ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով hամազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլն այսօր հանդիպում են ունեցել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց հետ հանդիպմանը քննարկել են 5 հարց. «Իրենք հարցրեցին, թե մենք ինչ ունենք ասելու, ինչ հարցեր ենք ուզում բարձրացնել: Մենք էլ բարձրացրեցինք Մարտի 1-ի հարցը, ընտրակեղծարարության համակարգի հարցը, որ ընտրություններով իշխանությունը չի կարող փոխվել Հայաստանում, վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների եւ ռադիոյի հարցը, Սահմանադրական փոփոխությունները մերժելիության հարցը եւ քաղբանտարկյալների հարցը»:
Համազեկուցողները որեւէ վերաբերմունք ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչների տեղեկատվության հետ կապված չեն ցույց տվել, ուղղակի լսել են նրանց:
Համազեկուցողները հետաքրքրվել են, թե Հայաստանում պե՞տք է սեռական փոքրամասնության իրավունքները պաշտպանել: «Մենք պատասխանեցինք, որ ամեն ինչ կկարգավորվի օրենքով: Բոլոր փոքրամասնությունների, այդ թվում նաեւ սեռական փոքրամասնությունների պաշտպանությունը պետք է կարգավորվի օրենքով, բոլորը հավասար պետք է լինեն օրենքի առջեւ»,- ասաց պարոն Զուրաբյանը:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների հարցին՝ նրա խոսքերով. «Քաղբանտարկյալների հետ կապված ես ասել եմ, որ նախ, մենք շատ հպարտ ենք, որ քաղբանտարկյալների սահմանման չափանիշների բանաձեւ է ընդունվել, դա մեր ջանքերով է նաեւ ընդունվել, որովհետեւ տարիներ շարունակ Կոնգրեսն այդ հարցը դրել է: Հիմա կան այդ չափանիշները, ըստ որոնց էլ մեր դատողությունները պիտի անենք Հայաստանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Շանթ Հարությունյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի դեպքում մենք տեսնում ենք, որ կան նախադրյալներ ասելու, որ գործ ունենք քաղբանտարկյալների հետ: Այդ կապակցությամբ մեր վերջնական որոշումը կանենք»:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ԵԽԽՎ-ի բոլոր կառույցների հետ իրենք շատ ինտենսիվ աշխատում են. «Այդ 2 համազեկուցողներին էլ շատ դաժան քննադատության եմ ենթարկել լիագումար նիստին՝ հենց իրենց պասիվության պատճառով: Ես իրենց ասել եմ, որ իրենք չեն այցելում Հայաստան, չեն տեղեկացնում ԵԽԽՎ-ին դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների խախտումների մասին: Ես շատ դաժան քննադատության եմ ենթարկել իրենց, այսօր էլ հիշեցրի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ