ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի` Ազգային ժողովում արած հայտարարությունից հետո, որն առաջացրել էր մի շարք հասարակական-քաղաքական գործիչների զայրույթը, ի պաշտպանություն լրագրողին հանդես եկողների «նվիրեց» իր հեղինակած «Ելք երկրից» բանաստեղծությունների ժողովածուից մի գործ: Այսօր Հայ գիրք գրախանութում պոեզիայի ժամ էր, որի ընթացքում Աղվան Վարդանյանը այդ ժողովածուից կարդաց մոտ 20 բանաստեղծություն, բացի Կիսելյովի պաշտպաններին «նվիրվածից», չնայած, որ ներկաների շրջանում ամենաշատը հենց այդ բանաստեղծությունն էր քննարկվում: Միջոցառմանը ներկա հյուրերին, հատկապես, դուր էր եկել այն, որ Աղվան Վարդանյան պատգամավորը Կիսելյովին «տեղն էր դրել» ոչ թե կուսակցական ելույթով, այլ` բանաստեղծությունով:
Հարցին, թե ինչպես է համատեղում գրականությունն ու քաղաքականությունը, պարոն Վարդանյանն ասաց`գրականություն ու քաղաքականությունն իրար չեն սիրում:
Ինչպես Աղվան Վարդանյանն ասաց, ժողովածուն վերահրատարակվել է: Իսկ այս գրքի որոշ գործերի ձեռագիր տարբերակին առաջինը գրող-հրապարակախոս Արմեն Շեկոյանն է ծանոթացել` «պապլավոկ սրճարանում»: Ժողովածուի հեղինակը մի հատված ընթերցեց «Գիշերաքայլ» պոեմից, որը, գրողի մեկնաբանմամբ, 86 թվականին ծննդավայր` Նախիջեւան կատարած մի ճամփորդության նկարագրություն է` իր ընկալմամբ:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանի սիրելի գործերից է «Այն ափ» բանաստեղծությունը. այս տողերը հեղինակը կարդացել է Սանահինում` եկեղեցու բակում գտնվող տապանաքարերից մեկի վրա: Պարոն Վարդանյանը ընթերցեց նաեւ «Դիլիջան 85», «Ձյան մտերմություն» եւ Արցախյան պատերազմի հերոս Մովսես Գորգիսյանին նվիրված` «Իմ հայրենիքից մահը եկավ» բանաստեղծությունները:
Աղվան Վարդանյանի «Մի բուռ հող» ստեղծագործությունն էլ նվիրված է գրող Լեւոն Խեչոյանին: Հեղինակի պատմելով. «Լեւոնը սովորություն ուներ մենակ առանձնանալ ու գնալ անտառ: Այնտեղ թռչուն էր գտել եւ ժամերով հետը խոսում էր, մենք էլ հումոր էինք անում` թե սիրահարվել է թռչունին»:
Հեղինակի ամենավերջին գրված գործը «նոր էջն» է: Պոեզիայի ժամը Աղվան Վարդանյանն ավարտեց «Մահվան տեսիլ» պոեմով, որը հեղինակը գրել է 87 թվականին:
Նա հիշեց նաեւ, թե առաջին անգամ ինչպես է ոտք դրել Գրողների Միություն եւ կարդացել իր առաջին բանաստեղծությունը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ