Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Պետական աշխատողներն իրենց բարձրացված աշխատավարձը չեն հասցնի վայելել»

Հունիս 17,2014 16:20

«Անընդունելի է, փաստորեն ոչինչ չի փոխվում, նույն պարտադիր համակարգը, նույն հակասահմանադրական դրույթներն, ընդ որում, ավելի խորացված»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես որակեց կառավարության այսօրվա արտահերթ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը:

Նա գտնում է, որ լրամշակված օրենքը տարիքային խտրականությունից բացի, խտրականություն է դնում նաեւ պետական եւ մասնավոր աշխատողների միջեւ. «Սոցիալական վճարը չի կարող տարածվել տարիքային մի շերտի վրա, մյուսի վրա չտարածվի, սա ակնհայտ, տարիքային խտրականություն է: Փաստորեն համակարգում ոչինչ չի փոխվել եւ կառավարությունը փորձում է հասարակության համար անընդունելի օրենքը նորից առաջ տանել»:

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի նախագծով, համակարգն ուժի մեջ մտնելուց հետո, տնօրինվող եկամտի նվազեցում թույլ չի տրվելու, այսինքն` աշխատավարձը չի կրճատվելու:

Փաթեթը նախատեսում է նաեւ 2014թ. հուլիսի 1-ից համակարգը գործարկել պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավոր հատվածի համար՝ ներդնել կամավոր, երեք տարի ժամկետում՝ փուլային ճանապարհով: 2014թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարը այլեւս չի կատարվելու, օրենքով սահմանվում է պետբյուջե կատարվող նպատակային սոցիալական վճար՝ 5 տոկոս դրույքաչափով: Նաեւ առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացմանը, որի մասին այսօր վարչապետը խոսել է կառավարության նիստում, ապա Դավիթ Խաժակյանը նկատեց. «Պետական հատվածի աշխատավարձերը նախատեսում էին բարձրացնել մինչ այդ, դա նախատեսված էր կառավարության ծրագրով, այնպես որ, այդ բարձրացումը պետական աշխատողները չեն էլ հասցնի վայելել: Դա նույն այդ գումարն է, ինչը պետք է գնա կուտակային»:

Աշխատավարձի` 500 հազար դրամ սահմանված շեմի վերաբերյալ էլ «Դեմ եմ»-ի անդամն ասաց. «Դրանք ընդամենը թվային տարբերություններ են, որոնք ոչ էական են, խնդիրը համակարգի էությունն է, հակասահմանադրականությունը, ոչ արդյունավետությունը: Այսինքն` համակարգը նույնն է, ուղղակի առաջարկվում է մաս-մաս այն գործարկել: Եթե կառավարությանը հաջողվեց այս փոփոխությունն առաջ տանել եւ պետական աշխատողները մտնեն պարտադիրի տակ, ապա հաջորդ փուլն այն կլինի, որ մասնավոր սեկտորը շատ ավելի շուտ կանցնի համակարգի տակ քան` մինչեւ 2017 թիվը»:
Դավիթ Խաժակյանն անընդունելի համարեց նաեւ պետական աշխատողներին տրամադրվող սոցփաթեթից կենսաթոշակային վճարներ կատարելու կառավարության մտահղացումը. «Մարդիկ այդ գումարները կարող էին ծախսել իրենց հանգստի համար, հիմա ստիպված կլինեն այդ գումարներն ուղղել կենսաթոշակային համակարգին»:

Aravot.am-ի հարցին, եթե համաձայն չեք կառավարության ներկայացրած նոր օրենքի նախագծին, ինչ ե՞ք պատրաստվում անել, Դավիթ Խաժակյանն ասաց. «Պետք է կանխել, որ այս օրենքը չլինի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, կրկին ակցիաներ կանենք»: Ըստ նրա, կառավարությունը մի խախտում էլ է անում՝ այսպիսի մեծամասշտաբ փոփոխությունն առանց հանրային քննարկումների անցկացնելով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30