Լրահոս
Օրվա լրահոսը

Կուտակայինի վերաբերյալ՝ կառավարության ներկայացրած մոտեցումները անընդունելի են

Հունիս 16,2014 20:02

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հրավիրել էր խորհրդակցություն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց Երկիր» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչներ:

Նշենք, որ Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների վերաբերյալ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Ըստ այդ փոփոխությունների՝ առանցքային խնդիրները, որոնց դեմ պայքարում է «Դեմ եմ»-ը, գրեթե չեն փոխվում: Օրինակ, նպատակային սոցիալական վճարի առավելագույն շեմ է առաջարկվում 500 հազար դրամ, իսկ պետության մասնակցությունն առաջարկվում է`25.000 դրամ: «Դեմ եմ» նախաձեռնությունը կարծում է, որ կառավարության առաջարկած փոփոխությունները ևս հակասահմանադրական են:

Aravot.am-ը քննարկմանը մասնակցած պատգամավորների հետ զրույցում հետաքրքրվեց՝ քննարկումներից գո՞հ են, արդյոք իրենց համար ընդունելի՞ են կառավարության առաջարկություններն ու մոտեցումները:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք շրջանառության մեջ ենք դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում ենք կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի մասին օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: ՕԵԿ-ը գտնում է, որ պետք է հստակ ամրագրվեն իրավական երաշխիքներ, որոնցով պետության կողմից քաղաքացիների գումարները երաշխավորված ու պաշտպանված կլինեն»:

Հովհաննես Մարգարյանը նշեց, որ կառավարության մշակած առաջարկությունների նախագծի շուրջ այժմ ընթանում են քննարկումներ: Պարոն Մարգարյանը նշեց. «Իրենց առաջարկն է՝ պետական ծառայողների համար սկսել իրականացնել կուտակային կենսաթոշակները: Մենք կներկայացնենք մեր առաջարկությունները գործընթացների ավարտին՝ քննարկումների արդյունքում և կհայտնենք նաև մեր դիրքորոշումը: Դեռ կառավարության քննարկման նախագիծն էլ չկա մեր ձեռքի տակ, որ դիրքորոշում հայտնենք: Մեր դիրքորոշումը կներկայացնենք, երբ ձեռքի տակ ունենանք փաստաթուղթը»:

ԲՀԿ Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը քննարկումները բնութագրեց՝ «աշխատանքային»: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում կառավարության առաջարկած փոփոխությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն դեմ է կուտակային համակարգին, պարոն Մելքումյանը պատասխանեց. «Մենք պետք է քննարկենք կառավարության առաջարկությունները, այնուհետև կներկայացնենք մեր մոտեցումները»:

Կառավարությունում տեղի ունեցած քննարկումներին չի մասնակցել «Ժառանգությունը»: Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ չեն մասնակցել քննարկումներին: Պարոն Հակոբյանը պարզաբանեց. «Քննարկումներին հայտագրված էր Թևան Պողոսյանը, սակայն նա այժմ գտնվում է Բաքվում ՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Rose-Roth» սեմինարին ներկայացնում է ՀՀ շահերը»:

Այնուհետև պարոն Հակոբյանը հավելեց. «Մենք դեմ ենք այն առաջարկություններին, որ ներկայացվել են կառավարության կողմից, ինչպես նաև այդ գաղափարախոսությանը: Մենք ներկայացրել ենք մեր մոտեցումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30