«Մաքսային միության անդամակցելը գոնե առաջին փուլում լուրջ վտանգներ է պարունակում, օրինակ՝ գների բարձրացում, դա խաղի կանոնների հետ է կապված»,-այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա փաստեց, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ. ապրանքները, որոնք երրորդ երկրներից են, ավտոմատ գները կբարձրանան:
Ըստ քաղաքագետի՝ դա կանխելու տարբերակներ կան.օրինակ՝ Ղրղըզստանը չէր ստորագրում Մաքսային միություն մուտք գործելու մասին փաստաթուղթ, մինչև ՌԴ-ի հետ չստորագրեց պայմանագիր՝ համաձայն որի՝ եթե երկրում ծանր վիճակ լինի, դա կփոխհատուցի Ռուսաստանը:
Ըստ պարոն Գրիգորյանի՝ ավելի ճիշտ է հետաձգել Մաքսային միությանն անդամակցությունը և ավելի խորը ուսումնասիրել խնդիրները: Այնուհետև հավելեց. «Այդ ո՞նց էինք ուսումնասիրել, որ խնդիրներ առաջացան: Ես նկատի ունեմ ուսումնասիրել հիմնականում Արցախի հետ կապված, իրավունքների սահմանափակման և գների բարձրացման խնդիրները»:
Ստեփան Գրիգորյանը դեմ է «դեմարշ»-ին, բոյկոտելուն, ասել Ռուսաստանին, թե դուք վատն եք, բայց դեմ է նաև Եվրասիական միության անդամակցությանը:
Ստեփան Գրիգորյանը փաստեց, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ Ադրբեջանը դառնա Եվրասիական միության անդամ ու չբացառեց, որ Ադրբեջանը հնարավոր է Ռուսաստանին ասի, թե ղարաբաղյան խնդիրը հօգուտ մեզ լուծիր, որ միանանք: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ՌԴ-ն այդ դեպքում կսկսի լուրջ գործընթաց՝ կապված Ղարաբաղի հետ:
Պարոն Գրիգորյանն անդրադարձավ նաև ոչ իշխանական քառյակի առաջարկած 12 կետերին ու նշեց, թե ավելի շատ ակտիվություն նա սպասում է հասարակական դաշտից: Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ «քառյակը կարող էր ավելի կոշտ դիրքորոշում ունենալ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցում: Հետո էլ քաղաքագետը նշեց. «Դրական է, որ այդ կետերում կա կետ Ղարաբաղի մասին, բայց բացասական էր այն, որ կոնկրետ դիրքորոշում չհայտնեցին: Ցավում եմ, որ քառյակն ավելի ռազմավարական մոտեցում չի ցուցաբերում պետության ապագայի հետ կապված»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է կաշկանդել քառյակին ավելի սկզբունքային լինել ու ասենք՝ վերջնագրեր ներկայացնել իշխանությանը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Երևի իրենք էլ, բացառությամբ «Ժառանգությունից», հակված են համարել, որ մեր ապագան կապված է Արևելքի հետ: Իսկ վերջնագրերով մեխանիզմը չի աշխատում: Այս իշխանությանը վերջնագրեր ներկայացնելու քաղաքականությունը չաշխատեց: Միգուցե ընդդիմությունն իր մարտավարությունը փոխում է և գնում իշխանության հետ երկխոսության ճանապարհով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանը Ռուսաստանի հետ պիտի ունենա երկկո՛ղմ նորմալ/լավ հարաբերություններ. բայց ո՛չ ավելին: ՄՄ/ԵՏՄ մտնելը խեղդելու է Հայաստանին՝ և՛ տնտեսապես, և՛ քաղաքապես, ինչպես թղթային ՀԱՊԿ-ի դեպքում է: Հայաստանի և Ռուսաստանի ազգային շահերը ՏԱՐԲԵՐ են:
Հայաստանի ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ անվտանգությունը ԱՄՆ-Իրան-Հայաստան (-Վրաստան) առանցքն է: