Հունիսի 15-ին տեղի է ունեցել կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթը Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշմանը համապատասխանեցնելու համար ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը:
Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ ընդունվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մեխանիզմները փոփոխելու մոտեցումներ, որոնք դրվել են քննարկման:
Նիստի ժամանակ ընդունված փաստաթղթում ուրվագծված սխեման մասնավորապես առաջարկում է հետևյալ մոտեցումները.
1. 2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրությամբ սահմանված պարտադիր կուտակային վճար այլևս չի կատարվելու: Օրենքով սահմանվում է ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար (սոցիալական վճար):
2. Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի`մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը` 25.000 դրամ ամսական, կամ տարեկան`300.000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019 թվականից, ավելացվելու է`միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
3. Նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը կատարում է գործատուն (այսինքն, նվազագույն անվանական ամսական աշխատավարձը պիտի սահմանվի այնպես,որ դրանից սոցիալական վճար և հարկը պահելուց հետո չմնա ավելի պակաս գումար, քան «Նվազագույն անսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափը, 2014թ. հուլիսի 1-ից`50.000 դրամ):
4. Պետական հատվածի սոցիալական վճար կատարող աշխատողները, ովքեր մասնակից են և ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, կարող են իրենց սոցիալական փաթեթի գումարները (բացի առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից) որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:
5. Եթե սոցիալական վճար կատարող անձը գնում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա մինչև երեխայի 2 տարին լրանալը (18000 դրամ նպաստ ստանալու ժամանակահատվածում) այդ անձի համար պետությունը կատարում է կուտակային վճար` խնամքի արձակուրդում գտնվող յուրաքանչյուր անձի համար 5000 դրամ: Այս դեպքում, անձի տվյալները դեպոզիտարիային է տրամադրում հարկայինը` հիմք ընդունելով գործատուի ներկայացրած հաշվարկը (խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում գործատուն ներկայացնում է գրանցման հայտ):