ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հանրային հեռուստաընկերություն և հյուրընկալվել «Հարցազրույց» հաղորդաշարին: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին, մասնավորապես՝ վերջերս նախիջևանյան կողմից, Նախագահը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ:
«Այո´, հակառակորդը լարվածությունը պահում է մեր սահմանների երկայնքով, և դրա նպատակները մի քանիսն են: Բայց ամենակարևոր նպատակն այն է, որ աշխարհին ցույց տրվի, թե պատերազմը չի ավարտվել, և եթե բանակցային գործընթացում հաջողություններ չունեցան, ապա անխուսափելի է ռազմական գործողությունների վերսկսումը: Եթե հիշում եք, ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ ես ասացի, որ կարևոր է, թե ինչպիսի սպառազինությամբ է զորքը գնում մարտի, բայց ասացի, թե առավել կարևոր է՝ ով է կռվողը, հանուն ինչի է կռվում և՝ ում հետ է կռվում: 1994-ի մայիսից հետո մենք երբեք նպատակ չենք ունեցել վերսկել պատերազմական գործողությունները, և մեր ողջ աշխատանքն ուղղված է մեր պաշտպանունակության բարձրացմանը: Այս առումով վերջին տարիները բացառություն չեն, և մենք ջանասիրությամբ ավելացնում ենք մեր սպառազինությունները, ձեռք ենք բերում նոր տեսակներ, կատարելագործում նոր տեսակները»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանը կարիք չունի ի ցույց դնելու իր սպառազինությունը:
«Սպառազինություններ ձեռք բերելով ու ի ցույց դնելով՝ տարբեր պետություններ տարբեր խնդիրներ են լուծում: Մեր հասարակությունը, ի տարբերություն ուրիշների, բաց հասարակություն է, և մենք կարիք չունենք ցուցադրության կամ ցուցամոլության: Մեր հասարակության ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունենալու այցելել զորամասեր, վստահ լինել զինվորների մարտական ոգու, զինատեսակների կատարյալ լինելու մեջ: Մենք ոչինչ չենք խնայելու, որ մեր տղաներն ունենան այն, ինչ անհրաժեշտ է սահմանները անառիկ պահելու համար»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` Tert.am կայքում