Պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների վերաբերյալ կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբ առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:
Ըստ այդ փոփոխությունների, կարելի է ասել, ոչինչ չի փոխվում, եւ այն առանցքային խնդիրները, որոնց դեմ պայքարում է «Դեմ եմ»-ը, գրեթե չեն փոխվում: Օրինակ, նպատակային սոցիալական վճարի առավելագույն շեմ է առաջարկվում 500 հազար դրամ, իսկ պետության մասնակցությունն առաջարկվում է`25.000 դրամ:
Անգամ փոփոխված այս տարբերակը, որն առաջարկում է կառավարությունը, Aravot.am-ի հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը կարծիք հայտնեց, որ դա նույնպես հակասահմանադրական է:
«Ինչ, որ այժմ է ներկայացվում, եւ եթե ընդունենք, որ դա վերջնական է, դա հակասահմանադրական է տարիքային խտրականության մասով, որովհետեւ նման սոցիալական վճար չի կարող գոյութուն ունենալ, որը գործում է մի տարիքային շերտի համար, իսկ մյուսի համար չի գործում»:
«Դեմ եմ»-ի անդամի խոսքերով` տարիքային խտրականության մասով օրենքի կետը հակասահմանադրական է ճանաչվել, իսկ կառավարությունը փորձում է նորից օրակարգ մտցնել:
Կարդացեք նաև
«Դեմ եմ»-ը, շարունակելու է պայքարը նաեւ այս նոր առաջարկությունների դեմ, եթե այն լինի ներկայիս տեսքով. «Մենք, բնականաբար, շարունակելու ենք պայքարել, պայքարը նոր փուլ է մտնելու: Պետք է հստակ հասկանալ, որ սա ոչ մի լուծում չի կարող լինել, նույնիսկ եթե այն սկսի գործել 2017 թվականից, որովհետեւ այո, էապես գրեթե ոչինչ չի փոխվել, այսինքն, Սահմանադրական դատարանի որոշման էությունն էլ հաշվի չի առնվել: Կառավարությունը պետք է վերջանական պատկերացնի, որ պարտադիր համակարգ չի կարող լինել, պետք է լինի այնպիսի կուտակային համակարգ, որը կհամապատասխանի մեր Սահմանադրությանը, դա կարող է լինել միայն կամավոր»:
Կառավարության առաջարկության վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյան Aravot.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ միայն անունը փոխելով, իսկ էությունը նույնը թողնելով հարց չի լուծվի, եւ կառավարության առաջարկած տարբերակն, ըստ պարոն Մինասյանի, չի կարող կյանքի կոչվել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ