Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբազանի անխնա քննադատությունը` սահմանամերձ Խարկով գյուղի դատարկվելու կապակցությամբ (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունիս 16,2014 15:14

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը պատարագ մատուցեց Անիի ավերակներից ընդամենը մեկ ձորով բաժանված Խարկով կամ վերջերս անվանափոխված Նոր Շեն գյուղի խոնարհված եկեղեցում: Գյուղը փաստացի գտնվում է Շիրակի մարզի վարչական սահմաններում, սակայն իսպառ դատարկվել է սահմանային ռեժիմի պատճառով, տարիներ շարունակ ռուս սահմանապահները բնակիչներին արգելել են առանց հատուկ թույլտվության հարազատներին ու բարեկամներին հյուրընկալել գյուղում: Սա էլ գլխացավանք է դարձել բնակիչների համար , և նրանք հետզհետե, ընթացքում լքել են գյուղը: Գյուղի տները ավերակ են դարձել, և միակ բնակիչը մնացել է 78-ամյա Վահանդուխտը:
Այս գյուղում ծնված, սակայն հարևան Բագրավան բնակության տեղափոխված մարդիկ, 10 օր առաջ լսելով պատարագի մասին, փորձել էին թույլտվություն ստանալ իրենց իսկ ծննդավայրն անցնելու համար: Սակայն ականատես եղանք, թե ինչպես երեկ ռուս սահմանապահները չէին թույլատրում նրանցից մեկին անցնել իր ծննդավայր` պատճառաբանելով, թե երեխաներիդ ծննդյան վկայականը մոռացել ես: Շիրակի թեմի առաջնորդի միջամտությամբ բավական մեծ դժվարությամբ անցնելով գյուղի տարածք` մարդիկ, այնուամենայնիվ մասնակցեցին պատարագին: Իսկ պատարագը բավական երկար տևեց:

PrevPhoto
NextPhoto

Նշենք, որ խոնարհված, տանիքից զուրկ եկեղեցին, ըստ բնակիչների, մշտական անուն չունի, այն անվանել են Նորամանուկ, երբեմն նաև Սուրբ Հովհաննես, այն ունի մոտ 100 տարվա պատմություն, խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ: Եկեղեցին, ըստ խարկովցիների, կառուցել է Մանուկ անունով մի մարդ, որը մազապուրծ փրկվելով կոտորածներից` իր հետ Վանից խաչքարեր է տեղափոխել: Եկեղեցու մուտքի երկու խաչքարերը հենց նրա բերածն են: Երազում սուրբը Մանուկին հուշել է եկեղեցի կառուցել ու իր բերած խաչքարերն էլ այնտեղ տեղադրել: Եկեղեցու մուտքի շեմի տակ, խարկովցիների ասելով, 5-6-րդ դարերի խաչքարեր են տեղադրված: Եկեղեցու դուռը ևս բերված է Վանից, այն եղել է Վանի եկեղեցունը: Մարջան անունով մի կին, կոտորածների ժամանակ փախչելով Վանից , մտածել է մի մասունք տանել իր հետ: Ամուսնուն ու երեխաներին թողնելով ապահով մի տեղ` թոհուբոհի միջով նորից հետ է դարձել Վան, տեսել է եկեղեցին հողերին է հավասարվել, մասունք չկա վերցնելու, դուռն է միայն կանգնած, այն շալակել ու հետը բերել է Արևելյան Հայաստան: Հետագայում, երբ կառուցվել է Խարկովի եկեղեցին, տիկին Մարջանը այն նվիրել է եկեղեցուն: Այս մասին մեզ պատմեց Մարջանի ծոռնուհին` Շուշանիկը: Իսկ թե ինչու եկեղեցին երբեմն կոչվում է նաև Սուրբ Հովհաննես, ըստ ծոռնուհու, այս սուրբը իր տատիկի ու նրա ընտանիքի անդամների հետ մշտական կապի մեջ է եղել, պարբերաբար այցելել է նրանց, նույնիսկ սենյակ է ունեցել նրանց տանը, հետագայում ամբողջ տունը փլվել է, կանգուն է մնացել միայն այդ սենյակը: Իսկ այդ սենյակում դեռ պահպանված է 50-60 սմ խորությամբ սպիտակ ու նուրբ այն քարը, որի վրա հրեշտակներ են քանդակված, և գիտնականները դեռ չեն պարզել ինչ նյութից է: Մարջանը այդ քարը գտել է իրենց գոմից` Սուրբ Հովհաննեսի հուշելով, վերջինս երազ է եկել ու ասել` արի ինձ փրկի, խեղդվում եմ, ես ձեր գոմի կարմիր եզան ձախ ոտքի տակի սալքարի տակ եմ: Այս պատմությունից հետո տիկին Մարջանը սկսել է այս սրբի օգնությամբ հեքիմությամբ զբաղվել, բուժումներ անել ու որպես հեքիմ մեծ անուն է վաստակել: Բուժված մարդիկ էլ, ի պատիվ սրբի, եկեղեցին Սուրբ Հովհաննես են անվանել:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, պատարագը մատուցելուց հետո, հանդես եկավ համարձակ մի ելույթով: «Իմ սիրտը մխիթարված է, որ տարիների իմ ցանկությունը և իմ երազանքն այսօր իրականացավ, անշուշտ, սա երազանքի ավարտը չէ: Ես երազում եմ մի օր տեսնել այս եկեղեցին վերակառուցված `շեն, բարեկարգ, և այն ժամանակ ավելի մեծ ուրախությամբ այս եկեղեցում Սուրբ պատարագ կմատուցեմ: Բայցևայնպես այսօր մեր ուրախությունը լիակատար ուրախություն չէ , ինչո՞ւ, որովհետեւ շատ հաճախ մենք դժգոհում ենք` ասելով, թե Արևմտյան Հայաստանում մեր եկեղեցիները անմխիթար վիճակում են և մեղադրում ենք հարևան ժողովրդին՝ ասելով, թե մեր եկեղեցիները պղծել է, մեր եկեղեցիները քանդել է, մեր եկեղեցիների դռանը անասուն է կապել և այլ նման բաներ: Բայց այս եկեղեցին չի խոնարհվել թուրքի ձեռքում, այս եկեղեցին խոնարհվել է մեր ձեռքում, հայի անուն կրող մարդկանց ձեռքում: Եվ այսօր էլ` 24-25 տարի հետո անկախությունից, այս նույն անմխիթար վիճակն է: Եվ ես չեմ հասկանում և չեմ կարողանում հասկանալ, թե ումի՞ց ենք դժգոհում, ինչո՞ւ ենք դժգոհում…
Աշխարհի վրա մի իրականություն կա, որից պետք է դժգոհել, դա մենք ենք միայն, հայ ժողովուրդը որևիցե մեկից դժգոհելու իրավունք չունի, բացի իրենից, որովհետև այն բոլոր փորձությունները, որ մեր գլխին եկել են և այն բոլոր դառնությունները, որ մեր գլխին գալիս են, գալիս են մեր պատճառով, մեր խելքի, մեր անփութության, մեր լկտիության պատճառով: Եվ մենք փորձում ենք մեղքը փնտրել ուրիշի մեջ :

Ահավասիկ այս գյուղը` պատմական Խարկովը գյուղը ո՞ւմ ձեռքով ամայացավ` թո՞ւրքը ամայացրեց…Ո՞ւմ ձեռքով ամայացավ այս շեն գյուղը, որը շեն գյուղ էր 100 տարի առաջ, եկեղեցին էլ պայծառ, և եկեղեցու քահանա էր Տեր Թադևոսը, որը գեներալ, Շուշին ազատագրող Արկադի Տեր- Թադևոսյանի պապն էր: Շեն գյուղ էր ` իր քահանայով, իր ամեն ինչով, թուրքը այստեղ չմտավ, ո՞վ ամայացրեց այս գյուղը, ավերակի վերածեց այս գյուղը, այս եկեղեցին. մենք մեր ձեռքով և այս 24 տարիների մեջ անկախության մեկ քայլ չենք կատարել, որ այս գյուղը շենանա: Ընդհակառակը էս 24 տարիների ընթացքում եղած ընտանիքներն էլ լքեցին և հեռացան, որովհետև էս սահմանային ռեժիմ կոչված անմտությունից մարդիկ հոգնեցին: Երբ ասում եմ սահմանային ռեժիմ, բնավ չեմ մեղադրում սահմանապահներին, չկարծեք, թե սահմանապահներին ուղղված որևիցե մեղադրանք կա, բացարձակապես, սահմանապահները իրենց պարտականություններն են կատարում ըստ այն օրենքի, որ իրենց տրված է: Իսկ ո՞վ է տվել այդ հիմար օրենքը, մեր երկիրը արդեն փոքր է և այս հսկայական տարածքը արգելապատնեշի հետևում է, ռուս սահմանապահները չեն մեղավոր , մերոնք են մեղավոր, մենք ենք մեղավոր, մեր Ազգային ժողովն է մեղավոր, որ ընդունել է օրենք սահմանային այս ռեժիմի մասին, որի պատճառով ի վիճակի չենք անգամ գալու, մեր մայրաքաղաքը տեսնելու մեր եկեղեցում աղոթելու», -նեղվեց Սրբազանը:

Սրբազանի ամբողջական խոսքը`  տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ուրեմն դեպի Ռուսաստանի ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈւԹՅՈւՆ…ՈւՌԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ….

  2. Սամվել says:

    Ես լավ ճանաչում եմ Միքայել Աջապահյանին, նա այն մարդկանցից է, որոնց կարելի է սպանել, բայց հաղթել՝ ոչ: Նա մենակ ցունամու դեմ է ելել այն ժամանակ, երբ բացարձակապես ոչ մի առումով թիկունք չունի: Նա որպես բյուրեղյա մաքրություն ունեցող մարդ, դատապարտված է ապրել թշնամիներով ու երեսապաշտներով շրջապատված, կռվելով ակնհայտ ու աներևույթ թշնամիների դեմ: Ես չեմ էլ կասկածում, որ եկեղեցում էլ են նրա դեմ մեքենայություններ սարքում, ոչինչից պրոբլեմներ սարքելով: Նրա միակ դաշնակիցը իր խելքն է, միակ խորհրդականը ինքը և միակ հենարանը էլի ինքը: Ի՞նչ կարող է անել մեկ մարդը, շրջապատված ազգադավ ու անուղեղ կառավարությամբ, քրեական կանոններով ղեկավարվող քաղաքապետարանով ու ամորֆ ու աղքատ ժողովրդով: Ոչ մի բան: Ու սա է մեր ազգի ողբերգությունը: Հոգնել եմ ես կեծղ կուռքերի դեմ մոմեր վառելուց, բայց խեղճ Միքայելը հլա վառում է, չունենալով ոչ մի շանս…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30