ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձն Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ
Հողային ռեսուրսների դեգրադացիան, որը տեղի է ունենում կամ սաստկանում կլիմայի փոփոխության պատճառով, ոչ միայն վտանգ է կենսամիջոցների համար, այլև սպառնալիք՝ ուղղված խաղաղությանն ու կայունությանը: Նախազգուշացնող նշանները պարփակված են անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող՝ ավելի բերրի հողերի համար մրցակցող ֆերմերների հակամարտությունում և սակավացող ջրային ռեսուրսների համար համայնքների միջև մղվող պայքարում: Անապահովության ախտանշանները տեսանելի են պարենի համաշխարհային շուկայի անկայունության մեջ, ներքին տեղահանություններում և զանգվածային միգրացիայում:
Թեպետ հողային ռեսուրսների դեգրադացիան առանձնակի սրությամբ զգացնել է տալիս աշխարհի չորային տարածքներում, սակայն շուրջ 80 տոկոսն ի հայտ է գալիս այս տարածքներից դուրս: Ավելի քան 1,5 միլիարդ մարդ գոյատևում է դեգրադացիայի ենթարկվող հողերում, նրանց մեծ մասը՝ մանր ֆերմերներ: Կլիմայի փոփոխությունն ուղղակիորեն ազդում է նրանց արտադրողականության վրա: Շատ տարածաշրջաններում քաղցրահամ ջրի պաշարները պակասում են, բերքատու հողատարածքները՝ փոփոխվում, իսկ բերքատվությունը՝ նվազում:
Կանխատեսվում է, որ ամբողջ աշխարհում անկանխատեսելի և ծայրահեղ եղանակը էլ ավելի մեծ ազդեցություն կունենա մթերքի արտադրության վրա: Աշխարհի բնակչության աճի պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ջանքերի գործադրումը բոլոր բերքատու հողային ռեսուրսների և դրանցից կախված համայնքների դիմակայունության մեծացման ուղղությամբ: Պետք է կարողանանք կառավարել հողի կայունությունը, խուսափել հետագա դեգրադացիայից և վերականգնել ու բուժել այն, ինչ վնասվել է: Ավելի քան 2 միլիարդ հեկտար հող վերականգնման և բուժման ներուժ ունի: Հարկ է գործողություն ձեռնարկել՝ արագացնելու այդ տարածքների վերականգնումը:
Կարդացեք նաև
Դեգրադացիայի ենթարկվող հողային ռեսուրսների վերականգնումը բազմաթիվ օգուտներ կտա: Մենք կարող ենք կասեցնել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցությունները, արտադրել ավելի շատ սննդամթերք և թուլացնել ռեսուրսների համար ընթացող մրցակցությունը: Կարող ենք պահպանել էկոհամակարգի կենսականորեն անհրաժեշտ գործառույթները, որոնցից է խոնավության կուտակումը, ինչը պաշտպանում է մեզ ջրհեղեղներից կամ երաշտներից: Իսկ հողերի վերականգնման համապարփակ և լայնամասշտաբ մոտեցման արդյունքում կարող են ստեղծվել նոր աշխատատեղեր, գործարար հնարավորություններ և կենսամիջոցներ, ինչը հնարավորություն կտա բնակչությանը ոչ թե սոսկ գոյատևել, այլև բարգավաճել:
Անապատացման դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա թեման է՝ «Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»: Դա հնարավո՛ր է իրականացնել, ինչպես ցույց են տվել Բուրկինա Ֆասոն, Նիգերիան և Մալին, որոնք վերականգնել են ավելի քան 5 միլիոն հեկտար դեգրադացիայի ենթարկված հող: Եկե՛ք ոգեշնչվենք այս և այլ օրինակներից ու պաշտպանենք և խնամենք հողը՝ այս ու ապագա սերունդների համար: