Հունիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ հայ գիտնականների հանդիպումը Երերույքի, Կովկասի և Էրեբունու հնավայրերի ֆրանսիացի առաքելության ղեկավարների հետ: Հանդիպումը կազմակերպել էր Ֆրանսիայի դեսպանությունը և Հայկական Ալիանս ֆրանսեզը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Շատ ուրախ եմ, թե ինչպիսի կենսունակությամբ է ընթանում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ ֆրանս-հայկական հնագիտական ծրագիրը: Ուրախ եմ, որ Ֆրանսիայի հնագիտական առաքելությունը նպաստում է միջազգային գիտական համայնք Հայաստանի ներգրավմանը, երիտասարդ հայ գիտնականների պատրաստմանը: Նաեւ չպետք է մոռանալ երկրի արժեւորումը զբոսաշրջության տեսանկյունից: Ֆրանսիայի դեսպանությունը մշտապես պատրաստ է աջակցել աշխատանքների շարունակությանը հնագիտության բնագավառում եկկողմանի ֆինանսավորման միջոցով»,-ասաց Անրի Ռենոն:
«Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը շատ մեծ աջակցություն է ցուցաբերում մեր Հնագիտության եւ ազգագրության, Երկրաբանության ինստիտուտներին, համատեղ իրականացնում ենք գիտական հետազոտություններ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ ձեռք են բերվում լուրջ արդյունքներ: Այդ համագործակցությունը շատ արդյունավետ է, շատ արգասաբեր եւ պետք է անպայման շարունակել, համենայն դեպս, հայկական կողմը տրամադրված է շարունակել համագործակցությունը հանուն գիտության ասպարեզում նոր ձեռքբերումների»,-ասաց Յուրի Սուվարյանը:
Կարդացեք նաև
Գիտաժողովին ներկայացվեցին «Հասարակարգերի պատմությունը միջնադարում», «Տարածաշրջանի բնակեցումը մարդկանցով նախապատմական ժամանակաշրջանում» և «Ուրարտական և Աքեմենյան ժամանակաշրջան» զեկույցները:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն