Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. Ոստիկանությունը որոշել է անձանց ազատությունից զրկել, հետո նոր մտածել, թե ինչի՞ համար

Հունիս 16,2014 14:21

«Մեր նպատակն է, որ ամեն ինչ անենք՝ այդ շենքը չքանդվի, չտեղափոխվի»,- այսօր՝ հունիսի 16-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահագն Գեւորգյանը:

Նա նշեց, որ նախաձեռնության անդամները, տեսնելով՝ Աֆրիկյանների ակումբի շենքը ցանկապատել են, հունիսի 9-ին որոշել են այդ ցանկապատն ապամոնտաժել: Ակտիվիստի խոսքերով՝ մինչեւ վերջին պահը ոստիկանները հետեւում էին իրենց գործողություններին, եւ երբ Տերյան փողոցի կողմից բոլոր ցանկապատները հեռացվել էին, դրանից հետո իրեն բերման ենթարկեցին՝ «Ոստիկանությունը համբերատար սպասել է, որ ապամոնտաժումը ավարտվի եւ միայն դրանից հետո անցել է բերման ենթարկելու գործին»:

«Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ ոստիկանությունը այդ քայլերին է դիմել, քանի որ հասկացել է՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթները հյուծող են եւ անհեռանկար: Նա նշեց, որ Կոմիտասի 5-ի, դեկտեմբերի 2-ի դեպքերից հետո է ոստիկանությունը դա հասկացել եւ Վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստների 150-ից ավելի գործ կա.

«Որքան էլ մենք դժգոհ լինենք, համաձայն չլինենք, բավարարված չլինենք վարչական դատարաններից, այնուամենայնիվ, այդ դատարանը չի ստեղծվել սովետական արմատի վրա՝ նոր ստեղծված դատարան է եւ ինչ-որ չափով տարբերվում է նախկին սովետական ժառանգություն հանդիսացող այսօր քրեական գործեր քննող դատարանից: Այստեղ ոստիկանության համար «լուրջ խնդիրներ» կան, ուստի ոստիկանները դիմել են այս եղանակին՝ քրեական գործ հարուցելու եւ ամեն ինչ գաղտնիության քողի տակ թաքցնելու»:

Նրա խոսքերով՝ Հայաստանում նախ եւ առաջ ոստիկանությունը որոշել է անձանց ազատությունից զրկել, պատասխանատվության ենթարկել, հետո նոր մտածել, թե ինչի՞ համար: Պարոն Զեյնալյանի խոսքերով՝ Վահագն Գեւորգյանի դեպքում պահպանված չեն ո՛չ վարչական կարգով ազատությունից զրկելու ընթացակարգը, ո՛չ էլ քրեական կարգով, եւ ոստիկանության գործողություններն օրինական չեն: Նա հայտարարեց, որ քաղաքացիները իրավունք ունեն մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարմանը, որոշումների կայացմանը, իսկ դրա համար պետք է լինեն որոշումների ընթացակարգեր.

«Երբ բարձրագույն կրթությամբ, դաստիարակված երիտասարդները նման քայլի են գնում, ապա սա լուրջ ազդակ պետք է լինի, որպեսզի վերանայվի այս որոշումը: Կարծում եմ՝ երիտասարդներն առողջ մարդիկ են եւ հասարակության լիարժեք անդամ են, հասարակության հարգող անձինք են, եւ իրենք այս քայլով ուշադրությունը հրավիրում են խնդրի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30