ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Մեծ պատ » չինական արդյունաբերական ընկերության և Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիայի ներկայացուցիչներին։
«Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիան» (ՉՄՊԱԿ) և «Տիեզերական տեխնոլոգիաների չինական ակադեմիան» (ՏՏՉԱ), որոնք մաս են կազմում «Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի», Չինաստանի միակ պետական կառույցն է, որը պատասխանատու է տիեզերագնացության և տիեզերքի հետազոտման ոլորտի համար:
Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի տիեզերական ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության կապի և հեռուստահեռարձակման արբանյակ, և այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում:
«Ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից, և այսօր ուղեծրային դիրքի կոորդինացման աշխատանքների փուլում ենք: Այս ոլորտում խոշոր կազմակերպությունների կողմից ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին»,-ասաց նախարարը:
«Մեծ պատ» չինական արդյունաբերական ընկերության փոխնախագահ Չժաո Չունչաոյի խոսքով՝ չինական կողմը պատրաստակամ է աշխատել հեռահաղորդակցության հայկական արբանյակի նախագծման, կառուցման, ուղեծիր դուրսբերման, դրա ղեկավարման և սպասարկման, հայ համապատասխան մասնագետների վերապատրաստման ուղղությամբ։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն