ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատու Աշոտ Ահարոնյանը Aravot.am-ի հարցին, թե ոստիկանության բաժնում Հայկ Կյուրեղյանին խոշտանգումների ենթարկելու փաստի առթիվ ծառայողական քննություն անցկացվո՞ւմ է, պատասխանեց, որ Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` քրեական օրենսգրքի՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով հոդվածով:
Նախորդ հինգշաբթի նա ոչ մարտական զենքով Կենտրոնի դատարանի դիմաց արձակել էր կրակոցներ, իր բողոքն արտահայտելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների դատավարության կապակցությամբ:
Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հունիսի 13-ին այցելել է Հայկ Կյուրեղյանին` Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարան, եւ հաստատել վնասվածքների առկայության փաստը. «Ձերբակալվածների բուժօգնության ու բուժզննության գրանցամատյանում նրա մարմնական վնասվածքները բոլորը գրանցված են եղել, ես այդ բոլոր փաստերն արձանագրել եմ»,-ասել էր խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը:
Ոստիկանության մեկ այլ աղբյուր, որը չցանկացավ ներկայանալ, վնասվածների առաջացումը կապում է Հայկին բերման ենթարկելու ժամանակ իրականացրած գործողությունների հետ:
Կարդացեք նաև
Ի դեպ, Հայկ Կյուրեղյանին այցելել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի անդամները : Խմբի անդամները «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել էին. «Նրա մարմնի վրա եղել են վնասվածքների հետքեր։ Կյուրեղյանն ասել է, որ իրեն ծեծել են Կենտրոնի ոստիկանության բաժնում»:
Ռ.Մ.