Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Մանկական զբոսայգում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր միաժամանակյա խաղի սեանս, որն անցկացրել է միջազգային կարգի գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Միաժամանակյա խաղի սեանսին հետևել է նաև Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Շնորհավորելով մասնակիցներին՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ օրն առանձնակի խորհուրդ ունի և պարտավորեցնող է սեանսի հատկապես պատանի մասնակիցների համար: Մարզական նոր նվաճումներ մաղթելով պատանի շախմատիստներին՝ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը, միշտ նրանց կողքին են լինելու և պատրաստ են անել հնարավորը՝ երևանյան մարզիկների հաջողություններն ամրապնդելու և նորանոր նվաճումների հասնելուն աջակցելու ուղղությամբ: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ռաֆայել Վահանյանին նվիրված «Անկրկնելի հաղթանակներ» խորագիրը կրող գիրքը, որի մեկ օրինակը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն