Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեները հրավիրվել են Բաքու` մասնակցելու սպորտի պատմության մեջ առաջին անգամ այնտեղ անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի մեկնարկի ժամանակի հետհաշվարկը սկսելու առիթով գալա երեկոյին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ «սպորտը եղել եւ մնում է երկրի զարգացման կարեւորագույն ուղղությունը»: Նա նաեւ ավելացրել է, որ Բաքվի համար պատիվ է կազմակերպել պատմության մեջ առաջին Եվրոպայի խաղերը:
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի ԱՕԿ-ը պատվիրակություն չի գործուղել Բաքու: Պարոն Ռոստոմյանը նշեց նաեւ, որ դեռ հայտնի չէ, թե Հայաստանը կմասնակցի՞, արդյոք, Եվրոպայի օլիմպիական խաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ