Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական միջազգային մրցույթի (դաշնամուր) արդյունքները հայտարարվեցին հունիսի 14-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մրցույթի ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակային տեղը մնաց թափուր:
Կարդացեք նաև
Հետևաբար, հաղթողի համար սահմանված մի քանի հատուկ մրցանակներ KAWAI- ի և Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի կողմից իրենց տերերին կսպասեն արդեն հաջորդ՝ 2015թ.-ին:
2-րդ մրցանակը կիսեցին Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան) և Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան):
3-րդ մրցանակին արժանացավ Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), իսկ 4-րդ մրցանակային տեղը զբաղեցրեց Ռան Ջիան (Չինաստան):
Հանձնվեցին նաև մի շարք հատուկ մրցանակներ «Քշիշտոֆ Պենդերեցկի Ակադեմիա» ասոցիացիայի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի, «Ալբերտ Կոնցերտ» համերգասրահի, MIDEM-ի, Վիենայի միջազգային ակադեմիայի և Ռիխարդ Վագներ կոնսերվատորիայի, մոսկովյան «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի ( հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ) կողմից:
Գալա-համերգի ընթացքում հնչեց Արամ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտը ՀՊԵՆ-ի ու մրցույթի 2-րդ մրցանակակիրների Անաստասիա Նեստերովայի և Եվգենի Ստարոդուբցևի կատարմամբ:
Տեղեկացանք, որ հաջորդ տարի կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը, և անվանի ջութակահար Ռուբեն Ահարոնյանը կղեկավարի ժյուրիի աշխատանքները:
Ինչպես և խոստացել էինք, ստորև ներկայացնում ենք հարցազրույց մրցույթի հիմնադիր, դրա հոգաբարձուների խորհրդի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանի հետ:
-Պարոն Սմբատյան, հիշեցրեք, խնդրե՛մ, մրցույթի ստեղծման գաղափարը և պատմությունը:
– Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը հիմնադրվել է 2003թ.: Սակայն այս գաղափարը Ձեր խոնարհ ծառայի մոտ հղացել էր դեռ 1990-ականների երկրորդ կեսին, երբ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնն էի զբաղեցնում: Բոլորս լավ ենք հիշում` դժվար տարիներ էին…
… 90-ականների վերջին Միխայիլ Շվիդկոյը, ով այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարն էր, արձագանքելով իմ այդ գաղափարին, որոշեց հիմնել Արամ Խաչատրյանի անվան մրցույթ` Մոսկվայում անցկացվելիք:
Ինչու՞ Մոսկվայում: Միխայիլ Եֆիմովիչը, ով հայ ժողովրդի նվիրյալ բարեկամներից է, դա պատճառաբանեց Հայաստանում` այն ժամանակ` նյութա-ֆինանսական բազայի սակավությամբ, կազմակերպական խնդիրներով:
Ես հատուկ գնացի Մոսկվա, որ համոզեմ Ռուսաստանի կառավարությանը հրաժարվել իր արդեն ընդունված որոշումից, քանի որ լավ էի գիտակցում, որ աշխարհում ամենահայտնի հայ դասական կոմպոզիտորը մեծն Խաչատրյանն է, և հենց իր անվան պարագայում որևէ միջազգային մրցույթ կարող է առավելագույնս ձգել թե՛ մասնակիցներին աշխարհի տարբեր ծայրերից, և թե՛ երաժշտական աշխարհի ուշադրությունը Հայաստանի` որպես հարուստ երաժշտական և ընդհանրապես մշակութային ավանդույթներ ունեցող երկրի վրա: Եվ, ի պատիվ պարոն Շվիդկոյի և իր գործընկերների, իրենք համաձայնեցին, որ մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը անցկացվի իր պատմական հայրենիք Հայաստանում, նաև խոստացան օգնել: Եվ պիտի հատուկ շնորհակալություն հայտնեմ Ռուսաստանի Դաշնությանը մրցույթին մշտապես աջակցելու համար: (Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС), ք. Մոսկվա- Գ.Խ.):
Եվ 2003-ի` Արամ Խաչատրյանի 100-ամյակի տարվա վերջին Երևանում անցկացրեցինք առաջին մրցույթը:
Գիտե՛ք, այն տարիներին Հայաստանում, իհարկե՛, անց էին կացվում «միջազգային» անվանումը կրող ինչ-ինչ մրցույթներ, փառատոններ, սակայն դրանցում մասնակցում էին` հայկականներից բացի, ընդամենը մեկ-երկու համույթ արտերկրից` ասենք, հարևան Վրաստանից, Իրանից և այլն:
Իսկ ես ցանկանում էի, որ Խաչատրյանի անվան մրցույթը լինի իսկապես միջազգային, և դա, կարծես, հաջողվեց:
(Դե ի՛նչ, պարոն Սմբատյանի սույն խոսքերի հետ դժվար է չհամաձայնել. անցած տասնամյակի ընթացքում մշտապես աճել է և՛ մրցույթի մասնակիցների թիվը, և՛ նրանց աշխարհագրությունը` ԱՄՆ-ից մինչև Չինաստան, Կանադայից մինչև Թայվան, Ռուսաստանից մինչև Հարավային Կորեա և Ճապոնիա: Դե իսկ մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամների կազմը, կարող եք հավատալ Մոսկվայում և արտերկրում վերջին երկու տասնամյակների ընթացքում մի քանի նմանատիպ մրցույթներին ծանոթացած՝ որպես ունկնդիր, նաև՝ լրագրող սույն տողերի հեղինակին, ավելի քան տպավորիչ է. ընդգրկված են համաշխարհային հռչակ վայելով այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Վալերի Գերգիևը, Պավել Կոգանը, պրոֆեսոր Ինո Միրկովիչը, Էլժբետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, Միխայիլ Շվիդկոյը, պրոֆեսոր Ալեքանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկվիտը, IMG Artists GmbH-ի տնօրեն Տանյա Դորնը և նշանավոր այլ անձիք: Նույնը վերաբերվում է ժյուրիին. այս տարի դրա կազմում էին ընդգրկված երաժշտական աշխարհի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ռուսաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Ալեքսանդր Բոնդյուրանսկին, ով, ի դեպ, հեղինակիս հետ հարցազրույցում մրցույթի կազմակերպական մակարդակը գնահատեց որպես «հիանալի», իսկ ժյուրիի ձևաչափը` պրոֆեսիոնալ կատարողների, երաժշտագետների, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և հանդեսների ղեկավարների համախմբմամբ` որպես «չափազանց հետաքրքիր», աշխարհահռչակ դաշնակահարներ Աննա Մալիկովան (ՌԴ) և Մարկո Սոլլինին (Իտալիա), «Naive Classique & Jazz»-ի տնօրեն Դիդյե Միշել Մարտինը (Ֆրանսիա), «Piano News & ENSEMBLE»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Քարստեն Դյուրերը (Գերմանիա) և ուրիշներ:
Ինքը` մրցույթն էլ հանդիսանում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions, – WFIMC, Geneva) անդամ, որի գլխավոր քարտուղար տիկին Մարիան Գրանվիգը այս տարվա` հոբելյանական մրցույթի պատվավոր հյուրերի թվում էր, և դրա փակման հանդիսավոր արարողությանը շնորհակալական խոսքեր հնչեցրեց մրցույթի կազմակերպիչների հասցեին – Գ.Խ.):
…WFIMC-ի հետ մենք սերտորեն աշխատում ենք, բնականաբար, համաձայնեցնում իրենց հետ ժյուրիի կազմը, կարևոր այլ հարցեր:
-Պարոն Սմբատյա՛ն, թույլ տվեք Ձեզ` որպես միջազգային փառատոնի հիմնադրի, հարցնել. ո՞րն էր մրցույթի` թույլ տվեք այսպես ասել` հիմնադիր գաղափարը:
-Գիտե՛ք, ես միշտ երազել եմ, որ Երևանը դառնա փառատոների քաղաք, քանի որ մեր պատմամշակութային արժեքները, նաև` տաղանդավոր մարդիկ, այդ թվում և երաժիշտները, իմ խորին համոզմամբ, Հայաստան երկրի գլխավոր հարստությունն են, որ կարող է և պե՛տք է ներկայացվի աշխարհին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ մրցույթի միջոցով աշխարհում է՛լ ավելի շատ Արամ Խաչատրյան կատարեն, ճանաչեն մեր մեծ հանճարին, և իր միջոցով` Հայաստանն ու հայերին:
Մանավանդ որ Խաչատրյանի գործերը շատ կարևոր են նաև կատարողական արվեստի տեսակետից. նրա ջութակի, թավջութակի, դաշնամուրի համար կոնցերտները, «Սպարտակ» բալետը մտնում են համայն աշխարհի կատարողների պարտադիր ցանկի մեջ:
… 10 տարի անց կարող եմ գոհունակությամբ նշել, որ մրցույթի շնորհիվ բազմաթիվ երաժիշտներ և երաժշտական աշխարհի գործիչներ` և՛ համաշխարհային համբավ վայելող, և՛ ոչ այդքան հայտնի, և՛ տակավին երիտասարդ` կապվեցին մեր երկրին, մեծ հաճույքով նորից ու նորից են գալիս այստեղ…
… Վստահաբա՛ ր, ինչ էլ որ լինի, այս քաղաքում յուրահատուկ մի բան կա, որ կապում ու ձգում է տարբեր ազգությունների մարդկանց…
Սրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ, ավա՛ղ, կարևոր մի այլ նպատակ` մեզանում հետաքրքրությունը դեպի դասական երաժշտությունը, կատարողական արվեստը և կատարողների մակարդակը բարձրացնելը` վերջին քսան տարիների ընթացքում մեր` հասկանալի պատճառներով ունեցած կորուստները այս բնագավառում գոնե ինչ-որ չափով վերականգնելու համար՝ չիրագործվեց, կամ, իրագործվեց մասամբ:
Շատ ծնողներ այլևս չե՛ն ձգտում, որ իրենց զավակները դառնան պրոֆեսիոնալ երաժիշտներ, քանի որ այս մասնագիտությունն այսօր Հայաստանում, ցավո՛ք, թույլ չի տալիս վաստակել գումար քիչ թե շատ ապահովված ապրելու համար:
Այս պայմաններում բնական է, որ լավագույն կատարողները իրենց հաջողությունը որոնում են, պատկերավոր ասած` «ամայի, օտար ճամփաներին», հետո, արտերկրում հաջողության հասնելուց հետո, հաճախ այցելում իրենց Հայրենիքը, համերգներ տալիս, աշխատում են ինչ-որ կերպով օգտակար լինել հայաստանյան իրենց գործընկերներին, շնորհալի երեխաներին, սակայն այս տարվա դաշնակահարների մրցույթի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները, ցավոք, չփայլեցին իրենց կատարողական արվեստով` ի տարբերություն ավանդաբար ուժեղ Մոսկվայի կոնսերվատորիայի սաների, ԱՄՆ, Չինաստանի ներկայացուցիչների: Եվրոպացիների մասին էլ չեմ էլ խոսում…
Գիտե՛ք, մենք ունենք շատ կատարողներ, սակայն` միջին մակարդակի:
Միջազգային բեմահարթակներում նրանք, ավաղ, «խեղճանում» են…
Ի՞նչ է պետք անել վիճակը շտկելու համար: Մերոնք պետք է ավելի հաճախ գնան արտասահման, ծանոթանան այնտեղի կատարողական արվեստին, նորություններին, շփվեն…
-… Այստեղ, իհարկե՛, կարևորվում է պետական հոգածության դերը…
-… Անկասկա՛ծ:
Կարող եմ ի լուր բոլորի հայտարարել, որ առանց պետության ամենայն աջակցության Արամ Խաչատրյանի անվան մրցույթը հազիվ թե այսքան հաջողված լիներ:
Նախևառաջ, մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ Առաջին տիկին՝ կրթությամբ` երաժիշտ, կոմպոզիտոր Ռիտա Սարգսյանը, և իր մասնակցությունը աշխատանքներին ակտիվ և արդյունավետ է:
(Հուսով եմ, «ոմանք» չեն մեղադրի հեղինակիս իշխանություններին «հաճոյախոսելու» համար, եթե ստորև ներկայացվի ՀՀ Առաջին տիկնոջ հովանու ներքո անցած միջոցառումների ցանկը միայն վերջին երկու շաբաթների ընթացքում, այն էլ` միայն Ձեր խոնարհ ծառային հայտնի, որոնց կազմակերպման հարցում, ի դեպ, տիկին Ռիտա Սարգսյանը իր զգալի ավանդն է ունեցել. 31-ը մայիսի – Cartoon Non-Stop բարեգործական համերգ` անապահով և հաշմանդամ երեխաների համար Երևանից և մարզերից, 1-ը հունիսի ` տկն Սարգսյանի ղեկավարած «Նվիրիր կյանք» հիմնադրամի համերգը ապաքինված մանուկների և «աստղերի» համատեղ կատարումներով, 6-ը հունիսի – Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացում, 14-ը հունիսի – մրցույթի փակում: Հավատում եմ նաև, որ այստեղ տեղին է հիշեցնել աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի խոսքերն ասված ՀՀ Առաջին տիկնոջ հասցեին մի երկու տարի առաջ Երևանում կայացած իր համերգի ժամանակ՝ Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործության կատարումից առաջ. «Երանի թե մենք, արվեստագետներս, Իտալիայում այսպիսի Առաջին տիկին ունենայի՛նք…» – Գ.Խ. ):
ՀՀ մշակույթի նախարարությունն էլ ջանք չի խնայում, որ մեր մրցույթն անցկացվի հավուր պատշաճի:
Աշխարհում շատ քիչ մրցույթներ կան, որոնք հաստատվել են երկրի կառավարության որոշումով, այն էլ ոչ թե՛ որպես միանգամյա միջոցառում, այլ արդեն լիովին ձևավորված և գործող համակարգ` համապատասխան գումարների հատկացմամբ: Եվ սա շատ է ողջունվում արտերկրում: Սրա մասին գիտեմ արտասահմանյան երաժիշտների և գործիչների հետ իմ շփումներից:
-Այս տարվա մրցութային ծրագիրը, կարծես, բավականին բարդ էր…
-Այս տարվա ծրագիրն իսկապես որոշակիորեն բարդացրել էինք, և այս իմաստով այն ոչնչով չէր զիջում միջազգային այլ մրցանակաբաշխություններին:
Այսպես, 9 տարի անընդմեջ մրցույթի եզրափակիչ փուլում մասնակիցները նվագում էին ընդամենը մեկ համերգ նվագախմբի հետ` Արամ Խաչատրյանի հեղինակածը, իսկ այս տարի պահանջվում էր կատարել արդեն երկու համերգ` մեկը` Խաչատրյանի, մյուսը` ընտրությամբ՝ Բեթհովենի, Շոպենի, Բրամսի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ռախմանինովի և Պրոկոֆեւի համերգների ցուցակից:
…Եթե թույլ տաք, ես` որպես Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, նշեմ, որ ամեն ինչ արվում է, որ պահպանվի այն ամբողջ դրականը, այն ավանդույթները, որ ստեղծվել են բազում տասնամյակների ընթացքում, որ ներկայիս` ոչ այնքան դյուրին պայմաններում մարդիկ աշխատեն…
-… Կրճատումներ, ասենք, թոշակային շեմը անցած դասախոսների, եղե՞լ են:
– Եվ ո՛չ մի մարդ:
Գիտե՛ք, արվեստագետների պարագայում կարելի է զուգահեռներ անցկացնել մեր կոնյակի հետ. որքան հի՛ն, այնքան լա՛վ:
Կան նաև շատ լավ երիտասարդ դասախոսներ կոնսերվատորիայում: Սակայն ժամանակները փոխվել են, և այսօր երիտասարդներին Մալեր, կամ, ասենք, Պրոկոֆեւ սովորեցնելու համար ստիպված են դնելու մի երկու այսպես կոչված «պոպուլյար» գործ, որ գոնե մեկ «լուրջ» ստեղծագործություն ունկնդրեն և յուրացնեն:
…Գիտեք, թե քանի՞ երաժշտական դպրոց կար Հայաստանի երկրորդ` Խորհրդային Հանրապետությունում: 260, և բոլորն էլ լեփ-լեցուն էին աշակերտներով, ավելին` բազմաթիվ երեխաներ դուրս էին մնում դրանցում տեղերի «սահմանափակության» պատճառով:
Իհարկե՛, բոլոր նրանք, ովքեր ավարտում էին երաժշտական դպրոցը, պարտադիր կերպով պրոֆեսիոնալ երաժիշտ չէին դառնում:
Խնդիրն այլ էր. պատրաստել պարզապես բազմակողմանի կրթված մարդկանց…
Փառատոները մի ն-ով է գրվում:
Շնորհակալ ենք: Ուղղեցինք