Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում հաղթանակը կշրջանցի Մելիք-Ադամյան փողոցը

Հունիս 17,2014 15:05

«Մեր կառավարության գործունեության արդյունքը տեսնում ենք դրամի արժեզրկման, հուսահատության, ժողովրդի արտագաղթի մեջ»,-այսօր «Անալիտիկ» ակումբում անդրադառնալով կառավարության գործունեությանը` այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստումների մասին պարոն Շիրինյանն ասաց. «Հիմա ինքը այդ վիճակը փոխելո՞ւ է, թե՝ ոչ: Այդ մարդը ո՞նց կարող է մի վիճակ փոխել, որ իր շահերին դեմ է»:
Պարոն Շիրինյանը ոչ իշխանական ուժերի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի. կարծում է, որ քառյակը սկզբունքային չէր:

Aravot.am-ի հարցին` ի՞նչը խանգարեց քառյակին լինել սկզբունքային, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Նախ չկարողացան. տևական պայքարը մարդկանց հոգնեցրեց, իրենց դրսևորեցին որպես «ինտելիգենտներ», միգուցե իշխանության հետ գործարքների են գնացել: Մի մոռացեք, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ դատախազ է եղել, ով հնարել է ՀՀ ընտրակեղծիքները, ուրեմն այդ մարդիկ են գործ անողները»: Մեր հստակեցմանը, ի՞նչ նկատի ունի գործարք, պաշտո՞ն են խոստացել, պարոն Շիրինյանն այդ հանգամանքը չբացառեց:

Նա խոսեց նաև քառյակին` իշխանության կողմից գայթակղելու հանգամանքի մասին: Հետաքրքրվեցինք` ինչո՞վ կարող էր իշխանությունը քառյակին գաղթակղած լինել, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Նյութականով, բարոյականով»:

Քաղաքագետը քառյակի` տևական հանգստի գնալու փաստը մեկնաբանում է որպես քառյակի վախճան: Հարցրինք` հետագայում ի՞նչ զարգացումների սպասել, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Կլինի իմիտացիոն խաղ, գործը կգնա մինչև խորհրդարանական նոր ընտրություններ, մեկ տարի հետո կսկսի նոր պայքար»:

Լևոն Շիրինյանը վստահ է, որ մի օր ԲՀԿ-ն քառյակից առանձնանալու է, եթե ունի նախագահի թեկնածու և ժողովրդին տանելու է իր հետևից, քանի որ «ընտրություններին ոչ թե շաքար, այլ տրակտոր է բաժանել»: Այս առիթով քաղաքագետը մանրամասնեց. «Եթե ԲՀԿ-ն ներդնի ԱՄՆ-ի երկկուսակցական քաղաքական մոդելը, ստանձնի դեմոկրատական կուսակցության դերը և դիմի ժողովրդի միջին խավին, ապա բոլոր շանսերը ունի իրագործելու իր ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ առաջիկա համապետական ընտրություններին հաղթանակը շրջանցելու է Մելիք Ադամյան փողոցը: ԲՀԿ- ունի հնարավորություն իրագործելու դա, ԲՀԿ-ն ներքին ռեսուրսի զարգացման տերն է»:

Կրկին անդրադառնալով քառյակի 12 կետերին` պարոն Շիրինյանը հարց բարձրացրեց, իսկ ո՞ւր մնացին ՀՅԴ 7 կետերը: Այնուհետև ընդհանրացրեց, թե քառյակի ներկայացրած կետերը ռազմավարական հացեր չեն լուծում ու շարունակեց. «ՀՀԿ-ն փոփոխություններ կանի անպայման, ու թև թևի կգնան առաջ, իսկապես փոփոխություն կլինի միայն այն դեպքում, եթե ընդդիմությունը դիմի ժողովրդին: Հուսահատության քարոզը պետք է դադարեցնել, գոնե 30-40 տարեկան սերունդը իր ապագան զոհում է այս ծանր հոգեբանական վիճակին, նվնվոցին: Անպայմանորեն պետք է նպաստել ներգաղթին: Ոչ մեկը չպետք է մտածի, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է ընդունել այդքան մարդ»: Այս առիթով պարոն Շիրինյանն առաջարկեց Սփյուռքի նախարարությունը վերանվանել Ներգաղթի նախարարություն:

Հարցին` ՀՀ-ին պե՞տք են մայդանագետներ, քանի որ նախատեսվում է այդպիսի մասնագետներ գործուղել Հայաստան, իրավիճակը գնահատելու համար, պարոն Շիրինյանը պատասխանեց. «Փորձագետի կարիք չկա, Հայաստանի ինչի՞ն է պետք: Նայեք Ուկրաինայի մայդանի պահանջներին ու մեզ: Մեզ մոտ, որ մայդան լինի, ռուսները կսարքեն մի գործ թուրքերի հետ, և մենք խնդիրներ կունենանք Արցախում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ե՞րբ պիտի հայաստանցին ԴԱԴԱՐԻ ամեն ինչ տեսնել ռուսի (ու թուրքի) պրիզմայով: Հայաստանցի տղամարդուն դարձրել են վախեցած աղոթող:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30