Երեկ ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով փլուզում էր տեղի ունեցել Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կմ-ի վրա, հեղեղվել էին Մեղրի քաղաքի փողոցները, բավականին վնասներ հասցվել Ծավ գյուղի տնամերձ այգիներին ու բանջարաբոստանային կուլտուրաներին, շրջվել էր գյուղի թթենի ծառերից մեկը:
«Պտտահողմ լիներ ոնց որ, թթի ծառը ջարդել-շրջել է, կարկուտից ու անձրեւից տան մերձակա հողատարածքների բանջարաբոստանային կուլտուրաների բերքն է փչացրել` լոբին, վարունգը, պոմիդորը, կարտոֆիլը եւ այլն: Հողատարածք կա, որ 50 տոկոսով է բերքը փչացել, իսկ այգի էլ կա` 30 տոկոսով: Մեղուներից էլ բերք չի սպասվում, երեւի դա էլ է կապված կլիմայի, այս տարվա անբարենպաստ եղանակների հետ», – ասաց Ծավի գյուղապետ Սեյրան Զաքարյանը:
Գյուղապետի խոսքով՝ տեղումների պատճառած վնասների մասին ոչ մի տեղ դեռ չի ահազանգել, անիմաստ է համարում տեղյակ պահել պատասխանատու մարմիններին, քանի որ հույս չունի, որ կաջակցեն գյուղացիներին` նախորդ տարիների փորձից ելնելով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ