Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահությանն ընդառաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը վերջերս այցելել էր Բաքու։ Մինչ Ադրբեջան այցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պաշտոնապես դիմել էր Թյորբորն Յագլանդին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել հայ գերիների եւ մասնավորապես հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարցը։ Այսօր Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը պաշտոնապես պատասխանել Նաիրա Զոհրաբյանին, ուր ասված է՝
«Հարգելի տիկին Զոհրաբյան,
Շնորհակալ եմ Ձեր նամակի համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ Եվրոպայի խորհուրդն իր տարբեր ինստիտուտների և վերահսկողական մեխանիզմների միջոցով մեծ ուշադրություն է դարձնում անդամ պետություններում տիրող իրադրությանը, հատկապես այն պարտավորությունների իրականացմանը, որոնք իշխանությունները ստանձնում են Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու փաստի ուժով: Կցանկանայի նշել, որ Ադրբեջանի իշխանությունների հետ ամենատարբեր հանդիպումների ժամանակ Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների ներկայացուցիչները, այդ թվում նաև ես, մշտապես բարձրացրել եւ բարձրացնում ենք ազատությունից զրկված անձանց հարցը, քանի որ գտնում ենք, որ այդ հարցերը իրավացիորեն արժանի են մեծ ուշադրության»:
Անկեղծորեն՝ Թյորբորն Յագլանդ