«Մեր ձեռքի տակ է հայտնվել «կուտակայինի» նոր օրենքի սկզբունքների վերաբերյալ աշխատանքային փաստաթուղթ: Մենք ուզում ենք մեսիջ ուղարկել Կառավարությանը և հայտնել, որ մենք դեմ ենք այս նոր օրենքի ձևաչափին, քանի որ այս նոր օրենքն իր մեջ ներառում է ոչ թե աշխատանքային քայլեր, որոնք միտված են փոխելու նախորդ օրենքը, այլ նոր անուններ են տալիս, նույն օրենքն են կիրառում: Մենք վճռական ենք տրամադրված, մինչև վերջ պայքարելու ենք, վերջն ասելով հասկանում ենք հետևյալը, եթե պետք է լինի կենսաթոշակային համակարգ, ապա դա պետք է լինի կամավորության սկզբունքով»,-քառյակի նիստի ավարտից հետո, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց հետո «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը:
Բանախոսն ասաց, որ իրենք տեղեկություն ունեն, որ կառավարությունն ուզում է արտահերթ նիստով «սղղացնել» այս փաստաթուղթը, բայց իրենք ամեն ինչ անելու են, որ չհաջողվի:
Իրավաբան Մերի Խաչատրյանն էլ հավելեց, որ ինքը հարցեր ունի այն հանձնաժողովին, որը մշակում է կուտակայինի նոր օրենքը. «Ուզում եմ հասկանալ, նոր օրենքը մշակելուց իրենք հաշվի առե՞լ են Սահմանադրական դատարանի որոշումը: Անկեղծ ասած, ես նոր ընթերցեցի նոր օրենքը, ոչ մի համապատասխանեցում չկա ՍԴ որոշումների հետ, նույն խտրականությունը կա, գումարի չափը նույնն է, նույն տարիքային ցենզն առկա է, այսինքն` որևէ փոփոխություն չկա նոր օրենքում, կա նոր բառերի ավելացում և կա բառերի տեղափոխություն, սակայն մենք գիտենք, որ գումարելիների տեղը փոխելուց գումարը չի փոխվում»։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ