Այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության նիստ: Դռնփակ նիստից հետո ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը լրագրողներին ասաց, որ քննարկել են օրհասական, հանրությանը հուզող, հետաքրքրող հարցեր.«Խմբակցությունը շարունակելու է իր աշխատանքները փակված նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում, արտահերթ նիստի ընթացքում եւ դրանից հետո, ամառային արձակուրդների ընթացքում էլ»:
Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված կառավարության հայեցակարգին՝ պարոն Ուրիխանյանն ասաց, որ դրական տեղաշարժեր են նկատել, բայց նախագիծ որեւէ մեկը չի տեսել. «Վաղը կներկայացնեն, ըստ այդմ կկարողանանք այն դիտարկել եւ եզրակացություն անել ու դիրքորոշում հայտնել»:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն ժամանակ է ձգձգում կուտակային պարտադիր համակարգի հայեցակարգի վերաբերյալ, որ օգնի վարչապետ Հովիկ Աբրահամյանին իր ուզած նախագիծը անցկացնել, պարոն Ուրիխանյանն ասաց. «ԲՀԿ-ն հանրության շահերն է սպասարկում, իսկ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանի հարթակում է դա անում է եւ անելու է, քանի որ օրենքի նախագիծը չկա, այն կներկայացվի վաղը, կուսումնասիրենք: Իսկ ԲՀԿ-ի դիրքորոշումը լինելու է այնպիսին, որպիսին ժողովրդի շահն է լինելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ