Լրահոս
Օրվա լրահոսը

Լիտվայի դեսպանը՝ Ծառուկյանի բարեգործությունների մասին

Հունիս 16,2014 14:34

Այսօր ՄԱԱ ակումբում Aravot.am-ը ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասից հետաքրքրվեց՝ վերջերս Դուք հանդիպել եք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ եւ ըստ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության, ասել եք, որ շատ եք լսել Գագիկ Ծառուկյանի բարեգործությունների մասին: Մեր հարցին, թե կոնկրետ ո՞ր բարեգործությունները նկատի ունեք, ի՞նչ եք լսել՝ դեսպանը պատասխանեց. «Ես հանդիպել եմ ե՛ւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Այդ ինֆորմացիան բարեգործության մասին մեզ գալիս է հենց դեսպանատնից: Օրական 100-120 մարդ է գալիս: Մենք շփվում ենք նրանց հետ, ոմանք գնում են արտերկիր՝ բուժման նպատակով, լուրջ հիվանդություններ են ունենում եւ նրանցից շատերն ասում են, որ Գագիկ Ծառուկյանը, նրա հիմնադրամը օգնում է՝ իրենց առողջական խնդիրների լուծման համար: Մշակութային միջոցառումների, փառատոների համար էլ Գագիկ Ծառուկյան հիմնադրամն օգնում է»:

Դեսպան Էրիկաս Պետրիկասը հարցին, թե ՆԱՏՕ-ՌԴ հակամարտության սրում նկատո՞ւմ եք, ի՞նչ վտանգ եք տեսնում այդ առումով՝ պատասխանեց. «ՆԱՏՕ-ն ավելի շատ անվտանգության խնդիրներին է ուշադրություն դարձնում: Մենք տեսնում ենք վտանգներ, որոնք այսօր Ուկրաինայում են տեղի ունենում: Աշխատում ենք, որ ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի, դա ամենակարեւորն է ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ ՌԴ-ի ապագայի համար»:

Հարցին՝ Ուկրաինայի հետ կապված ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարությունները որքանո՞վ են իրական՝ դեսպանը պատասխանեց. «Եթե խոսենք ինչ-որ ծայրահեղ միջոցների մասին, ես չեմ կարծում, որ այսօր դրանք ռեալ են: ԵՄ-ի 28 երկրներից մեկն է, փոքր երկիր ենք, ինչպես Հայաստանը, չնայած 10 տարի է՝ ԵՄ կազմում ենք: Դուք շատ լավ հասկանում եք, որ գտնել լուծումներ միշտ չէ, որ հեշտ է, քանի որ կան տարբեր շահեր, տարբեր հետաքրքրություններ եւ տարբեր պատմական պահեր: Մենք աշխատում ենք, որ ընկերական հարաբերություններ ունենանք: Մեր բոլոր հարեւանները՝ Կալինինգրադի շրջանը, Բելառուսը, Լեհաստանը, Լատվիան, իրենք մեր հարեւաններն են, մենք նրանց հետ պիտի ապրենք: Կարծում եմ, պատժամիջոցներ կիրառելը ժամանակավոր լուծումներ են»:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությանը՝ դեսպանն ասաց, որ Հայաստանը ներդրումների համար հետաքրքիր շուկա կարող է լինել, օրինակ, ինֆորմացիոն տեխնոլոգիաները այն ոլորտն են, որտեղ Հայաստանը շատ կարեւոր դեր ունի, տուրիզմը նույնպես հետաքրքիր ոլորտ է:

Դեսպանը պատմեց, որ 10 տարի առաջ, երբ դեռ նոր էր Լիտվան մտնում ԵՄ, բնակչության 98 տոկոսը կողմ է եղել, հիմա կողմ է բնակչության 68 տոկոսը, որովհետեւ մի մասը կարծում է, որ ԵՄ անդամակցությունից հետո կյանքը դժվարացել է:

Հարցին՝ Վիլնյուսի գագաթաժողովին անցյալ տարի պաշտոնական Երեւանը չնախաստորագրեց Եվրաասոցացման համաձայնագիրը եւ հուլիսի 13-ին պատրաստվում է Եվրասիական միություն մտնել, որպես 10 տարվա ԵՄ անդամակցություն ունեցող երկիր՝ ի՞նչ խորհուրդ կտաք՝ դեսպանը պատասխանեց, որ Վիլնյուսի գագաթաժողովը համագործակցության համար ճանապարհ բացեց: Բացի այդ, շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրվեց. «Հայաստանը շատ մեծ աշխատանք է տարել՝ ԵՄ-ի հետ համագործակցության, ԵՄ ասոցացման համաձայնագրի համար, եւ դա այդ փաստաթղթում ամրագրվել է: Մենք հիմա փնտրում ենք համագործակցության այն ոլորտները, որոնք չեն խոչընդոտի նրան, որ Հայաստանը մտնում է Եվրասիական միություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30