Ոչ իշխանական քառյակի հասցեին հնչող քննադատությունները չեն դադարում: Դրանք նոր թափ ստացան այն ժամանակ, երբ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: 12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը և այլն:
Սակայն կարծիքներ հնչեցին, որ քառյակի առաջարկած կետերը սկզբունքային չեն, պայքարը քառյակին հոգնեցրել է, ու հնարավոր է քառյակը գնացել է գործարքի: Կամ հարց են բարձրացնում՝ «ո՞ւր մնաց Սերժի´կ, հեռացի´րը»-ը, կամ քննադատության է ենթարկվում այն, որ քառյակն իր կետերում կոնկրետ ռազմավարական մոտեցումներ չի ցուցաբերում:
Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բոլոր այս մեկնաբանությունները «ապատեղեկատվություն, ստախոսություն, սուտ, կեղծ հիմար, անսկզբունքային» համարեց: Առարկելով պարոն Զուրաբյանը նշեց. «Քառյակն ամեն օր աշխատում է, բարձրացնում ամենահնչեղ հարցերը, արտահերթ նիստ հրավիրում, մոբիլիզացնում ժողովրդին»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ ակնկալել առաջիկայում քառյակի գործունեության շրջանակներում, որ տպավորություն չստեղծվի, թե քառյակը հանգստի է գնացել, պարոն Զուրաբյանն արձագանքեց. «Քառյակի գործունեությունից պիտի ակնկալեք նաև ընդունեք, որ քառյակը կարևորագույն հարցերի շուրջ բարձրացնում է այլընտրանքային տեսակետ, և ժողովրդին մոբիլիզացնել իր համար ամենակարևոր խնդիրների լուծման շուրջ: Լինի դա գազի, էլեկտրաէներգիայի թանկացում, կարմիր գծերի խնդիր, գազի թանկացում, քերթման,թալանի բոլոր սխեմաների դեմ քառյակն ամեն օր կռվի մեջ է: ՀԱԿ-ը նաև այս ամենի չարիքը համարում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, որի հեռացման խնդիրն է փորձում իրականացնել»:
Կարդացեք նաև
Հաճախ քառյակի 12 կետերի մասին հարց է հնչում, թե դրանց թվում ինչո՞ւ չկա կոնկրետ իշխանափոխության վերաբերյալ կետ: Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մեր տեսակետը ներկայացրել ենք, և այն ընդունել է հասարակությունը: Ինչո՞ւ եք ուզում սուտ, կեղծ, հիմար, անսկզբունքային հարցերի շուրջ անընդհատ ստանալ մեր արձագանքը: Մենք հո չե՞նք կարող բոլոր չարախոսներին պատասխանել»:
Հունիսի 16-ին Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել էր, որ հոսանքի սակագնի թանկացման հարցը ներառվելու է քառյակի ներկայացրած կետերի ցանկում: Պարոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ե՞րբ են պատրաստվում այդ հարցը ներառել քառյակի ներկայացրած կետերի շարքում: Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Այդ կետը չի մտել քառյակի ներկայացրած կետերի մեջ միայն այն պատճառով, որ այդ խոսակցությունը բացվել է միայն մեր հայտարարության հրապարակումից հետո: Եթե այդպես չլիներ, բնականաբար այդ կետն էլ էր մտնելու: Մենք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ համատեղ հայտարարություն կանենք, որ մենք դեմ ենք, չենք ընդունում թանկացումը և այն համարում չհիմնավորված»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ