝ մեծ ու պատասխանատու դերերգեր: Հաճախ էլ խաղընկեր եմ ունենում այնպիսի համաշխարհային օպերային աստղերի, ինչպիսիք են Աննա Նետրեբկոն, Տատյանա Սերժանը, Ելենա Զելենսկայան… Ամեն անգամ պետք է ապացուցես թե հրավիրողներին, թե տեղի կոլեգաներիդ, նաեւ հանդիսատեսին, որ լավագույնն ես: Էլ չեմ խոսում կլիմայական տարբերությունների մասին, որ անդրադառնում են ձայնի եւ բեմական «մարզավիճակի» վրա»,- ասաց Հովհաննես Այվազյանը: Նա նաեւ հավաստիացրեց, թե վերջին շրջանում իր հյուրախաղային գրաֆիկում ազատ օր է փնտրում, որպեսզի ամեն ամիս բեմ դուրս գա Երեւանի օպերային թատրոնում:

Hovhannes_Ayvazyan-2

Հովհաննես Այվազյանը՝ Մանրիկոյի եւ Աննա Նետրեբկոն՝ Լեոնորայի կերպարներում՝ Մարիինյանի «Տրուբադուրում»:

Երգչի մոտ նման ծանրաբեռնվածություն է սկսվել անցյալ տարվա հունիսից: Ռուսաստանցի նրա իմպրեսարիոն հայ տենորին ներկայացրել է Վալերի Գերգիեւին, որն էլ երգչին ունկնդրելուց հետո, հենց հաջորդ օրը հրավիրել է Մարիինյան թատրոնում համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ կայանալիք համերգին: Իսկ հետո արդեն հայ տենորը կարծես անդամագրվել է Մարիինյան թատրոնի մեներգիչների խմբին. ամիսը մեկ-երկու անգամ մասնակցում է հիշյալ թատրոնի խաղացանկային երկու ներկայացումներին՝ Վերդիի «Տրուբադուր», որտեղ հանդես է գալիս Մանրիկոյի դերերգով եւ Պուչինիի «Տոսկա»՝ Կավարադոսի կերպարով: Հետաքրքրությանը՝ ճի՞շտ է, որ ժամանակին Մարիինյանի «Տրուբադուրի» պրեմիերային ինքն էր ընտրվել ու անգամ «առաջ ընկնել» համաշխարհային մի քանի աստղերից, որոնք հատուկ եկել էին հիշյալ օպերայում Մանրիկոյի դերերգը ներկայացնելու լսումներին, երգիչը պատասխանեց. «Աշխարհից ժամանած հինգ տենորների թվում «Տրուբադուրի» բեմադրիչ ռեժիսորը՝ իտալացի հանրահայտ Պիեռ Լուիջի Պիցին, ինձ ընտրեց եւ անցյալ տարվա դեկտեմբերի 5-ին՝ պրեմիերայի առաջին օրը, բնականաբար, ես հանդես եկա այդ դերերգով»: Հայազգի տենորի համար հերթական «Մանրիկոն» նշանակված է հունիսի 19-ին:

Հովհաննես Այվազյանը հայտնեց նաեւ, որ Մարիինյան թատրոնն իրեն պատվիրել է նաեւ Դոն Կառլոսի (Վերդի՝ «Դոն Կառլոս») եւ Գերմանի (Չայկովսկի՝ «Պիկովայա դամա») դերերգերը: Հարցին, թե կոնկրետ ո՞վ է պատվիրատուն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թատրոնի գեղարվեստական մասը, որի որոշումներն, իհարկե, չեն կարող կայացվել առանց Գերգիեւի գիտության»:

Հովհաննես Այվազյանը հավելեց. «Ձեզ հետաքրքրում է միայն իմ գործունեությունը Մարիինյա՞ն թատրոնում: Մինչ առաջին բեմելս հռչակավոր այդ թատրոնում, հանդես եմ եկել Մոնղոլիայի, Կանադայի, Իտալիայի, ինչպես նաեւ ռուսաստանյան, այդ թվում՝ «Նովայա օպերա» եւ Մեծ թատրոններում»: Հետո էլ ժպտալով ասաց, թե ռուսաստանյան թատրոններում իրեն ճանաչում են որպես Մարիինյան թատրոնի մեներգիչ: Սա այն դեպքում, երբ մեր զրուցակցի հավաստմամբ, ինքը քանիցս հակադարձել է, ասելով. «Այո, Մարիինյանի մեներգիչ եմ, միայն թե՝ հրավիրյալ»:

2008թ.-ից Երեւանի օպերային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը գլխավոր դերերգերով զբաղված է խաղացանկային չորս ներկայացումներում՝ Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Տրավիատա» եւ Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա», իսկ 2006-ից էլ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդ. Թոփչյանի կողմից հրավիրվում է գլխավոր դերերգերով հանդես գալու օպերային նախագծերում, այդ թվում՝ Լեոնկավալո՝ «Պայացներ», Վերդի՝ «Ռիգոլետո», Պուչինի՝ «Չիո Չիո Սան», «Տոսկա», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին», Բաբաեւ՝ «Արծվաբերդ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Հայ տենորը՝ Պիեռ Լուիջի Պիցիի հետ:

 

«Առավոտ» օրաթերթ
17.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30