«Դալան» ցուցասրահում այսօր բացվեց նկարիչ Գագիկ Սիրավյանի «Իմ ծառերը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում հեղինակն ասաց, որ ցուցահանդեսը նվիրում է հոր՝ անվանի գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի հիշատակին: «Եթե հայրս ողջ լիներ, հաստատ կոգեւորվեր այս ցուցահանդեսից»,-նշեց նկարիչը: Նաեւ հավելեց, որ յուրաքանչյուր ծառի մեջ իրենից ինչ-որ մասնիկ կա՝ իր հույզերն են, ապրումները, կիրքը, երազները… Նկարիչը հույս ունի, որ «Իմ ծառերը» խորագրով ցուցահանդեսից հետո մարդկանց մեջ կփոխվի բնության հանդեպ վերաբերմունքը եւ յուրաքանչյուրն իրեն ինչ-որ իմաստով ծառ կզգա:
Գագիկ Սիրավյանը մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների՝ Հայաստանում եւ արտերկրում, 2004-ին անհատական ցուցահանդեսով հանդես եկել Նորվեգիայի Գրիմստադ քաղաքում: Հայրենիքում սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է, դրա համար էլ նկարիչը հուզված էր: Գագիկ Սիրավյանի աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Հայաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում:
Նկարչի հետ հարցազրույցի մանրամասները տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ