ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց, որ հունիսի 18-ին, 19-ին եւ 20-ին Հայաստանի շրջանների զգալի մասերում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվելու է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում, իսկ առանձին վայրերում սպասվում է կարկուտ:
Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ հունիսի 18-ից 20-ը ջերմաստիճանային ֆոնը Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում կտատանվի մինչեւ առավելագույնը 33 աստիճան, իսկ լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 27 աստիճանի։ Հովտային շրջաններում նվազագույն ջերմաստիճանը կհասնի 16 աստիճանի, իսկ լեռնային շրջաններում ՝ 13 աստիճանի:
Օդերեւութաբանական կենտրոնի պետի փոխանցմամբ՝ հունիսի 21-ին եւ 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ. «Օդի ջերմաստիճանը 3-ից 4 աստիճանով կբարձրանա, Արարատյան դաշտում հասնելով 36 աստիճանի, Սյունիքի հովիտներում՝ մասնավորապես Մեղրիում, կարող է հասնել 37 աստիճանի եւ կդիտվի առանց տեղումների եղանակ»:
Սակայն տիկին Պետրոսյանը զգուշացրեց, որ եղանակային այս տաքացումը երկար չի տեւի. «Անմիջապես հաջորդ օրերին ցուրտ օդային ալիքներ են մոտենալու Հայաստանի տարածքին, որի արդյունքում կրկին կլինեն տեղումներ»:
Զարուհի Պետրոսյանը նկատեց, որ այս տարի հունիսին եղան առատ տեղումներ, եւ նման եղանակային պայմանները շարունակվելու են. «Այս օրերին Հայաստանում որեւէ արտառոց եղանակային պայմաններ չեն դիտվում։ Կարկուտը եւ այլ երեւույթները տարվա այս ժամանակահատվածում հատուկ երեւույթներ են Հայաստանի համար: Նախորդ օրը հանրապետության հյուսիսային կեսում՝ Օձունում, Ստեփանավանում, Տաշիրում, տեղացել է առատ կարկուտ, իսկ հարավային կեսում ՝ Մեղրիում եւ Կապանում, դիտվել են 33-34 մմ տեղումներ։ Այս երեւույթը բնորոշ է տարվա այս ժամանակահատվածի համար»։
Ինչպես տեղեկացրեց օդերևութաբանության կենտրոնի պետը՝ այս տարի կլինի զով ամառ։ Օդի ջերմաստիճանը հունիսին եւ հուլիսին կլինի նորմային մոտ՝ բացասական շեղումով, իսկ օգոստոսին՝ նորմային մոտ՝ դրական շեղումով։
Կարդացեք նաև
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ