Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը Լեւոն Զուրաբյանին հորդորեց`օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ եւ ասել «փողերի տեղը»

Հունիս 17,2014 14:15

«2013 թվականին Հրազդանի հինգերորդ բլոկից 33 դրամով 400 միլիոն կիլովատ/ժամ էներգիա է գնվել, 13, 2 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով, իսկ մյուս տարի նախատեսված է 600 միլիոնի գնվել, որը ստեղծում է 16, 5 միլիարդ դրամի գումար: Այսինքն, 3,3 միլիարդ դրամով ավելի թանկ էլեկտրաէներգիա ենք գնել Հրազդանի հինգերորդ բլոկից»,- այսօր «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս դիտարկումն արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին խնդրեց գնահատել «ՀայՌուսգազարդի» վաճառքի պայմանագրի ազդեցությունը էլեկտրաէներգիայի թանկացման վրա:

Ապա պատգամավորը մեկ առ մեկ թվարկեց այն բոլոր պայմանները, որոնք ըստ Ռոբերտ Նազարյանի, ազդել էին պարտքի ձեւավորման վրա, որն էլ հիմք է հանդիսացել էլեկտրաէներգիայի թանկացման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Հանձնաժողովի նախնական գնահատմամբ` ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:

Պատգամավորը նկատեց, որ վթարները եւ սակավաջրությունը ֆորս-մաժորային բաներ չեն, ոչ էլ երկրաշարժ, սովորական ցնցումներ են ու յուրաքանչյուր ընկերություն իր գործունեության մեջ պիտի հաշվի առներ դրանք: «Մարդիկ գիտեն, չէ, որ ասենք երեք տարի գտնվում են արտոնյալ վիճակում վարկերի մասով եւ երեք տարի հետո պիտի… ընդամենը տարրական ֆինանսական հաշվարկներ են պետք»,- տարակուսեց պատգամավորը:

«Ես Հրազդանի ՋԷԿ-ի պայմանագրին գնահատական տալ չեմ ուզում, քանի որ պայմանագրի կողմ չեմ եղել, ոչ էլ մասնակցել եմ, ոչ էլ իմ գործառույթների մեջ է: Ինչ վերաբերում է ազդեցությանը, այդ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ գումարը`ներդրումը պիտի վերադարձվի: Անհրաժեշտ կարեւոր ծախսային հոդվածներն ենք ամրագրել, ազդեցությունը դուք որոշեք»,- ասաց Ռոբերտ Նազարյանը՝ նկատելով, որ ՀԱԷԿ-ի կանգառն աննախադեպ էր`88 օր:
Վարկերի մասով Լեւոն Զուրաբյանի դիտարկմանը, որ ի սկզբանե բարձր տոկոս դնեիք, որպեսզի հնարավոր լիներ հիմա էլեկտրաէներգիայի թանկացումից խուսափել, Ռոբերտ Նազարյանը հակադարձեց, որ այդ դեպքում էլ ինքը կդառնար թիրախ`կոռուպցիային նպաստելու համար:

«Ինչո՞ւ չէր կարող կառավարությունը ստաբիլիզացիոն ֆոնդ ստեղծեր, նման ցնցումները հանգիստ անցկացնելու համար, որ գինը չբարձրացներ»,- ասաց Լեւոն Զուրաբյանը`հավելելով, որ ինքը գիտի նույնիսկ ֆոնդերի ձեւավորման համար անհրաժեշտ գումարների տեղը:

Ռոբերտ Նազարյանը հորդորեց. «Որպես ԱԺ պատգամավորներ, նման նախաձեռնությամբ հանդես եկեք: Ավելի լավ, որ փողի տեղը գիտեք. ասեք`հարցը փակենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30