«Եթե աշուն գա, ի՞նչ է լինելու, ինչ-որ բա՞ն է փոխվելու քառյակի համար: Ոչ մի բան էլ չի փոխվելու: Ոչ մի լուրջ բան էլ չի լինելու քառյակի կողմից: Ինչ վերաբերում է 12 պահանջներին, այնտեղ 1 լուրջ կետ կա՝ 100 տոկոս համամասնական ընտրություններ անցկացնելն է: Դա լուրջ ազդեցություն կունենա, ավելի շատ կեղծիքներ անելու անհրաժեշտություն կլինի, որ իրենց ուզածն ապահովեն: Այդ իմաստով դա միակ լուրջ կետն է: Մյուսները ավելի շուտ առաջարկություն է կառավարությանը՝ համագործակցելու: Դրանք լուրջ քաղաքական հարց չի կարելի գնահատել, էլի: Կարմիր կետ, կանաչ կետ…տուգանք…այդ բոլորը հետեւանքներ են շատ ավելի լուրջ քաղաքական խնդիրների»,- ոչ իշխանական քառյակի ներկայացրած 12 կետանոց առաջարկների մասին այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա կարծիքով, այդ 12 կետանոց առաջարկությունն իշխանությունը կընդունի, կփորձի դրանով իրենց ռեյտինգը բարձրացնել. «Ի վերջո իշխանության կողմից նշանակված ընդդիմություն է, այդ կերպ պիտի իրենց իմիջը բարձրացնեն»:
Մեր հարցին՝ այսինքն, այդ 12 կետով ընդդիմությունն ավելի շատ իշխանությանը համագործակցության առաջարկությո՞ւն է անում՝ Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Այո ես այդպես եմ գտնում: Ուրիշ բան չեմ տեսնում»:
12 կետերից մեկը պահանջում է, որ ընդդիմությանը լծակներ տան, օժտեն վերահսկողական լծակներով: Այս առնչությամբ մեր հարցին Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Ի՞նչ լծակներ, գուցե իշխանության մի փոքր մասն էլ տան, հա՞: Ընդդիմության լծակը դա հասարակությունն է: Եթե նա իրական ընդդիմություն է, ապա հասարակությունն է իր լծակը: Մյուս լծակները թույլ, անորակ, կեղծ ընդդիմության համար է պետք: Գուցե մի երկու հատ էլ պորտֆե՞լ տան, որ իրենք որոշ ոլորտներ «դզեն»: Լծակ տան, պորտֆել տան…էլ ի՞նչ ընդդիմություն: Հենա միանգամից թող ասեն՝ մի երկու պորտֆել բերեք, տղա ենք, էլի, զբաղվենք, կյանքներս անցնի, մի քիչ էլ մեր տղերքին պահենք: Սա է նշանակում լծակներ տալը:Մյուս խոսակցությունները դատարկ են, անլուրջ, իսկական ընդդիմադիր քաղաքական ուժի խոսակցություններ չեն: Ասում են՝ լծակ տվեք՝ մի քիչ համագործակցենք իշխանության հետ, էլի: Ի՞նչ է եղել՝ կիսվեք, բիզնես անենք, խելոք մեզ կպահենք, հասարակությանն էլ կխաբենք, իբր ընդդիմություն ենք, հասարակության որոշ մասն էլ մեզ հետ հույս կկապի: Ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ իշխանության այլընտրանք: Օլիգարխը ո՞նց կարող է այդպիսին լինի: 15-20 տարի համագործակցում են այս իշխանության հետ, այս իշխանության բաղկացուցիչ մասն են, ինչի՞ մասին է խոսքը: Լծակ հենց դրա համար են ուզում: Ասում են՝ եկեք համագործակցենք, կիսվենք իշխանությունով, իշխանությունը բարիք է բերում: Ոչ իշխանությունից վերածվենք իշխանության, պրծնենք, էլի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ