Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում և հ. մեկ միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել 5-6 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր խմբում ներառված է 25 երեխա. այսպիսով՝ մանկապարտեզի ավագ խմբի տարիքի ևս 300 երեխա նվազագույն պարտադիր գիտելիք ձեռք կբերի մինչ դպրոց հաճախելը։
«Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է կրթության և գիտության նախարարության հաստատած «Կրթական համալիր ծրագրով»։ Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։ Ծրագրում Երևանի քաղաքապետարանը համաֆինանսավորող կողմ է, ինչպես նաև ֆինանսավորում է նորաբաց խմբերի մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Կրթական կենտրոնները հիմնանորոգված են, համալրված նոր կահույքով ու գրենական պիտույքներով։ Նախադպրոցական կրթության կենտրոններում, ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում է, երեխաներին տրվում է երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ։ Երևանի քաղաքապետարանը նախադպրոցական նորաբաց խմբեր ներառող ուսումնական հաստատություններին տրամադրել է դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիք, այդպիսով, ընդհանուր թվով 24 նոր մանկավարժական աշխատատեղ է հատկացվել։
Կարդացեք նաև
Նորաբաց կենտրոններ հաճախելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված՝ 5-6 տարեկան երեխաները՝ ըստ գրանցման հերթագայության։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն