Հունիսի 17-ին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերին եւ Ալան Միլին հանդիպեցին ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Զուրաբյանը, Մհեր Շահգելդյանը: Հանդիպմանը ներկա էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ թեեւ պատվիրակության կազմում, ինչպես պահանջում է կանոնակարգը, ընդգրկված են քաղաքական տարբեր ուղղություններ ներկայացնող պատգամավորներ, այնուամենայնիվ ընդհանուր աշխատանքը հաջողությամբ է իրականացվում: Նա նկատեց, որ եվրոպական արժեքները հոգեհարազատ եւ ընկալելի են հայ ժողովրդին, ուստի չկա որեւէ խոչընդոտ՝ եվրոպացի գործընկերների հետ իրականացնելու համատեղ աշխատանքը: Սակայն, ինչպես նշեց նա, որոշ պատվիրակներ փորձում են եվրոպական հարթակն օգտագործել այլ նպատակներով՝ տարածելով եւ սերմանելով անհանդուրժողականություն եւ այլատյացություն: Երկրորդելով գործընկերոջը՝ Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է, որպեսզի Եվրոպան մի պահ կանգ առնի եւ կատարի արժեքների վերարժեւորում՝ պարզելու, թե ուր է գնում, եւ գործադրի ջանքեր, որոնք կբացառեն անհանդուրժողականության ու այլատյացության դրսեւորումները:
Մհեր Շահգելդյանն իր խոսքում անդրադարձավ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման փաստերին, որպես հետեւանք նշելով հայ զինվորների մահվան դեպքերը:
Լեւոն Զուրաբյանը մատնանշեց երկրում առկա խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս, երկուստեք կարեւորվեց Հայաստան – ԵԽ համագործակցության հետագա զարգացումը:
ՀՀ Ազգային ժողով