Ադրբեջանում հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատները պատրաստվում են առաջիկա օրերին «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակից պարզել, թե ինչու են Հակոբի ուղարկած վերջին նամակից որոշ տողեր ջնջված:
Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը Aravot.am-ին ասաց, որ ներկա պահին «Կարմիր Խաչի» հայաստանյան գրասենյակի երկու ղեկավար Հայաստանում չեն ու ինքը որեւէ կերպ այս պահին չի կարող ճշտել.«Նա, ով մեզ ընդունեց Կարմի խաչի գրասենյակում նամակը հանձնելիս՝ որեւէ կերպ չի կարողացել պատասխան տալ: Նա ղեկավար չէ»:
Նրա խոսքով, նամակում ամբողջական իմաստային նախադասություններ են ջնջված եղել ու իրենք չեն կարողացել ջնջված տողերի իմաստը վերականգնել. «Ես անպայման կճշտեմ, չեմ թողնի, որ անտեղյակ մնամ՝ ինչ է եղբայրս գրել, հնարավոր է՝ ինձ համար շատ կարեւոր տեղեկություն է գրել: Կարմիր խաչի ներկայացուցիչները մշտապես պնդում են, որ իրենք խոչընդոտ չեն հանդիսանում տեղեկություններ իմանալու հարցում, ասում են՝ ձեզ կհայտնենք, բայց այնպես է ստացվում, որ հենց Կարմիր խաչն է խոչընդոտ հանդիսանում մեզ համար տեղեկություններ իմանալու հարցում»:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համոզմամբ, «Կարմիր խաչն» իրավունք չուներ իր վրա ստանձնել նամակը սրբագրողի դերը: Նրա խոսքով, այնպիսի մարդասիրական կազմակերպությունները, ինչպիսիք են «Կարմիր Խաչը» կամ «Բժիշկներն առանց սահմանի» պետք է ընդամենը մարդասիրական դեր կատարեն, ոչ թե գրաքննության. «Չեմ կարծում, որ կոնկրետ այս պարագայում նրանք սրբագրելու, ջնջելու, խմբագրելու իրավունք ունեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ