Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊՆ-ն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար». անհետ կորած ազատամարտիկի մայր

Հունիս 16,2014 18:36

Հունիսի 29-ը անհայտ կորած ազատամարտիկների օրն է: Արցախյան հերոսամարտի ժամանակ ամենաշատը հենց այդ օրն են անհետ կորածներ եղել՝ 76 ազատամարտիկ:

2014 թ. հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը՝ նվիրված անհայտ կորած ազատամարտիկների օրվան:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը: Նրա խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել են հայ գերիներին ու անհայտ կորած ազատամարտիկներին վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է հատկապես Երևանի և Բաքվի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովների հանդիպումը. «Մենք տարիներ շարունակ պնդում ենք, որ մեր հանձնաժողովները պիտի հանդիպեն, որպեսզի մենք կարողանանք ինչ-որ բան անել,- ասում է Ռ. Առաքելյանը,- բայց հակառակորդի կողմից քար լռություն է, միայն հայկական կողմն է այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում, բայց ոչ մի բան չի փոխվում»:

Անհայտ կորած ազատամարտիկ Վրեժ Գրիգորյանի մայրը՝ Սամարա Գրիգորյանն էլ համոզված է, որ ինչ-որ բան կփոխվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանում էլ ծնողները միասնական լինեն, պայքարեն ու պահանջեն վերադարձնել իրենց տղաներին. «Նրանց մակարդակն այնքան պիտի բարձրանա, որ նրանք պահանջեն՝ տվեք նրանց տղաներին, որ նրանք էլ տան մեր տղաներին,- ասում է Ս. Գրիգորյանը,- չէ՞ որ ծնողը չի կարող հանգիստ քնել, քանի դեռ իր երեխան տուն չի եկել, ու մենք արդեն 22 տարի է, որ ապրում ենք մեր տղաներին մի օր դիմավորելու հույսով»:

Նա վստահեցնում է, որ ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար. «Մենք ինքներս դա զգում ենք,- ասում է նա,- բայց Ադրբեջանն այնպիսի թշնամի է, որի վրա նույնիսկ Եվրամիությունը չի կարողանում ազդել»:

Ինչ վերաբերում է անհետ կորած ազատամարտիկների հարազատների սոցիալական վիճակին, բանախոսներն ասացին, որ պետությունը միշտ իրենց կողքին է եղել. «Այնպես չէ, որ միայն թոշակ ենք ստանում: Երբևէ չի եղել, որ դիմեմ որևէ ղեկավարի, ու չօգնի»,- ասում է անհայտ կորած ազատամարտիկ Գագիկ Նահապետյանի այրի Վալյա Մուրադյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30