Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ պարտադիր կուտակայինը հարկատեսակ դարձրին ու վերջ»

Հունիս 16,2014 17:45

Մինչ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, նրա նախորդի`Տիգրան Սարգսյանի օրոք շրջանառվում էր, որ կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարները  կառավարությունը պատրաստվում է հարկատեսակ դարձնել:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո էլ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ստեղծած աշխատանքային խումբն էլ, ինչպես տեղեկացնում է «Փաստինֆոն»՝ հղում անելով իր աղբյուրներին, առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն, սահմանել նպատակային սոցիալական վճար :

«Այն, ինչը կառավարությունը ներկայացրել է, որպես նախնական տարբերակ, էությունը հետեւյալն է` սոցիալական վճար են դարձնում, բայց պահպանում են պարտադիրի սոցապ հաշվարկման կանոնները, ինչը չի նշանակում, որ ինքը վերածվեց հարկատեսակի կամ սոցիալական պարտադիր վճարի, որովհետեւ միայն անունը փոխելով էությունը նույնը թողնելով չի լինի, էությունը պետք է փոխվի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ արձագանքելով կառավարության առաջարկին:

Ըստ պարոն Մինասյանի, այնպես չէ, որ հարկատեսակ դարձրեցին ու վերջ, խորը խնդիրներ կան, եւ եթե կառավարությունը փոփոխություններ է անում, ապա խորը իմաստ պետք է դնի դրանցում, ոչ թե, ինչպես պատգամավորն ասաց` պարզունակ մոտեցում ցուցաբերել:

Պարոն Մինասյանն ասաց, որ ներկայումս քննարկումներ են գնում կառավարությունում, սակայն ՀՅԴ անդամը վստահ է, որ ձեւական փոփոխություններով այն տարբերակը, որը փորձում է կառավարությունը ներկայացնել, դա չի կարող կյանքի կոչվել:
«Ամեն մեկն էլի իր հերթին ինչ-որ բաներ է հայտարարում` հարկատեսակ ենք դարձնում, այս ենք անում, այն ենք անում, հո էդպես չէ՞, ամեն ինչի մեջ պետք է էություն լինի, հարկատեսակն էլ չի կարող անսահման լինել: Էությունը պետք է փոխվի»,-ասաց պարոն Մինասյանը:

Մեր հարցին, թե օրենքի էությունը հատկապես ինչպե՞ս, կամ ո՞ր հատվածը պետք է փոխել, պարոն Մինասյանը պատասխանեց. «Առաջին կարեւոր խնդիրն այն է, որ այսօրվա միասնական եկամտային հարկում արդեն սոցիալական վճարը, կամ` կենսաթոշակային նպատակային վճարը կա, նախ պետք է տարանջատել` որն է եկամտի հարկը, ո՞րն է սոցիալական պարտադիր վճարը եւ այսօրվա եկամտային հարկը միանշանակ պետք է բաժանվի, որովհետեւ սոցիալական պարտադիր վճարը, կամ այս դեպքում` կենսաթոշակային պարտադիր վճարը, որ միավորվեց միասնական եկամտային հարկ դարձավ, սրա տնտեսական եւ սոցիալական էությունն այլ է, եկամտային հարկի էությունն` այլ: 2-րդ`ինչպես սա Սահմանադրական դատարանն է արձանագրել, կենսաթոշակային պարտադիր վճարին պետք է մասնակցի նաեւ գործատուն, այսինքն՝ այսօրվա եղած համակարգը ոչ միայն պետք է տարանջատի կենսաթոշակային վճարը եկամտի հարկից, նաեւ պետք է կենսաթոշակային վճարի գոյացման համար գործատուի մասնակցությունը դիտարկի: 3-րդ կարեւոր սկզբունքը` սոցիալական կենսաթոշակային վճարը չի կարող ինքնանպատակ ինչ-որ մի թիվ լինել: Այն պետք է ապահովի արդարացի փոխհատուցում թոշակառուին` հետագա ժամանակահատվածի համար. մի կողմից պետական կայուն գործող թոշակային համակարգ, մյուս կողմից` կամավոր կուտակային համակարգ: Այսինքն, այստեղ պետք է գործի հստակ պետական պարտադիր կենսաթոշակային համակարգը եւ զուգահեռաբար կամավոր կուտակային խթանիչների համակարգով օժտված կենսաթոշակային համակարգ»:

Մյուս կարեւոր սկզբունքն, ըստ պարոն Մինասյանի, խնայողություններն են, որ երկրի մասշտաբով կարող են ապահովել երկրի տնտեսական աճ, զարգացում. սրանց հիման վրա էլ` բոլոր կենսաթոշակառուների կենսամակարդակի բարձրացում. «Սա նշանակում է, որ ամբողջ համակարգը պետք է խթանի կամավոր խնայողությունները եւ չպետք է սահմանափակվել զուտ աշխատակիցների աշխատավարձերով, այլ համակարգն այնպիսին լինի, որ ցանկացած դեպքում մարդիկ շահագրգռված լինեն կամավոր մասնակցել, վճարել, այդ խնայողություններին, իսկ այդ խնայողությունները պետք է օգտագործեն մեր տնտեսության մեջ, այլ ոչ թե արտահանվեն»:
Aravot.am-ի հարցին` եթե պատգամավորի նշած կետերը հաշվի չառնվեն, ապա ինչ քայլերի կդիմեն նրանք, պարոն Մինասյանն ասաց. «Պայքարը շարունակվելու է, եւ քանի դեռ պարտադիր բաղադրիչը դուրս չի եկել մեր օրենսդրությունից, պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30