Այսօր՝ հունիսի 16-ին, Վարչական դատարանում, դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ քաղաքացիական ակտիվիստ, Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի՝ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրելու դեպքերի հետ կապված գործով դատական նիստը:
Հիշեցնենք՝ անցած տարվա օգոստոսի 1-ին, երբ ակտիվիստները ցանկացել էին վրաններ տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, ոստիկանությունը դրանք առգրավել էր: Սակայն ավելի ուշ առգրավված երեք վրաններից երկուսը վերադարձվել էին քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանին, իսկ Արգիշտի Կիվիրյանի վրանը այդպես էլ չէր վերադարձվել:
Դատական նիստի ընթացքում դատավոր Բաղդասարյանը նշեց, որ անցած նիստի ընթացքում դատարանը բավարարել էր վկաների եւ իրեղեն ապացույց հանդիսացող վրանի ներկայացնելու միջնորդությունը, սակայն կողմերը նշեցին, որ դրանք բացակայում են: Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը նշեց, որ կարող է տաս րոպեի ընթացքում վկաների ներկայությունն ապահովել, սակայն առանց իրեղեն ապացույցի հնարավոր չէ շարունակել դատական նիստը, քանի որ վրանի հետ կապված բազմաթիվ հարցադրումներ կան՝ «Առանցքայինը հենց վրանն է»: Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը նշեց, որ վրանի բացակայության պատճառները զուտ տեխնիկական են.
«Առավոտվանից դատական նիստերի եմ մասնակցում, առաջին հայացքից մեծ թվաց, չգիտեի, որ կարող եմ ծալել»:
Ի պատասխան նրա պնդմանը, որ վրանը չափերով մեծ է՝ Արգիշտի Կիվիրյանը ներկաներին ցույց տվեց այդ վրանի լուսանկարները: Նրա փաստաբան Լուսինե Սահակյանին հետաքրքրեց, թե Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում ի՞նչ վիճակում է գտնվում իրեղեն ապացույց վրանը, Սոնա Մելիքյանը նշեց, որ այն ո՛չ փաթեթավորված է եւ ո՛չ էլ բացված է: Արամազդ Կիվիրյանը միջնորդություն կատարեց՝ հետաձգել դատական նիստը, որը դատավոր Բաղդասարյանը բավարարեց ՝ դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի է ունենալու հուլիսի 31-ին.
«Բոլոր դեպքերում գործի քննությանն ենք անցել: Գործի՝ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության համար դատարանը կարեւորում է վկաների քննությունը եւ իրեղեն ապացույցի առկայությունը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ