«Ի՞նչ է նշանակում վերջնագիր, վերջնագիրը ո՞րն է: Եկեք դեպքերը ժամանակից շուտ չհասունացնենք: Ամեն ինչ պետք է ճիշտ հաշվարկել»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ քառյակի 12 կետերում սկզբունքային հարցեր չեն ընդգրկվել և ըստ էության վերջնագիր չի ներկայացվել կառավարությանը, այսպես պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 10-ին ոչ իշխանական չորս ուժերը`ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հրապարակեցին 12 կետից բաղկացած իրենց հայտարարությունը: 12 պահանջների շարքում է՝ վերացնել կուտակային պարտադիր բաղադրիչը, կրկնապատկել գյուղմթերքի արտադրությունը, առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը, չստորագրել որևէ փաստաթուղթ, որը վտանգում է Արցախը և այլն:
Այս կետերի վերաբերյալ հնչեցին մի շարք քննադատություններ, մասնավորապես, թե «չի երևում, որ ընդդիմությունը վերջնագիր է դնում իշխանության առջև մինչև սեպտեմբերի 30-ը, և իշխանությունը դիմադրում է»:
Այս առիթով Միքայել Մելքումյանը նշեց. «Ես միշտ ասել եմ, որ դեմ եմ պայթյունավտանգ, ցնցումային իրավիճակներին: Ամեն ինչ պետք է բնական լինի: Քառյակի ու ոչ իշխանական ուժերի կշիռն այնքան պետք է բնականորեն աճի ու գա ինչ-որ կետի, որ այդ ամենը բնական կատարվի: Մենք արհեստական գեներացնենք, մեր պետությանը կանգնեցնենք կատաստրոֆիկ իրավիճակի, ինչի՞ կհասնենք: Ասենք՝ պահանջեցինք հրաժարական, ի՞նչ է լինելու, միշտ էլ կարելի է պահանջել: Բայց այդ հրաժարականը լինելո՞ւ է, իհարկե` ոչ: Դրա համար պետք է ողջամիտ քայլերով, փոքր հաջողություններով հասնել բնական լուծմանը»:
Կարդացեք նաև
ԲՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ 12 կետերը սահմանափակված չեն կարծրատիպով, և սեպտեմբերի 30-ը սահմանված է որպես ողջամիտ ժամկետ հարցադրումների իրականացման համար: Այնուհետև պատգամավորը հավելեց. «Ասեմ, որ էլեկտրաէներգիայի և գազի խնդիրը հնարավոր է ներառվի, և ավելացվի 12 կետերի ցանկը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ