Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ֆրանսիական արշավախմբի կատարած պեղումները կնպաստեն Էրեբունու վերականգնմանը

Հունիս 17,2014 18:57

Ֆրանսիայի դեսպանությունը և Հայկական Ալիանս ֆրանսեզն այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ), վերջինիս հետ գործընկերությամբ, կազմակերպել էին հանդիպում Երերույքի, Կովկասի և Էրեբունու հնավայրերի հետազոտման ֆրանսիական հնագիտական առաքելության ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի գիտնականները ներկայացրին իրենց վերջին հետազոտությունների արդյունքները, գիտական ծրագրերը, խոսեցին նաև հայ-ֆրանսիական հնագիտական համագործակցության նոր հեռանկարների մասին:

«Էրեբունիում հայ-ֆրանսիական արշավախումբն արդեն վեցերորդ տարին է աշխատում: 2016 թվականին կավարտվի հայ-ֆրանսիական համագործակցության երկրորդ փուլը էրեբունու պեղումների շրջանակներում, սակայն կարծում եմ, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի և կտեղափոխվի Կարմիր բլուր, ինչպես որ նախատեսել ենք»,- ասում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Ամփոփելով համագործակցության արդյունքները՝ պարոն Գյուրջյանը, հատկապես կարևորեց գիտական նշանակություն ունեցող հնագիտական այն հետազոտությունները, որոնք իրականացրել են իրենց ֆրանսիացի գործընկերների հետ: Կարևորեց նաև համագործակցության կրթական և փորձի փոխանակման նշանակությունը, քանի որ այդ արշավախմբերում նաև ուսանողներ են եղել Հայաստանից և Ֆրանսիայից: Իսկ երրորդ և Գ. Գյուրջյանի կարծիքով ամենակարևոր բանը, որ արվել է համագործակցության շրջանակներում, պեղումներն են, որոնք անհրաժեշտ էին Էրեբունու վերականգնողական աշխատանքներն ավելի ճիշտ պատկերացնելու և հասկանալու համար. «Համագործակցությունը բավականին  սերտ է,- ասում է թանգարանի տնօրենը,- և մենք ոչ միայն ֆրանսիացի հնագետների, այլև նրանց հետ աշխատող ճարտարապետների հետ ենք խորհրդակցել, որովհետև սա լուրջ աշխատանք է, և մենք առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչի համար ենք պեղում, ինչ նպատակ ունենք, չէ՞ որ չես պեղում հենց միայն պեղելու համար: Մեր վերջնական նպատակն այդ պեղումների օգնությամբ բոլոր այն խնդիրների բացահայտումն է, որոնք կօգնեն մեզ վերականգնել Էրեբունին»:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն էլ իր խոսքում նշեց, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը յուրաքանչյուր տարի արտասահմանյան շուրջ 150 հնագիտական տարբեր առաքելություններ է ֆինանսավորում՝ տրամադրելով մոտ 2.5 միլիոն եվրո. «Ֆրանսիայի կողմից իրականացվող արտասահմանյան հնագիտական առաքելությունները Ֆրանսիայի գիտամշակութային քաղաքականության մաս են կազմում,- ասում է պարոն Ռենոն,- դրանք նպաստում են աշխատանքի որակի բարձրացմանը, երիտասարդ գիտնականների պատրաստմանը, գիտական հոդվածների ստեղծմանն ու տպագրմանը: Ահա այսպիսի քաղաքականություն է իրականացնում Ֆրանսիայի արտգործնախարարությունը հնագիտության ոլորտում, և ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի կենսունակությամբ է ընթանում ֆրանս-հայկական հնագիտական ծրագիրը ՀՀ ԳԱԱ հետ համատեղ: Շատ ուրախ եմ նաև, որ Ֆրանսիայի հնագիտական առաքելությունը նպաստում է Հայաստանի ներգրավմանը միջազգային գիտական համայնք՝ մասնավորապես զանազան գործընկերությունների միջոցով»:

Ամփոփելով՝ դեսպանն ասաց, որ Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ իշխանությունների հետ համատեղ, մշտապես պատրաստ է աջակցել հնագիտության բնագավառում աշխատանքների շարունակականությանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30