Մայիսի 30-ի Երեւանի ավագանու նիստի հարց ու պատասխանի ժամանակ, որի սղագրությունն արդեն տեղակայված է Yerevan.am կայքում, քաղաքապետն ասաց. «Երեւան քաղաքում ինչ կատարվում է, մենք ավելի շուտ ենք իմանում, քան Դուք եւ տիկին Բախշյանը։ Ձեր նամակից չէ, որ իմանում ենք»: Այսպես, կարծես նեղսրտած պատասխանեց պարոն Մարգարյանը Դավիթ Սանասարյանի՝ մի կանաչ տարածքի աճուրդով վաճառքի եւ այդ տարածքում շինթույլտվություն տրված լինել- չլինելը պարզելու վերաբերյալ հարցին: Ո՛չ Դավիթը, ո՛չ ես մազաչափ չենք կասկածում, որ Երեւանի քաղաքապետն ի պաշտոնե պարտավոր է տեղեկանալ Երեւանում տեղի ունեցող բոլոր օրինական ու անօրինական մեծ ու փոքր շարժերին, ավելի՛ն, ոչ միայն պարտավոր է իրազեկված լինել, այլեւ շատ կոշտ ու անհանդուրժող տոնով արձագանքել Երեւանում կատարվող յուրաքանչյուր անօրինական երեւույթի մասին, ինչպես, օրինակ, եղավ Հանրապետական հիվանդանոցի մոտակայքում Դավիթի ահազանգած 4 հատված ծառերին: Քաղաքապետի նեղսրտած տոնը կարծես վկայում էր այն մասին, որ ինքն ավելի մտահոգ է Երեւանի խնդիրներով, քան մե՞նք: Իհարկե՝ ոչ, որովհետեւ ինչպես ինքն է ընտրվել երեւանցիների կողմից, այնպես էլ՝ մենք եւ յուրաքանչյուրս ունենք երեւանցիների կողմից պատասխանատվության եւ վստահության մեր չափը: Մեր ասածն էլ հենց այն է, որ չնայած այն բանին, որ ամեն ինչ գիտեք Երեւանի մասին, սակայն դրանից երեւանցիների խնդիրները լուծվում են շատ փոքր մասով եւ անօրինականությունները չեն պակասում: Գիտե՞ք, արդեն չեմ կասկածում, որ քաղաքապետն աշխատասեր է ու գործում է սրտանց:
Սակայն իր նեղսրտած հայտարարությամբ ակամա խոստովանեց, որ Երեւան մայրաքաղաքում, հատկապես շինարարական ոլորտում բոլոր անօրինական գործողություններն էլ իրականացվում են քաղաքապետերի գիտությամբ: Անցած բոլոր քաղաքապետերն էլ մասնակցել են քաղաքապետարանի կողմից տրվող, հողի սեփականատիրոջ անձից կախված, ընտրովի շինարարական ապօրինի թույլտվություններին: Իրազեկ են ինքնակամ շինությունները սեփականատիրոջ անձից կախված խտրական մոտեցմամբ քանդելու կամ օրինականացնելու վերաբերյալ կայացված որոշումներին, որոնք պատճառաբանվում են քաղաքի հողատարածքների գոտիավորման որոշումներով, որոնք հաճախ ընտանեկան ողբերգությունների, բնակիչների ունեզրկման պատճառ են հանդիսացել: Հենց այս մասին երբեք չի խոսում որեւէ քաղաքապետ:
Կարծում եմ՝ քաղաքապետը ոչ թե պետք է սրտնեղի մեր իրազեկված նամակներից ու փաստերից, այլ շնորհակալ պետք է լինի այդ համագործակցության համար, որից շահում է երեւանցին: Անցած մեկ տարում Երեւանում կատարված քանի՞ անօրինական փաստ հիշեցնեմ պարոն քաղաքապետին, որոնք բացահայտվել են միայն մեր բարձրաձայնելուց եւ ընդհուպ մինչեւ իրավապահ մարմինների եւ դատարանի կողմից հաստատվելուց հետո, որից հետո միայն նրա կողմից կայացվել է համապատասխան որոշում: Հիշեցնեմ ընդամենը վերջին երկուսը, Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 9-ի 1998 թվականին կառուցված անօրինական ավտոտնակը քանդելու վերաբերյալ 2014թ. մայիսին քաղաքապետի որոշումը կայացվեց միայն բնակիչների տարիներ շարունակվող բողոքը մեր կողմից բարձրաձայնելուց հետո: Երկրորդը վերաբերում է 01.07.2003թ. Երեւանի քաղաքապետի կայացրած որոշմամբ Էրեբունի վարչական տարածքի Ազատամարտիկների այգու 1000 քմ եւ 900 քմ տարածքները 25 տարով վարձակալությամբ տրվելուն. հաղթող ճանաչված Մադլենա Տեր-Պետրոսյանն ու Լուսինե Պապիկյանը մանկական խաղահրապարակ եւ բացօթյա սրճարան կառուցելու նպատակով՝ պարտավորվել են ներդնել 6-ական միլիոն դրամ, սակայն այդպես էլ այդ խաղահրապարակները չկառուցվեցին: Փակագծերում նշեմ, որ հենց այդ օրվանից Երեւանի քաղաքապետի պաշտոնը ստանձնել է Երվանդ Զախարյանը:
Ազատամարտիկների այգու 1000 քմ վարձակալման, ոչ սեփականաշնորհման, տրված հատվածը վերադարձվեց բնակիչներին այն ժամանակ, երբ նրանց բողոքները մեր կողմից բազմիցս բարձրաձայնվեցին ու քաղաքապետը գտավ այգին բնակիչներին վերադարձնելու խնդրի լուծումը: Այսինքն՝ ստացվեց ցանկալի համագործակցությունը, որի արդյունքում գոհ են տարածքի բնակիչները: Ասելիքս հետեւյալն է՝ Երեւանի ավագանին քաղաքական մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի որոշումների նկատմամբ: Այնտեղ ներկայացված քաղաքական երեք ուժերից ընդդիմադիր է միայն «Ժառանգության» «Բարեւ Երեւան» խմբակցությունը եւ եթե քաղաքական իշխանությունն ու ընդդիմությունը լսում եւ լրացնում են իրար, ապա դրանից շահում է երեւանցին, շահում է պետականությունը, որի ամրապնդման պատասխանատուն թե՛ իշխանությունն է, թե՛ ընդդիմությունը: Այնպես որ, խնդրում եմ մեր նամակների բովանդակությունից ոչ թե սրտնեղեք, այլ այնպես արեք, որ երեւանցիների բողոքելու առիթները պակասեն:
Կարդացեք նաև
ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
«Բարեւ Երեւան»
խմբակցության անդամ
«Առավոտ» օրաթերթ
17.06.2014
Շատ ես խնդրում?