«Այստեղ խնդիրը 50 հազար դրամ վարչական տուգանքը չէ, խնդիրը սկզբունքն է»,- այսօր՝ հունիսի 16-ին, Վարչական դատարանում դատական նիստից հետո նշեց քաղաքացիական ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:
Նրա խոսքերով՝ այդ օրը՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին, ոստիկանությունը ոչ միայն խոչընդոտել է վրան տեղադրելու իր իրավունքը, այլ նաեւ իր նկատմամբ բռնություններ է իրականացրել եւ իրեն ապօրինի կերպով բերման է ենթարկել ոստիկանության բաժանմունք:
Հիշեցնենք՝ անցած տարվա օգոստոսի 1-ին, երբ ակտիվիստները ցանկացել էին վրաններ տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, ոստիկանությունը դրանք առգրավել էր: Սակայն ավելի ուշ առգրավված երեք վրաններից երկուսը վերադարձվել էին քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանին, իսկ Արգիշտի Կիվիրյանի վրանը այդպես էլ չէր վերադարձվել:
Արգիշտի Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ոստիկանության քայլերը ապօրինի են, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի որպես բողոքի սպասարկման միջոց վրան տեղադրել: Նրա խոսքերով՝ Հայաստանում չկա որեւէ մի օրինական ակտ, որով կարգելվի վրանի տեղադրումը, իսկ ոստիկանությունը, Մաշտոցի պուրակից սկսած, ամեն կերպ փորձում է քաղաքացուց խլել իրենց վրանները.
«Ոստիկանությունը տառապում է վրանացավով. Երբ, որտեղ նրանք տեսնում են ակտիվ քաղաքացու ձեռքին վրան, ապա փորձում են ամեն կերպ խլել այդ վրանը, այսինքն՝ չեզոքացնել ամեն ձեւ, որպեսզի այդ վրանը չտեղադրվի»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե պարոն Կիվիրյանը ինչո՞վ է պայմանավորում այն փաստը, որ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում վրանը փաթեթավորված չի եղել, նա նշեց, որ այդ քայլով նրանք խախտել են օրենսդրությունը. Վրանը պետք է լիներ փաթեթավորված վիճակում. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես համառորեն ցույց է տալիս, որ ինքը որեւէ պարագայում չի ցանկանում պահպանել օրենքը: Դա իրենց աշխատաձեւն է դարձել՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բոլոր բնագավառներում ցուցադրում է իր այդ վերաբերմունքը»:
Արգիշտի Կիվիրյանը խոստովանեց, որ դատարանից որեւէ սպասելիք չունի, քանի որ հասկանում է, որ բոլոր այս գործերում, եթե իրենց դիրքերը հիմնավոր լինեն, գործը չի որոշվելու դատարանում. «Այս գործերը որոշվում են Բաղրամյան 26-ում: Ես բոլոր ատյաններում, ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան շարունակելու եմ այս պայքարը»:
Իսկ նրա փաստաբան Լուսինե Սահակյանը տարօրինակ է համարում, որ իրեղեն ապացույցը Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում փաթեթավորված չէ: Նա հայտարարեց, որ դա օրենքի խախտում է. «Ի՞նչ վրան նրանք կներկայացնեն դատարան՝ մեզ համար անհասկանալի է: Նրանք հնարավորություն ունեն փոխել այդ վրանը եւ ներկայացնել ցանկացած վրան՝ ինչ իրենք կցանկանան: Նույնիսկ իրեղեն ապացույցի հետ վարվել չգիտի ոստիկանությունը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ