Այսօր ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով hամազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլն հանդիպել են խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, այդ թվում նաեւ՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հակոբյանն ասաց, որ համազեկուցողները մի քանի հարցադրումներ են արել: Խոսել են Սահմանադրական բարեփոխումների, քաղբանտարկյալների խնդրի եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների հավասարության մասին:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, դժվար է վստահ ասել՝ Հայաստանում ներկայումս կան քաղբանտարկյալներ, թե՞ ոչ, որովհետեւ հստակ չափորոշիչներ չկան: Ռուբեն Հակոբյանը համազեկուզողներին ասել է՝ «Երբ 96-ին ես բանտում նստած էի, դուրս եկա, ասեցին՝ դուք քաղբանտարկյա՞լ եք, թե՞ ոչ, ասեցի՝ ես չեմ կարող ասել, որովհետեւ չափանիշները ներկայացված չեն: Բայց որ քաղաքական գործիչների նկատմամբ քաղաքական ճնշումներ կան՝ դա հստակ է եւ վաղուց ավանդաբար գալիս է: Կարելի է հստակ ասել, որ քաղաքական ճնշումներ կան Հայաստանում»:
Սահմանադրական բարեփոխումների հետ կապված պարոն Հակոբյանն ընդգծել է, որ իրենք կողմ են դրան, բայց հիմա ճիշտ պահը չէ. «Ես ասացի, որ կողմ լինելով սահմանադրական բարեփոխումներին, առավել եւս՝ պետական կառավարման համակարգի փոփոխությանը, այնուհանդերձ, այս պահին գտնում ենք, որ բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական այս ծանր վիճակում այն պահը չի, որ կարելի է սահմանադրական բարեփոխումների հարցը դրվի, մանավանդ որ քաղաքական ուժերի զգալի մասը դա դիտարկում է՝ որպես ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելու միջոց: Ես ասացի, որ այս պահին մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել այդ գործընթացին»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ նույնասեռականների հետ կապված համազեկուցողներին միայն օրենսդրությո՞ւնն էր հետաքրքրում, թե՞ հասարակությունը նրանց ինչպես է վերաբերվում՝Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ուզում էին իմանալ՝ հասարակությունն ինչպես է վերաբերվում: Ես ասացի, որ ցավոք, Եվրոպան միշտ ինչ-որ ստանդարտներով է մոտենում, եւ խոսում է եվրոպական ինչ-որ արժեքներից, բայց ստանդարտ եւ ինչ-որ տեղ պարտադրող ձեւակերպումներով է փորձում այդ արժեքն իրականացնել, որը սխալ է: Ոչ թե նույնասեռականների մասին է խոսքը, այլ՝ ընդհանրապես: Եվ իմ առաջարկն էր, որ ընդհանրապես ճիշտ կլինի ուսումնասիրել տվյալ պետության յուրահատկությունը, ազգի հոգեկերտվածքը: Այս առումով նկատի ունենալով, թե այն, ինչ կատարվում է այսօր Ուկրաինայում եւ այն, ինչ կլիներ Հայաստանի հետ Եվրոասոցացման հետ կապված դա ուղղակի մեր մտահոգությունն է եւ առաջարկությունն է, որ ճիշտ կլինի այդպիսի ստանդարտներից դուրս յուրաքանչյուր հարցի հետ կապված նկատի ունենալ եւ հաշվի առնել տվյալ պետության յուրահատկությունը»;
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ