Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ

Հունիս 17,2014 23:12

Հունիսի 17-ին Հայաստան ժամանած Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերը եւ Ալան Միլը հանդիպեցին ԱԺ խմբակցությունների հետ:

Առաջին հանդիպումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հետ էր:

Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ: Այցից հետո համազեկուցողները պատրաստելու են զեկույց, որը ներկայացվելու է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանը:

Հյուրերի խնդրանքով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային գործընթացներին, չորս ոչ իշխանական խորհրդարանական ուժերի համագործակցության ուղղություններին եւ հետագա նպատակներին, սահմանադրական բարեփոխումներին: Նա պարզաբանեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը կարեւորում է խորհրդարանական կառավարման համակարգը, սակայն այս պահին մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացը համարում է ժամանակավրեպ: Ռուբիկ Հակոբյանն անդրադարձավ ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնախնդրին, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանը, համայնքներում ժողովրդավարության զարգացման խմբակցության մոտեցումներին:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ հանդիպեցին նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները:

Հյուրերի խնդրանքով խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձան ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացրած 12 կետից բաղկացած հայտարարությանը եւ այլ հարցերի: Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ քառյակի ներկայացրած 12 կետերի իրագործումը հնարավորություն կտա կառավարությանը ավելի իրատեսական դարձնելու բարեփոխումները: Նա կարեւորեց ընդդիմությանը վերահսկողության գործառույթներով ապահովելը, ընտրական համակարգի փոփոխությունները: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ պարոն Ռուստամյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության նպատակը սահմանադրական փոփոխությունների ինքնանպատակ մերժումը չէ. եթե դրանք կբերեն կառավարման համակարգի փոփոխությանը եւ կլուծեն երկրի առջեւ ծառացած խնդիրները, ապա իրենք կներկայացնեն առաջարկներ: Խոսելով ԼՂ հիմնախնդրից՝ պարոն Վարդանյանն արժեւորեց ԼՂ ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը՝ նշելով, որ Ադրբեջանն է պատերազմ սանձազերծել ԼՂ-ի դեմ եւ պարտվել է այդ պատերազմում: «Կարեւոր է, որ մեր եվրոպացի գործընկերները թույլ չտան ԼՂ ժողովրդի շրջափակումը»,- ընդգծեց խմբակցության քարտուղարը: Նա կարեւորեց ՀՀ-ԵՄ երկխոսության շարունակականությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ նորակազմ կառավարության գործունեությանը, Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությանը, հասարակական-քաղաքական գործընթացներում կանանց դերին եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հաջորդ հանդիպումը «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ քարտուղար Մհեր Շահգելդյանի հետ էր:

Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը արդեն երկու ամիս է գործում է ընդդիմադիր դաշտում: Նրա խոսքով՝ խմբակցությունը պատրաստ է հրապարակային քաղաքականության, քննարկել հարցեր մյուս քաղաքական ուժերի հետ: Խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ներկայացրեց այն կարեւոր կետերը, որոնք առաջնային են իրենց կուսակցության համար:ՀՀ քաղաքական համակարգի ժողովրդավարացման, թափանցիկ եւ արդար ընտրական համակարգի ձեւավորման, կուսակցական համակարգի ինստիտուցիոնալ կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման համար ՕԵԿ-ի համար քաղաքական առաջնահերթություններ են 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցումը, ՀՀ-ում կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը եւ այլ հարցեր:

Հեղինե Բիշարյանը եւ Մհեր Շահգելդյանը անդրադարձան ԼՂ հիմնախնդրին, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը,մամուլի ազատությանը, ՕԵԿ-ի՝ քաղաքական կոալիցիայից դուրս գալուն եւ այլն:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հետ հանդիպեցին նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում Լեւոն Զուրաբյանը խոսեց ընտրական գործընթացներից, կարեւորեց ընտրացուցակների ճշգրտությունը, հեռուստաընկերությունների անկախությունը: Նա նաեւ անդրադարձավ իշխանությունների առաջարկած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին՝ նշելով, որ խմբակցությունն այս պահին այդ բարեփոխումների կարիքը չի տեսնում:

Լեւոն Զուրաբյան խոսեց նաեւ 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններից, անդրադարձավ մարդու իրավունքների պաշտպանության եւ ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերի:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ խմբակցության անդամներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին խմբակցության դիրքորոշումը երկրում ընթացող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, խոսեցին քառյակի ձեւաչափում համագործակցության եւ այն քայլերի մասին, որոնք նախաձեռնել են քառյակի կուսակցությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նոր կառավարության գործունեությանը: Կողմերը քննարկեցին սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որի վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ այս պահին սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ չկա:

Կողմերը քննարկեցին նաեւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերներին՝ արտագաղթին, աղքատությանը եւ գործազրկությանը վերաբերող խնդիրները, անդրադարձան օրենսդրության բարելավման հետ կապված մի շարք հարցերի:

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ակսել Ֆիշերի եւ Ալան Միլի հետ ՀՀԿ խմբակցությունից հանդիպեցին ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Հովհաննես Սահակյանը, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին, Հերմինե Նաղդալյանը գոհունակությամբ փաստեց, որ մեր երկրի օրենսդիր մարմնում ներկայացված եւ տարբեր քաղաքական ուղղություններ ներկայացնող խմբակցություններն աշխատում են փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, ինչը որպես դրական ձեռքբերում կարեւորում է ՀՀԿ-ն:

Համազեկուցողների խնդրանքով խմբակցության անդամներ Հերմինե Նաղդալյանը եւ Հովհաննես Սահակյանն անդրադարձան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի իրականացրած աշխատանքին եւ նման ողբերգական իրադարձությունների կրկնությունը բացառելու նպատակով կատարված օրենսդրական բարեփոխումներին, նշելով, որ այժմ շարունակվում է այդ գործով ի հայտ եկած նոր հանգամանքների ուսումնասիրությունն ու նախաքննությունը:

Համազեկուցողները, ելնելով քաղաքացիական հասարակության մի շարք անդամների հետ ունեցած հանդիպումներից, հետաքրքրված էին նաեւ գենդերային հավասարության ուղղությամբ իրականացվող քայլերով, տեղական ինքնակառավարման մարմիններում ժողովրդավարության զարգացմամբ, որոնց վերաբերյալ խմբակցության անդամները ներկայացրին կատարված եւ ընթացող աշխատանքները: Մասնավորապես, Արաիկ Հովհաննիսյանը նկատեց, որ հանրապետությունում սկսվել է համայնքների խոշորացման գործընթաց, բացի այդ՝ եվրոպական չափանիշներին համահունչ բարեփոխվում է ոլորտի օրենսդրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30