Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի ընտանիքը՝ ընդդեմ ոստիկանության Արաբկիրի բաժնի

Հունիս 17,2014 16:43

Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Արաբկիրի բաժնի բերած վարչական գործով, նրա ներկայացուցիչներն էին եղբայրը՝ Արամազդ Կիվիրյանը եւ կինը՝ Լուսինե Սահակյանը: Ոստիկանությունը ներկայացնում էին երկու կին իրավախորհրդատուներ:

Նախնական դատական նիստին ներկայացվեց ոչ միայն Արաբկիրի բաժնի կողմից Ա. Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին դիմումը, այլ ներկայացվեց նաեւ հակընդդեմ հայց, որով Կիվիրյանները վիճարկելու են ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունները՝ ազատության, խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքը: Ոստիկանության ներկայացուցիչները պնդում էին, որ վարչական վարույթի նյութեր նախապատրաստելու համար Արգիշտի Կիվիրյանին ուղարկել են ծանուցագիր անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին եւ 9-ին ներկայանալու հետ կապված: Ծանուցագրերից մեկը ուղարկվել էր օգոստոսի 30-ին եւ այն ստացվել էր սեպտեմբերի 2-ին: Սրա հետ կապված բուռն քննարկումներ տեղի ունեցան դատարանում:

Վեճի արդյունքում պարզվեց, որ առաջին ծանուցագիրը Կիվիրյանին այնուամենայնիվ ուղարկվել է օգոստոսի 31-ին, իսկ նախորդ օրն էլ չի իրականացվել վարչական վարույթ, քանի որ առանց նրա ներկայության, ըստ ոստիկանության, չէր կարող կազմվել արձանագրություն: Ոստիկանության ներկայացուցիչները չկարողացան պատասխանել, թե ինչպիսին է եղել Ա. Կիվիրյանի դիրքորոշումը, արդյո՞ք նա ստացել է վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչ պատճառաբանությամբ նա չի ներկայացել ոստիկանության բաժին, ինչու չի կազմվել արձանագրությունը եւ ինչ գործողություններ է ձեռնարկել ոստիկանությունը, երբ «ձախողվել» է սեպտեմբերի 3-ի վարչական վարույթի գործը:
Պարզվեց, որ սեպտեմբերի 4-ին, մեկ այլ վարույթի շրջանակներում (Բաղրամյան 26-ում տեղի ունեցած իրավախախտման համար) վարչական ձերբակալման է ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը: Ա. Կիվիրյանի ներկայացուցիչը՝ Արամազդ Կիվիրյանը, առնվազն տարօրինակ համարեց ոստիկանության ներկայացուցիչների իրազեկությունը: «Դուք վարույթին մասնակից չեք եղել, ի՞նչ իրավունքով եք ներխուժել այլ վարույթ: Այս վարչական գործով կա՞ նշում, որ եղել է մեկ այլ վարույթ նույնպես»,- հարցրեց Արամազդ Կիվիրյանը: Ոստիկանության կին մայորը պատասխանեց, որ չկա որեւէ նշում:
Արամազդ Կիվիրյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկելուց հետո Արգիշտի Կիվիրյանի առողջական վիճակը վատացել է եւ որ ոստիկանությունը որեւէ գործողություններ չի ձեռնարկել բուժօգնություն ցույց տալու համար: Ոստիկանությունը հակառակը պնդեց, հայտնելով, որ զանգահարել է 1-03, եկել է ոչ միայն շտապօգնություն, այլեւ նրան տեղափոխել են հիվանդանոց: Կիվիրյանի երկրորդ ներկայացուցիչը հակադարձեց, ասելով, որ դատաքննության փուլում կներկայացնի ապացույցներ, որ ոստիկանությունը ոչ թե շտապօգնություն է կանչել Արգիշտի Կիվիրյանի համար, այլ՝ ոստիկանի համար:
Լ. Սահակյանը շարունակեց, որ արդեն Կիվիրյանը 5-րդ անգամ ապօրինի բերվել է ոստիկանության բաժին. «Կարող է մի օր էլ բռնաբարության համար ասեք, որ կա նման մի գործ»: Երբ վարչական դատարանի դատավոր Ա. Միրզոյանը փորձեց ներկայացուցչին հորդորել, որ գործի շրջանակներում խոսի, Լուսինե Սահակյանն ասաց. «Պատվարժան դատարան, խնդրում եմ մի բորբոքվեք»:

Կիվիրյանները ներկայացրին հակընդդեմ հայցի հիմքերը, պնդելով, որ ոստիկանությունը ապօրինի է բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին, որին պատճառվել են մարմնական վնասվածքներ, նա խոշտանգվել է, նրա նկատմամբ հնչել են վիրավորական արտահայտություններ եւ սպառնալիքներ և, ըստ էության, ոստիկանության բերման ենթարկելու գործողությունը Արամազդ Կիվիրյանը գնահատեց որպես առեւանգում: Ոստիկանությունը փորձեց պնդել հակառակը, ասաց, որ հատուկ քննչական ծառայությունում քննվել է խոշտանգումների վերաբերյալ գործը եւ պարզվել, որ ոչ միայն Կիվիրյանը խոշտանգման չի ենթարկել, այլ որ մեղադրանք է առաջադրվել ոչ թե ոստիկանների նկատմամբ, այլ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ: Կիվիրյանի ներկայացուցիչները հրապարակեցին այն ապացույցները, որոնք կային այս վարչական վարույթում, մասնավորապես՝ զեկուցագիր անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին, հոգեբուժարանի եւ նարկոլոգիական դիսպանսերի գրությունները, առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժարանի գրությունն այն մասին, որ Կիվիրյանն այնտեղ հաշվառված չէ, ոստիկանության աշխատակիցներ Կարեն Մովսիսյանի բացատրություն տալու մասին արձանագրությունը, Հովհաննես Բալայանի, Արայիկ Պետրոսյանի բացատրությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30