Հունիսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով` Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի: Գալուստ Սահակյանը նշեց, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին ԵԽ անդամ երկրների եւ ԵԽ օրակարգային հարցերին, եւ մեր երկրի համար լրացուցիչ հնարավորություն էր կազմակերպությունում ակտիվ ներդրում ունենալ օրակարգային հարցերում եւ գործընթացներում: Նրա գնահատմամբ` Հայաստանի նախագահությունը հաջող ընթացավ, հավասարակշռված, բոլոր անդամ երկրների հետ երկխոսության սկզբունքով, ինչը, ցավոք, չի կարելի ասել ներկա նախագահողի մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալան Միլը Գալուստ Սահակյանին փոխանցեց Բրիտանիայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը եւ վստահություն հայտնեց, որ միասնական ջանքերով համատեղ աշխատանքի արդյունքում հաջողություններ կգրանցվեն: Աքսել Ֆիշերը կարեւորեց Հայաստան-ԵԽ համագործակցության խորացումը եւ նշեց, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ սատարել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացում: Համազեկուցողները բարձր գնահատեցին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությունը:
Անդրադառնալով ընտրական համակարգի բարեփոխումներին` ԱԺ նախագահը նշեց, որ ԵԽԽՎ եւ միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն ուշադրությամբ ուսումնասիրվել են եւ ընթացք կստանան ընտրական գործընթացների կատարելագործման աշխատանքների ժամանակ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալով՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով եւ գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո՝ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Գալուստ Սահակյանը շեշտեց, որ Հայաստանը հաստատակամ է շարունակել խաղաղ ճանապարհով խնդրի լուծման հանձնառությունը: «Սակայն միայն մեր պատրաստակամությունը բավարար չէ, անհրաժեշտ է նաեւ Ադրբեջանի պատրաստակամությունը: Շարունակում են անհանգստության տեղիք տալ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները, ատելության սերմանումը, ռազմական ծախսերի անհամաչափ աճը, սպառազինությունների կուտակումը, ինչպես նաեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված ծրագրերի խափանումը` ներառյալ ԵԽ շրջանակներում»,-ասաց ԱԺ նախագահը: Նա կարեւորեց Եվրոպայի Խորհրդի դերը կողմերի միջեւ տարբեր մակարդակներով փոխվստահության մթնոլորտի ձեւավորման եւ լարվածության թուլացման հարցում ու առաջարկեց նախաձեռնել ուղիղ շփումներ Արցախի եւ Արցախի ժողովրդի հետ: Հիշեցնելով, որ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է՝ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ ԵԽԽՎ-ն կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ եւս մեկ անգամ կտա իր արժանի գնահատականը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին, այլընտրանքային ծառայությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող, տարածաշրջանային եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ