Լրահոս
Օրվա լրահոսը

Վեց ուտեստներն այն կանայք են, որոնց մայրը մատուցում է որդուն. նոր կատակերգություն

Հունիս 16,2014 21:22

Վաղը՝ հունիսի 17-ին, «Վիվարտե» («VIVARTE») նորաստեղծ թատրոնը, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 20 արվեստագետների, Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում հանդիսատեսին կներկայացնի «6 ուտեստ օլիգարխի համար» կատակերգությունը, որի հեղինակը Գաննա Սլուցկին է, բեմադրող ռեժիսորը թատերախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը՝ բեմադրող ռեժիսորը, և հիշեցրեց, որ ներկայացումը երեք տարի առաջ բեմադրվել է Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնում՝ «6 ուտեստ 1 հավից» խորագրով: Նրա խոսքով՝ նոր ներկայացումը որևէ աղերս չունի նախկին ներկայացման հետ. փոփոխված են թե´ դերասանական կազմը, թե´ սցենարը, թե´ ռեժիսորական լուծումները, թե´ զգեստների ու բեմի ձևավորումը:

«Այն ամենը, ինչ ես ուզում էի որպես ռեժիսոր իրագործել նախորդ ներկայացման ժամանակ, չկարողացա դահլիճի փոքրության և այլ պատճառներով,- ասում է Ի. Հարությունյանը,- կարծես ինչ-որ կիսատ թողած գործ ունենայի: Եվ ստեղծելով իմ նոր թատերախումբը՝ որոշեցի, որ առաջին ներկայացումը հենց այդ կատակերգությունը պիտի լինի, որովհետև ահագին չասված բաներ են մնացել»:

Ներկայացման պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանն էլ վստահեցնում է, որ այս ներկայացումը տարբերվելու է Ստանիսլավսկու անվան թատրոնում բեմադրվածից. «Այստեղ բոլորովին այլ լուծումներ են, և այն հանդիսատեսը, որը ժամանակին տեսել է ներկայացումը, տարբերությունն անպայման կզգա»,- ասում է պրոդյուսերը:

Նշենք, որ ներկայացումը ռուսերեն է լինելու: Բայց ստեղծագործական խումբը հանդիսատեսին խոստանում է շուտով հանդես գալ նաև հայերեն տարբերակով: Նորաստեղծ թատերախումբը նպատակ ունի ստեղծելու երկլեզու թատրոն՝ հայերեն և ռուսերեն:

Ներկայացման գլխավոր դերակատարը դերասան Յուրի Իգիթխանյանն է: Ներկայացման առաջին տարբերակում էլ է նա մարմնավորել օլիգարխի կերպարը և այսօր ասաց, որ մինչև վերջերս դա իրեն լարվածության մեջ է պահել. «Դերասանի համար շատ կարևոր է նույն ջուրը երկրորդ անգամ չմտնելը,- ասում է դերասանը,- նույն դերն ինձ մի փոքր անհանգստացնում էր ու վախեցնում, բայց այսօր արդեն կարող եմ հանգիստ ասել, որ բոլորովին նոր կերպար է ստացվել:

Ես մեծ հուզմունքով եմ սպասում վաղվա ներկայացմանը: Նույնիսկ, մի տեսակ, սկսնակի վախ, լարվածություն կա մեջս (իհարկե լավ իմաստով): Բայց ես սիրում եմ այդ զգացողությունը, որովհետև լարվածության բացակայությունը դերասանի մեջ խոսում է նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցման և ինչ-որ տեղ նաև «աստղային»-ի մասին»:

Փակագծերը շատ չբացելով՝ Ի. Հարությունյանն ասաց միայն, որ «6 ուտեստ օլիգարխի համար» կատակերգությունը մոր և որդու հարաբերությունների, մայրական հիվանդագին սիրո մասին է, իսկ վեց ուտեստներն այն կանայք են, որոնց մայրը մատուցում է որդուն: Իսկ թե ո՞ր ուտեստը կընտրի որդին, հանդիսատեսը կիմանա վաղը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30